Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՓՈԽԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ

Հոկտեմբեր 18, 2013թ. 21:40

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մինչեւ 2014-ի ապրիլի 20-ը հանրապետության նախագահին պետք է ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Այն հավանության արժանանալու դեպքում տասը ամսվա ընթացքում պետք է պատրաստվի բարեփոխումների նախագիծը:
Այս կապակցությամբ մենք զրուցեցինք «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻ հետ

-Ինչպես հայտնի է, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը տարբեր առաջարկների շարքում ուսումնասիրում է նաեւ ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի դեռ 2011-ին ներկայացրած առաջարկը, որը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես վերջին 10 տարում Հայաստանում բնակվելու վերաբերյալ սահմանադրական դրույթը փոփոխելուն։ Ինչո՞վ է պայմանավորված նման փոփոխության անհրաժեշտությունը:
-Անկեղծ ասած, ԵԱՀԿ-ի մոտեցումներն ինձ համար ամենեւին դոգմա չեն, առավել եւս հեղինակություն չեն, եւ ես չեմ պատկերացնում, թե ինչո՞ւ է այդ դրույթին այդչափ ուշադրություն դարձնում ԵԱՀԿ-ն, այն համարում անհամաչափ, մանավանդ առաջարկում վերանայել, կրճատել ժամկետը:
Դա ինձ զարմացնում է, եթե նկատի ունենանք, որ կան արեւմտյան երկրներ, ուր ավելի կոշտ մոտեցում կա այս հարցում: Այսինքն՝ անձը անպայման պետք է ծնված լինի տվյալ երկրում, որպեսզի իրավունք ունենա նախագահ դառնալու հայտ ներկայացնել: Այնպես որ, եթե պետք է վերանայվի սահմանադրական հիշյալ դրույթը, ապա կուզենայի, որ փոփոխությունը կատարվեր հօգուտ ժամկետի երկարաձգման՝ 10 տարին պետք է դառնա 30, 40 տարի ու հանգի Հայաստանի Հանրապետությունում ծնված լինելու պահանջին:
Վերստին անդրադառնալով ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի առաջարկին` ասեմ, որ սա նրա խնդիրը չէ, քանի որ ոչ ժողովրդավարության, ոչ էլ մարդու իրավունքների հետ կապ չունեցող հարց է: Իսկ մնացածը ենթադրությունների դաշտում են, թե նման պահանջ բարձրացնելով ի՞նչ նպատակ է հետապնդում այդ կառույցը: Մեր երկրի գլխավոր օրենքում փոփոխման արժանի շատ ավելի լուրջ դրույթներ կան, ու լավ կլինի, որ ԵԱՀԿ-ն դրանց ուշադրություն դարձնի:
-Հնչում են տեսակետներ, որ եթե իշխանությունն այժմ չառաջարկի անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, ապա ինչ փոփոխություններ էլ դրվեն սեղանին, դրանք չեն լինի խորքային:
-Իրոք, եթե արմատական, լուրջ փոփոխություններ չպետք է տեղի ունենան, ապա մանր-մունր փոփոխությունների համար պետք չէ հանրաքվե, դա լուրջ չի լինի: Բայց այլ հարց է, թե արմատական փոփոխություններ ասելով՝ ով ինչ է հասկանում, եւ արդյոք այդ առաջարկները կարո՞ղ են ընդունելի լինել:
Մասնավորաբար եթե խոսքը կառավարման համակարգ փոխելու մասին է, ապա այսօր լուրջ նախադրյալներ չեմ տեսնում այն փոխելու: Բնավ այն կարծիքին չեմ, որ Հայաստանում պետք է ներդրվի խորհրդարանական կառավարման մոդելը, հակառակը, կարծում եմ, որքան մեր երկրում շատ ընտրություններ կազմակերպվեն, այնքան մեծ շանսեր կունենանք հասնելու այն օրվան, երբ վերջնականապես կձեւավորենք նորմալ ընտրական համակարգ: Հետեւաբար ընտրական գործընթացից հանել ամենակարեւորը՝ նախագահի ընտրությունը, ճիշտ չէ:
-Ասացիք, որ մեր գլխավոր օրենքում կան փոփոխման արժանի առավել լուրջ դրույթներ, ի՞նչը նկատի ունեք, ի՞նչն է, որ մեզ չի բավարարում:
-Երբ 2005-ին փոփոխվեց մեր սահմանադրությունը, ես հանդես եկա ծավալուն հոդվածով ու ներկայացրի իմ դիտարկումները: Դրանք հիմա էլ արդիական են: Մասնավորապես մեծ նշանակություն եմ տալիս ընտանիքի հոդվածի փոփոխությանը:
2005-ին հոդվածի ձեւակերպումներում երկիմաստություն մտցվեց, եւ հիմա կանգնած ենք դրա վատ հետեւանքի առաջ՝ ի դեմս գենդերը սահմանող օրենքի: Կարծում եմ, որ սահմանադրական այդ հոդվածը պետք է լրջագույն փոփոխության ենթարկել ու հստակ ամրագրել ընտանիքի հիմքերը, դրանց տալով քրիստոնեական տեսք:
Երկրորդ՝ կարելի է խորացնել, զարգացնել հակակշիռների ու զսպումների համակարգը, այն ավելի հստակ դարձնել:
Երրորդ՝ տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է, ու կառաջարկեի փոփոխություն մտցնել նաեւ այդ գլխում: Պետք է երաշխիքներ ստեղծել, որ այդ համակարգը լինի անկախ, գործի ինքնուրույն: Լրջագույն խնդիրներ ունենք արդարադատության համակարգում:
Շատ կուզենայի, որ հանձնաժողովը ուշադրություն սեւեռեր նման խնդիրների վրա, միայն այդ դեպքում շոշափելի կդառնար նպատակը՝ քայլ առ քայլ ընթանալ արդյունավետ կառավարման համակարգ ունենալու ճանապարհով:
Ի դեպ, կարծում եմ, որ հանձնաժողովի կազմը պետք է շատ ավելի քաղաքական ներկայացվածություն ունենար եւ ոչ մասնագիտական: Այսինքն՝ պետք է ընդգրկված լինեին քաղաքական գործիչներ, իսկ իրավաբաններն ընդամենը պետք է քաղաքական որոշումների ձեւակերպումները տային:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն