ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞Վ ԷՐ «ՍԱԴՐԵԼ» ԾԵԾԿՌՏՈՒՔԸ
Զվեշտալի է, որ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում Շանթի ու նրա շուրջ հավաքված դեռ հասունության շեմը չհատած դեռահասների գործողությունները սկսեցին դիտարկվել իբրեւ սադրանք, որը հրահրել էին արեւմտյան կամ ռուսական շահերի սպասարկողները:
Բայց ամենաանհավանական վարկածը, որը, ի դեպ, ամենից շատ պտտվում է ֆեյսբուք սոցիալական ցանցում, երթի մասնակիցների մեջ իշխանամետ սադրիչներ փնտրելն է, ովքեր էլ, իբրեւ թե, բախում առաջացրին հեղափոխականների ու ոստիկանների միջեւ։
Ես՝ որպես դեպքերի անմիջական ականատես, համոզված եմ, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած քաշքշուկը «պրովոկատորների» ձեռքի գործը չէր, ինչպես դա բնորոշում էր ամենուրեք սադրիչներ տեսնող Շանթ Հարությունյանը: Կարդալով բոլոր այդ արձագանքները՝ որոշեցի ազնվորեն նկարագրել այն, ինչ ինքս իմ աչքերով տեսա ու ականջներովս լսեցի երթի օրը, եւ թե իրականում ինչ էր տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում: Այդ օրը խմբագիրս ինձ հանձնարարություն էր տվել մասնակցել երթին եւ լուսաբանել այն: Հանձնարարությունը կատարելու պատրաստակամությամբ ուղիղ ժամը հինգին Ազատության հրապարակում էի, որտեղից պետք է մեկնարկեր հեղափոխականների դիմակավոր երթը:
Հասա ճիշտ այն պահին, երբ կարմրավուն մազերով մի կին ամբոխի մեջ կանգնած վիճում էր ոստիկանների հետ, նրանց մեղադրում իր անապահով կյանքի համար: Մինչ նա մենախոսում էր, փորձեցի աչքով ընդգրկել այն բոլոր մարդկանց, ովքեր հավաքվել էին երթին մասնակցելու պատրաստակամությամբ:
Աչքաչափով մոտ քառասուն-հիսուն մարդ հաշվեցի, որոնց մի մասը լրագրողներն ու օպերատորներն էին, ոստիկանները: Դիմակավոր հեղափոխականների մեջ էլ գերակշռում էին դեռահասները:
Երբ տիկնոջ մենախոսությունն ավարտվեց՝ մեծն հեղափոխական Շանթը վրդովված վերցրեց բարձրախոսն ու հանձին կարմրաշեկ տիկնոջ՝ կոչ արեց բոլոր «պրովոկատորներին» հեռու մնալ երթի մասնակիցներից, իսկ ոստիկաններին զգուշացրեց՝ եթե նրանք կարգի չհրավիրեն այդ «պրովոկատորներին»՝ իրենք նրանց «երթի մեջ լխկելու են դուբինկեքով»: Կառավարությանն ուղղված մի քանի հիշոցներով էլ երթը մեկնարկեց: Ի դեպ, որ երթավորներն ի սկզբանե տրամադրած էին ագրեսիվ պահվածքի, վկայում էին նրանց ձեռքերում եղած փայտե մահակները եւ գրպաններում պահ տված ինքնաշեն պայթուցիկները:
Մեկնարկից ընդամենը հինգ րոպե անց, երբ Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները պատրաստվում էին անթույլատրելի մասում հատել Մաշտոցի պողոտան, փողոցային կարգուկանոնին հետեւող ոստիկանն ընդդիմացավ՝ փորձելով հետ պահել նրանց անօրինական կերպով փողոցը հատելուց:
Եվ հենց այդ պահին էլ կատաղած զանգվածը եւ առաջին հերթին ինքը՝ Շանթը, այլ ոչ թե ինչ-որ սադրիչ, մահակներով հարձակվեցին ոստիկանի վրա, որին օգնության վազեցին երթը հսկող ոստիկանները: Իսկական տուրուդմփոց սկսվեց։
Դիմակավորները կատաղի դիմադրություն էին ցույց տալիս՝ գետնին տապալելով ոստիկաններից մեկին ու մահակներով հարվածելով նրան: Դա ասես քիչ էր, զգալով, որ ինքնաշեն պայթուցիկներն այլ վայրում՝ մասնավորապես Բաղրամյան փողոցում, այլեւս դժվար պետք գան, ոստիկանների դեմ դուրս եկած ոհմակը մեկը մյուսի հետեւից սկսեց պայթուցիկներ նետել ոստիկանների վրա:
Տեսարանը զազրելի էր, համենայն դեպս ինձ համար, եւ նայելով, թե ինչպես է հայը հայի դեմ դուրս եկել ու փորձում մեկը մյուսի կոկորդը կրծել՝ ակամա հիշեցի մարտիմեկյան դեպքերը եւ սարսռացի՝ հանկարծ դեպքերը նույն սցենարով չզարգանա՞ն:
Երբ հույզերիս տարափից ուշքի եկա, իսկ պայթուցիկներից առաջացած մշուշը ցրվեց, տեսա, որ դեպքի վայր էր մոտեցել ոստիկանական օժանդակ ջոկատը, եւ արդեն սկսել էին ձերբակալել ծեծկռտուք սարքողներին ու նստեցնել ոստիկանության մեքենաները: Ձերբակալեցին նաեւ երթի գխավոր կազմակերպչին: Ի դեպ, ըստ շրջանառվող ենթադրությունների՝ ոստիկաններն իբր թե նախապես դարանակալել էին երթի կազմակերպիչ-մասնակիցներին եւ պատեհ առիթի էին սպասում նրանց ձերբակալելու համար: Բայց իրականությունը, կարծում եմ, այլ է, քանի որ, նախ, օժանդակ ջոկատը բավական ուշ միացավ երթը վերահսկող ոստիկաններին, եւ հետո ականատես եղա, թե ինչպես սկզբնական ծեծկռտուքի ժամանակ ոստիկանը ոլորելով տաքգլուխներից մեկի ձեռքերը՝ նրան նստեցրեց պատահած տաքսի մեքենան, որ տանի բաժանմունք:
Չի՞ նշանակում դա, որ ոստիկաններն այնքան պատրաստված չէին, որ անգամ ոստիկանական մեքենաներ չկային մոտակայքում:
Երբ բոլոր մահակավորներին մեքենաներով հեռացրին, իսկ Մաշտոցի պողոտայի այդ հատվածը ոստիկանները շրջափակեցին՝ հնարավոր խուլիգանությունները կանխելու նպատակով, Շանթ Հարությունյանի ջոկատավորները դեռ խմբված էին այդ վայրում, բղավում էին, պահանջում ազատ արձակել ձերբակալվածներին: Անգամ մի պահ միաբերան սկսեցին բղավելով ոստիկաններին թուրքեր անվանել:
Ով է այդ պահին այդտեղ թուրքը, մի՞թե այդ պիտակավորումն ավելի չէր սազի այն ավազակախմբին, որը փողոցի մեջտեղում, անտեսելով, որ մեքենաներ ու տրանսպորտ էր անցնում, պայթուցիկներ բանեցրին: Իսկ եթե այդ ինքնաշեն պայթուցիկներն ավելի ուժգին լինեին ու որեւէ մեքենայի կամ ուղեւորափոխադրման միջոցի կողքին պայթելով՝ մարդկանց մահվան պատճառ դառնային:
Փառք Աստծո, ամեն ինչ ավարտվեց միայն վիրավորներով:
Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին՝ ես այլ կերպ չեմ բնութագրի, քան գաղափարազուրկ խուլիգանություն, անգամ եթե հույզերով դատող ու հավակնոտ Շանթ Հարությունյանը այն նախաձեռնել էր այլ մտադրությամբ:
Եվ չփորձենք նրան հերոս դարձնել։
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ
<Հայոց Աշխարհ>












