«ԴՈՒՇՄԱՆ» ՎԱՐԴԱՆԸ՝ ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՐՏԻԿ
Հայրենասիրության սուրը վսեմագույն անձնազոհության
գիտակցումն է, որ շարժվելիս շրջապատը ողողում է կյանքի լույսով:
«Մատյան արևագալի»
Վարդան Ռոբերտի Ստեփանյանը ծնվել է 1966թ. մարտի 9-ին, Երևանում: Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել գրադարանում, ուր մայրն էր աշխատում: Գրքեր, գրքեր, գրքեր: Շրջապատված էր Թումանյանով, Չարենցով, Շիրազով, մեծանում էր գրքերի աշխարհում, խաղում էր դրանցով: 1973-ից հաճախում է Երևանի Հ. Թումանյանի անվան թիվ 32 դպրոցը: Սովորում է բարձր առաջադիմությամբ ու միշտ արժանանում գովասանքների: 1983թ. դպրոցն ավարտելուց հետո աշխատում է նուրբ-բրդյա գործվածքների ձեռնարկությունում և 1984թ. կամավոր մեկնում է Աֆղանստան: Պատերազմը ձգում է նրան ու պարգևում մարտարվեստի գաղտնիքներ ու փորձ: Կանդահարի զորամասում նա հրամանատարների համար բացահայտում է ռազմաշունչ հատկությունները, ցանկությունն ամեն ինչ իմանալու, տեսնելու, զգալու, մարտի մեջ առաջինը լինելու: 1986թ. զորացրվում է և ընդունվում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Սկսվում է Արցախյան շարժումը: Մտավորականի պահվածքով ուսանողն անմիջապես կողմնորոշվում է դեպի զինված պայքար: Աֆղանստանցի տղաներից նա առաջինն էր, որ մտավ շարժման մեջ: Սկսեց ժայռամագլցումով զբաղվել: Երկրաշարժի օրերին մեկնեց Լենինական և նորից աչքի ընկավ` փրկելով 12 կյանք: Ծանոթանալով «Հայ դատի» տղաներին` նրանց հետ Գորիսից ոտքով զենք ու զինամթերք տեղափոխեց Բերդաձոր: Հետո ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ ստեղծեց «Ասպետ» ռազմականացված դպրոցը, ուր կռվող տղաներ էին մարզում:
Արդեն թափ էին առնում պատերազմական գործողությունները, Երասխի, Ասկերանի, Շահումյանի մարտերը: Վարդանը տարերքի մեջ էր: Ընկերները նրան մկրտում են «Դուշման» անունով: «Դուշմանը» Արցախում առաջինն է փորձում «Ալազանը»: Մի քանի ամսով մեկնում է Ռուսաստան ` զենք հայթայթելու: Դուշմանին անմիջապես ճանաչում էին, նրա հավատի առաջ, որ Շուշին շուտով կազատվի թուրքերից` ընկրկում: Դուշմանի մասին լեգենդներ են հյուսվում: Շահումյանի հետախուզության պետ եղած ժամանակ նա, թշնամու շորեր հագած, անցնում էր սահմանը: Հերոսական էին նրա բոլոր մտահղացումներն ու իրականացումները: Եղավ հաղթանակների շարքը: Դուշմանը նորից առաջինների մեջ էր Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Զառիլսուի, Բերդաձորի, Լաչինի ազատագրման ժամանակ:
Միասնական ազգի ու միասնական հայրենիքի երազանքն ուներ, ուզում էր Շուշիում տուն ունենալ: Նրա համար մեծությունները Նժդեհն ու Նիկոլ Դումանն էին:
Շռայլ էր եղել բնությունը Դուշմանի հանդեպ` միաժամանակ օժտելով բազում հատկություններով, համատեղելով մտավորականին զինվորի հետ: Բանաստեղծ էր ու հետախույզ, ուսուցիչ ու զինվոր, բժիշկ ու հրամանատար, երգիչ ու քանգակագործ: Նրան կարելի էր ճանաչել և համարձակ մտքերից, և հատուկ «Լամբադա» կրակահերթերից..
…Զոհվեց 26 տարեկանում, 1992թ հուլիսի 3-ին Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի պաշտպանության ժամանակ, դավադիր ականի պայթյունից: Նրա հետ զոհվեցին Արմեն Երիցյանը (Երո) և Արայիկ Ավագյանը:
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1993թ. օգոստոսի 10-ի հրամանագրով Վարդան Ռոբերտի Ստեփանյանը հետմահու պարգևատրվում է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Թաղված է Եռաբլուրում:
Դուշմանի և Բեկորի (Աշոտ Ղուլյան, զոհված 1992թ. օգոստոսին) համբավը մեծ էր նաև թշնամիների մեջ, որոնք տեղեկանալով նրանց մահվան մասին` հանգստացել էին, ասելով, թե արդեն կարող են Արցախը վերցնել:
Անհնար է Դուշմանին ներկայացնել առանց նրա առյուծածին մոր` տիկին Զարիկի մասին խոսելու: Նա հայուհուն հատուկ հպարտությամբ ասաց. «Վարդանը միայն իմը չէ, այլ ազգինը: Նրա մայրն ավելի հայրենիքն էր, քան ես: Իսկ եթե նորից մայրանայի, նույն ձևով կդաստիարակեի նրան»:
Սիրով ներկայացնում ենք Դուշմանի թևավոր խոսքի արժեք ստացած մտքերը:
Հայ ասելով ես հասկանում եմ Եղեռն, Պայքար, Տառապանք և Վերակենդանացում:
Երանի այն մարդուն, որը Մասիս սարը տուն կբերի:
Հայ մեծ բանաստեղծ անունը կրող դպրոցը ռուսական թեքումո՞վ. դա արդեն խայտառակություն է:
Թուրքիան մեր դարավոր թշնամին է: Ամաչում եմ ազգիս այն տղաների համար, որոնք գնում են Ռուսաստան կամ պատշար կամ էլ հնոցապան դառնում: Իսկ իսկական զինվոր ո՞վ պետք է դառնա:
Բնությունը միայն կնոջն է տվել մայր լինելու աստվածային հատկությունները: Իմ կարծիքով ուսուցիչ կարող է լինել միայն կինը: Բայց ես ուզում եմ մանկավարժ դառնալ, որպեսզի երեխաներին հայկական ոգով դաստիարակեմ: Երազում եմ և բժիշկ դառնալ: Բժիշկն է, որ վիրաբուժական դանակով և դեղերով պայքարում է հիվանդությունների և մահվան դեմ: Նա մարդուն սպեղանի է լինում` անգամ իր առողջությունը չխնայելով:
Որքան հաճելի է մարդկանց օգնելը: Ամենամարդասիրական աշխատանքը կմնա ուսուցչի և բժշկի աշխատանքը:
Մի ազգի մեջ այդքան կուսակցությու՞ն: Կորչեն բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որ խանգարում են ազգի շահերին:
Ո՛չ կոմունիստ եմ, ո՛չ հնչակ ու դաշնակ: Ես կռվողն ու հող ազատագրողն եմ:
Ես այն կուսակցության զինվորը կլինեմ, ով զենք կտա հայրենի հողն ու հայրենիքի սահմանները պաշտպանելու համար:
Ինչքան մենք ենք մեր ազգին սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի:
Հայրենիքի համար սխրանք կատարելն ու հաղթանակելու հավատն են մեր ուժի աղբյուրները: Ոսկու հետևից ընկնելով` մենք մեր հողերը կկորցնենք:
Զենք վերցնելն ու կռիվ գնալն արդեն իսկ հերոսություն է: Իսկ լա՞վ զինվոր կդառնան նրանք, թե վա՞տ, դա արդեն հրամանատարներիս գործն է:
Իմ պատերազմում կանայք ու երեխաներ չպետք է զոհվեն: Եթե թուրք մանուկը մեծանա ու նորից զենք վերցնի, ի՞նչ է պատահել որ, այդ ժամանակ իմ որդին զենք կվերցնի:
Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացե՛ք:
Ես պատերազմին շատ եմ պետք: Ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ՝ միայն դավադիր ականից կլինի:
Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ…












