Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԱՆԴՐԵՅ ՌՈՒԶԻՆՍԿՈՒ ԽՈՍՔԵՐԸ ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 2, 2013թ. 01:54

Դավիթ-Ջամալյան<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկին բացառիկ հայտարարությամբ հանդես եկավ, ասելով. <Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղում, ապա Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ռազմական գործողություններ կսկսի՝ համաձայն ՀԱՊԿ շրջանակում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների>: Առաջին անգամ ռուսական կողմը հրապարակավ խոսեց նաև Արցախի պաշտպանության անհրաժետության մասին: Ձեր գնահատականը:

-Հնչեց, իրոք, կարևոր հայտարարություն, ինչը վերստին փաստում է, որ երկու երկրները հավատարիմ են իրենց ստանձնած պարտավարություններին: Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա: Հայաստանը երբեք չի թաքցրել իր մտահոգություններն ու հստակ արտահայտվել է ՀԱՊԿ-ին անդամակցելու նպատակահարմարության, նաև հայ-ռուսական դաշինքից սպասվող ակնկալիքների մասին: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է Արցախի պաշտպանության երաշխիքների ստեղծմանը: Հայաստանի Հանրապետությունն իր ազգային անվտանգության ռազմավարության, ռազմական դոկտրինի մակարդակով իրեն հռչակել է արցախահայության գոյության և նրա ընտրած ուղու երաշխավոր: Այսինքն, ագրեսիա Արցախի դեմ, նշանակում է ագրեսիա Հայաստանի Հանրապետության դեմ: Եվ սա պարզ էր բոլորին, այդ թվում և Ռուսաստանին, դեռևս այն պահից, երբ մենք ակտիվացրինք մեր գոծունեությունը ՀԱՊԿ շրջանակներում: Այսինքն, Հայաստանն անկեղծ է եղել իր դաշնակիցների հետ հարաբերություններում ու բացահայտ ասել է իր մտահագությունների և դրանից բխող մտադրությունների մասին: Այս իմաստով, ռուս գնդապետի խոսքում ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Ավելին, ուրախ եմ, որ մեր ռազմավարական գործընկերը ճիշտ է հասկանում հայկական կողմի մտահոգությունն ու իր հավատարմությունն արտահայտում պայմանագրային պարտավարություններին:

Այնուհանդերձ, զինվորականի խոսքը դիտարկվեց որպես ռուսական քաղաքականության փոփոխություն, արդյո՞ք այդ փոփոխությունը կապված չէ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցման հետ, ի վերջո, երկրի նախագահը բազմիցս է հայտարարել, որ անդամակցման հիմքում ընկած է անվտագության խնդիրը:

-Չեմ կարծում, որ որևէ մեկի համար գաղտնիք է, կամ անակնկալ, որ Հայաստանն իր անվտանգության նկատառումներից ելնելով առավել սերտացնում է իր հարաբերությունները ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ: Հայաստանն ու Ռուսաստանը մեկմեկու համար կարևոր, օգտակար երկրներ են, ի դեպ, Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր է նաև հայապատկան Արցախով: Վստահ եմ, որ ռուսական կողմի համար ձեռնտու է ուժեղ Հայաստանի գոյությունը: Մեր հեռահար շահերը համընկնում են, զուգահեռվում, ինչն էլ երկու երկրների միջև կնքած դաշինքը դարձնում է առավել արդյունավետ, դարձնում գործընկերային:

Ռուզինսկին խոսելով այն մասին, թե ռազմաբազայի ուժերը թույլ կտան լուծելու իր առջև դրված խնդիրները, թվարկում է նաև, թե ինչպիսի զինատեսակներով է հարուստ ռազմաբազան, ի ցույց դնելով նրա հզորությունը, դրանով կարծես ընդգծելով՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը հուսալի ձեռքերում է:

-Իրոք, վերջին տարիներին ռազմաբազան անընդհատ արդիականացվել է նորագույն տեխնիկայով: Սա ապացուցում է, որ ռուսական կողմը կարևորում է իր ներկայությանը Հայաստանում: Եղած հզորություններն, իրոք, թույլ են տալիս հավակնել շատ լուրջ մարտական խնդիրների լուծման: Բայց սրանով հանդերձ, բազմիցս ասել եմ ու դարձյալ կրկնում եմ, մեր հույսը մենք ենք ու մեր ուժերը: Ուժեղի հետ են դաշնակցում, և եթե չունենայինք այն զինված ուժերը, այն ռազմական պոտենցիալը, որպիսիք ունենք այսօր, բնականաբար, հրապուրիչ դաշնակից չէինք լինի որևէ կողմի համար: Այնպես որ, հակառակորդին խաղաղություն պարտադրելու ռեսուրսի առումով, ինչպես ասում են, ամեն ինչ նորմալ է: Մեր բանակի մարտունակությունն ու հզորությունը, դրան զուգահեռ նաև հայ-ռուսական ռազմական դաշինքի ընձեռած հնարավորությունները թույլ կտան մեզ ոչ միայն արդյունավետորեն պաշտպանվել, այլև անհրաժետության դեպքում ստիպել թշնամուն զիջել տարածքներ:

Չե՞ք կարծում, որ ռուս գեներալի խոսքը, այս առումով, հստակ մեսիջ էր ուղղված Ադրբեջանին:

-Անկասկած, որպեսզի տաք գլուխները մի փոքր սթափվեն: Այն նաև բացառում է հնարավոր ագրեսիայի հեռանկարը: Բայց այս ամենով հանդերձ, պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը չի դադարեցնելու իր սպառազինումը, չի դադարելու պատրաստվել պատերազմի: Ու չնայած նման հայտարարություններով լրացուցիչ երաշխիքներ ենք ստանում մեր անվտանգության ամրապնդման առումով, բայց պետք չէ տրվել պատրանքների, կարծել, թե դրանով մեր բոլոր հարցերը լուծված են:

-Հարևան երկրի իշխանությունները հայտնի են իրենց անզուսպ հակադարձումներով, ու զարմացնող է այն <զսպվածությունը>, որ այս հարցում դրսևորում է Ադրբեջանը՝ չարձագանքել ռուս գեներալի խոսքերին:

-Որովհետև դա նրանց համար սառը ցնցուղ էր, երբևէ բաց տեքստով նման խոսքեր չէին հնչել: Ադրբեջանն իր քարոզչական կոնցեպցիան կառուցել է հետևյալի վրա՝ ՀԱՊԿ-ն ու հայ-ռուսական դաշինքն առնչվում է միմիայն Հայաստանի Հանրապետությանը, և որ հայ-ռուսական պայմանավորվածությունները Արցախի վրա չեն տարածվում: Մինչդեռ հայտարարությունը հակառակն է փաստում:

-Կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք, որը չպետք է շրջանցել, խոսքս Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի կանխման մասին է: Չնայած Ռուզինսկին այս առնչությամբ ոչինչ չի ասում, սակայն խնդրին անդրադարձել է ՀԱՊԿ պառլամենտական բաղադրիչի պատասխանատու Ա.Վինիդիկտովն ու ասել, թե իրավիճակը թելադրում է ընդունել <ինչ-որ ընդհանուր որոշում, որով ՀԱՊԿ երկրին կարգելվի զենք վաճառել երրորդ երկրի>: Խոսքերը, կարծես, հուսադրող են:

-Գնահատելի է, որ ռուսական կողմում հասունանում է գիտակցումը՝ չի՛ կարելի թուլացնել դաշնակցին, որ Հայաստանի նման դաշնակցի անվտանգության թուլացումը ոչ միայն հակասում է երկու երկրների հարաբերությունների ոգուն, այլև վնասում է հենց Ռուսաստանի շահերին: Ուրեմն, մեր ռուս գործընկերները ճիշտ են ընկալում մեր մտահոգությունները և պատրաստակամ են մինչև վերջ տեր կանգնելու դաշնակցային պարտավարություններին: Սրանով նաև ցրվում է այն բացասական տրամադրությունների ոչ տեղին մթնոլորտը, որ երբեմն դրսևորվում է հայ-ռուսական հարաբերություններում: Սա նաև էական զսպիչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի ռազմամոլ շրջանակների վրա: Բայց ես չեմ ուզում տրվել պարտրանքներին, մեզ համար կարևորն, նախ այն, որ ստեղծել ենք հուսալի ռազմաքաղաքական միջավայր, ինչը մեզ տալիս է լրացուցիչ անվտանգության երաշխիքներ, և երկրորդ, պետք է հենվենք սեփական ուժերի վրա: Այս առումով, հիշեցնեմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հռչակած՝ փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու կոնցեպցիան: Սա արտաքին սպառնալիքներին հակազդելու ամենաարդյունավետ միջոցն է, որը ենթադրում է երկրի ռեսուրսների արդյունավետ օգտագործում: Իսկ հայ-ռուսական ռազմական դաշինքը ստեղծում է այն ռազմաքաղաքական պարարտ հողը, որտեղ կարող ենք կենսագործել մեր նախարարի հռչակած կոնցեպցիան և սեփական ուժերն առավել ճիշտ օգտագործել Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն