Գլխավոր » Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ Ի ԴԵՄՍ ԼՂՀ-Ի ՏԵՍԱՆ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 8, 2013թ. 22:57

Արա պապյանՕրերս ԼՂՀ-ում կազմակերպվեց <Արցախահայության ազգային ազատագրական պայքար.Գյուլիստանից մինչև մեր օրերը> խորագրով միջազգային գիտաժողով, նվիրված արցախահայության ազգային ազատագրական պայքարին՝ Ղարաբաղյան շարժման 25 ամյակին:Ներկա էին անվանի գիտնականներ՝ պատմաբաններ, քաղաքագետներ, իրավագետներ աշխարհի տարբեր երկրներից:
Ի?նչ դեր ունեցավ միջազգային գիտաժողովը արցախյան հիմնախնդիրը խորությամբ ներկայացնելու տեսանկյունից. հարցի շուրջ <Հայոց Աշխարհ>-ը զրուցեց քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ

Հաճախ մեզ թվում է, թե աշխարհն անհրաժեշտ չափով տեղեկացված է մեր խնդիրներից, ու մասնավորաբար, արցախյան հիմնախնդրից: Բայց իրականությունն այլ է, ինչը և ցույց տվեց այս գիտաժողովը: Արևմտյան հայտնի մասնագետները խոստովանեցին, որ միայն այստեղ բացահայտեցին, որ ԼՂ Հանրապետությունում ապրում են ազգությամբ հայեր, որոնք ձևավորել են իրենց իշխանությունը ու երկրի տերն են: Իրազեկվածության առումով ի?նչ տվեց գիտաժողովը, և ի?նչ նոր <բացահայտումներ> արեցին հյուրերը:

-Իսկապես, մեզ թվում է, թե աշխարհն այդ հարցերից իրազեկված է, բայց աշխարհի մեծ մասն անգամ Հայաստանի տեղը չգիտի, ուր մնաց տեղյակ լինի ԼՂ հիմնախնդրից: Այդ անտեղյակության հետևանքն էր, որ գիտաժողովի մասնակիցներից շատերը գիտեին, թե Ղարաբաղում ապրել է 800 000 ադրբեջանցի և 800 000-ն էլ արտաքսվել են: Բայց իրողությունն այն է, որ նման թվաքանակով ադրբեջանցիներ Ղարաբաղում երբեք չեն ապրել, այդ թվում և նրա մաս կազմող ազատագրված տարածքներում: Ավելին, արևմտյան մասնագետներից քչերին էր հայտնի, որ հե՛նց ադրբեջանցիներն են նախահարձակ եղել, Ղարաբաղն էլ լքել են պատերազմի հետևանքով: Հետաքրքիր էր նաև այն, որ երբ գիտաժողովի ժամանակ խոսվեց Մադիրդյան սկզբունքներից, օտարերկրյա քաղաքագետները մեզ հարց ուղղեցին՝ ադրբեջանցիները Շուշիից ռմբակոծել են Ստեփանակերտ քաղաքը, ուրեմն, այդ մարդիկ հանցագործներ են, և հիմա, եթե մադրիդյան սկզբունքներն ընդունվեն, ինչպե?ս կարող եք դուք՝ հայերդ, թույլ տալ, որ այդ հանցագործները Արցախ վերադառնան: Այսինքն, փաստերին տեղեկանալով հենց նրանք էին շատ հարցերում մնում զարմացած: Անտեղյակություն կար և հետևյալ հարցի առնչությամբ. զեկույցս Ղարաբաղի միջազգային կարգավիճակի մասին էր և ես փաստերով ներկայացրի, որ Ղարաբաղը երբևէ չի եղել Ադրբեջանի մաս, եղել է ԽՍՀՄ կազմում՝ Ադրբեջանի վարչական ենթակայության ներքո, բայց ոչ թե Ադրբեջանի կազմում, ի վերջո, այդ նույն Ադրբեջանը ԽՍՀՄ կազմում էր, և երբ Խորհրդային միությունը տրոհվեց, Ադրբեջանի Սովետական սոցիալիստական հանրապետության տարածքում առաջացան երկու պետական միավորումներ՝ Ադրբեջանի և ԼՂ հանրապետությունները: Ներկաները համոզվեցին, որ այս կարևոր փաստին չեն տիրապետել:

Իսկ մասնակիցների մոտ ձևավորվե?ց այն համոզմունքը, որ ԼՂՀ ապագայի որոշողը Ղարաբաղի ժողովուրդն է, ով ունի ինքնիշխան ապրելու իրավունք, հետևաբար, բանակցային գործընթացում չի կարող արձանագրվել ռեալ տեղաշարժ, քանի դեռ որպես բանակցային կողմ չի մասնակցում ԼՂՀ իշխանությունը:

-Այո, դա լիովին հասկանալի դարձավ ներկաների համար: Մարդիկ ասում էին, որ ԼՂՀ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններն անպայման պետք է մասնակցեն բանակցություններին ու խոսեն Ղարաբաղի ժողովրդի անունից: Բացի այդ, նրանք պարբերաբար շեշտում էին, որ ԼՂՀ-ն ավելի բարձր ժողովրդավարություն ունեցող երկիր է, քան Ադրբեջանը: Դա հյուրերի համար ակնհայտ իրողություն էր, քանի որ իրենց աչքով տեսան Արցախի ու Ադրբեջանի տարբերությունը: Մի շատ հետաքրքիր հարց ևս հնչեց՝ ի?նչ է նշանակում Մադրիդյան սկզբունքներ ասվածը: Ուշագրավ էր այն, որ հենց արևմտյան մասնագետները <բացահայտեցին>, որ դա այլ բան չէ, քան վերադարձ ստալինյան սահմաններին, նաև ստալինյան իրողությունների վերադասում միջազգային իրավունքից ու մարդու իրավունքներից:

Հայտնի է, որ կարծիքներ են հնչել, թե անհրաժեշտ է նոր ելքեր փնտրել. Մադրիդյան սկզբունքների անհասկացվածությունն է?ր նման կարծիքների տեղիք տվել:

-Ինչու՝ ոչ: Գիտեք, այն, ինչ այսօր դրված է բանակցային գործընթացի հիմքում, այսինքն, ինքնորոշման իրավունքի սկզբունքը, նշանակում է՝ ի սկզբանե ընդունել, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է և ղարաբաղցիները ցանկանում են ինքնորոշվել: Բայց երբ մարդիկ տեղեկանում են իրողությանը, փաստերին, այլ հարցեր են բարձրացնում: Օրինակ, բազմիցս հնչեց, թե ի?նչ կապ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասվածը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Բացի այդ, արևմտյան մասնակիցներից շատերը ժամանակին եղել են Ադրբեջանում ու տեղյակ են, որ մի քանի 100 հազար ադրբեջանցու երկրի իշխանությունները ներկայացնում են իբրև ղարաբաղցի փախստականներ, հետևաբար, ոչ մի կերպ չէին հասկանում, թե ինչպե?ս է լուծվելու, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձի խնդիրը:

-Հաջողվե?ց իրազեկել գիտաժողովի մասնակիցներին, որ սպառազինվող Ադրբեջանը մեծ վտանգ է ոչ միայն Ղարաբաղի, այլև տարածաշրջանի համար:

-Իմ տպավորությամբ՝ այո, նրանք շատ բան հասկացան: Ե՛վ իմ անձնական զրույցներում, և՛ ելույթ ունեցողները նշում էինք, որ Ադրբեջանի զինուժի կողմից անիրագործելի է այն խնդիրը, որն այսօր իր առաջ է դրել այդ երկրի իշխանությունը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի նվաճում: Այսինքն, հինգ գյուղ գրավեն, թե մեկը, միևնույն է, դա չի կարող լուծել հիմնախնդիրը, հակառակը, այն ավելի կթեժացնի լարվածությունը: Հետևաբար, պատերազմի միջոցով հարց լուծելն անհնարին է: Ի դեպ, գիտաժողովում մի քանի անգամ պարզորոշ հնչեց և այն միտքը, որ մենք կարող ենք համարժեք պատասխան տալ Ադրբեջանի հնարավոր սադրանքներին: Արևմտյան մասնագետները գիտակցում էին, որ Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սանձազերծումը կհանգեցնեն նախ հումանիտար աղետի, քանի որ դրա հետևանքով կզոհվեն հսկայական թվով մարդիկ, կլինեն վիրավորներ ու գաղթականներ, ապա կվերաճի էկոլոգիական աղետի, չմոռանանք, նավքամուղերի ու գազամուղերի գոյության մասին: Այնպես որ, դա լավ հասկանալով, արևմտյան քաղաքագետները մտածում էին, եթե խնդրին ինչ-որ լուծում պետք է տալ, ապա դա պատերազմից խուսափելն է:

-Ի դեպ, Բելգիայի ներկայացուցիչներից մեկն անկեղծացել է, թե իրենք միայն այստեղ՝ Ղարաբաղում տեղեկացան, որ <Ադրբեջանը սարսափելի զինվում է>, հետևաբար, վերադառնալով շտապելու են ինչ- որ քայլեր ձեռնարկել այս զգայուն տարածաշրջանը հնարավոր պատերազմից զերծ պահելու համար:

-Նա շատ անկեղծ էր իր խոսքում, իսկ որտեղի?ց պետք է բելգիացին իմանար Ադրբեջանի սպառազինության մասին, երբ ինքներս չենք նպաստում այդ իրազեկվածությանը: Մենք Ադրբեջանի սպառազինվածության մասին քանի? գրքույկ ենք տպագրել ու ներակայացրել Արևմուտքին: Ոչ մեկը: Ի վերջո, սպառազինումը ևս ստանձնած պարտավորությունների խախտում է, որքան ուժի կիրառումը, չէ՞ որ, երբ զինադադար կնքեցինք, պարտավորություններից մեկը ուժի չկիրառման հետ մեկտեղ նաև ուժի սպառնալիքի բացառումն էր: Այս ամենով հանդերձ, կարևոր էր, որ արևմտյան մասնագետները՝ ի դեմս ԼՂՀ-ի, տեսան կայացած հանրապետություն և հասկացան, որ դրանից ցանկացած նահանջ կհանգեցնի տարածաշրջանի ապակայունացման: Հետևաբար, հասկացան, որ այստեղ ապրող մարդկանց ամենից շատ խաղաղություն է հարկավոր:

Գիտաժողովը ոմանք գնահատեցին պատմական. այն, իրո?ք, նման դերակատարում ունեցավ:

-Պատմական ասելը չափազանցված կլինի, բայց այս քայլով մենք առաջընթաց գրանցեցինք: Չնայած մեկ գիտաժողովով հարցը չի լուծվում: Ի վերջո, գիտաժողովի մասնակիցները փոքրաթիվ են լինում, իսկ մենք չենք կարող բոլոր եվրոպացիներին բերել Արցախ ու մեկ առ մեկ ներկայացնել ճշմարտությունը, ուրեմն, պետք է մտածել նաև այլ ուղիներով այն տեղ հասցնելու մասին. կլինի գրքերի տեսքով, ելույթների, թե ֆիլմերի: Առաջարկությունս է՝ յուրաքանչյուր հարց, ասենք, Ադրբեջանի սպառազինման փաստը, վերածել գրքույկի և ուղղարկել տարբեր երկրներ: Մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք համաշխարհային հանրության իրազեկման վրա, Արևմուտքում հասարակական կարծիքը լուրջ ազդեցություն ունի արտաքին քաղաքականության վրա, և սա մենք պետք է հաշվի առնենք:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն