ԿԼՈՐ ՇԵՆՔԸ ՉԵՆ ՔԱՆԴԻ
Եթե այն ճանաչվի որպես պատմամշակութային արժեք
Երեկ Հանրային խորհուրդը լիագումար նիստում իր վերջնական դիրքորոշումը հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրի հետագա ճակատագրի վերաբերյալ
Հանրային խորհուրդը իր երեք ներկայացուցիչներից աշխատանքային խումբ էր ձեւավորել, որը կոչված էր ուսումնասիրելու եւ ի մի բերելու բոլոր ենթահանձնաժողովների ու կոլեգիայի կարծիքները: Հենց աշխատանքային խմբի մշակած առաջարկությունն էլ քննարկվեց լիագումար նիստում:
Խմբի ուսումնասիրությունների ժամանակ պարզ է դարձել, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրի տեխնիկական վիճակը պարզելու համար անկախ փորձաքննություն անցկացնելու կարիք կա, քանի որ շենքը քանդելու հարցում շահագրգիռ կողմն իր դիրքորոշումներն արտահայտելիս պնդում է, թե այն վթարային է եւ չի համապատասխանում մերօրյա սեյսմակայունության չափորոշիչներին: Մինչդեռ դա կողմնակալ կարծիք է, ոչ թե երկկողմանի ուսումնասիրությունների արդյունք:
Ի դեպ, ենթահանձնաժողովները, դեմ արտահայտվելով կլոր շենքը քանդելուն, դրա ֆունկցիոնալ կիրառության տարբեր առաջարկներ են ներկայացրել: Մասնավորապես բիզնես ծրագրերի իրականացում (ռեստորաններ, ազատ տնտեսական գոտի, խանութներ, հյուրանոցներ), տեղական կամ այն երկրների ավիափոխադրումների սպասարկման իրականացում, որտեղ չի պահանջվում մուտքի արտոնագիր, ինչպես նաեւ որպես տարանցիկ գոտու շահագործում, շենքի արդիականացմամբ այն որպես պահուստային, օժանդակ օդանավակայան օգտագործելու հնարավորություն` հաշվի առնելով Հայաստանի շրջափակման մեջ եւ անավարտ պատերազմի գոտի լինելը:
Եղել են նաեւ առաջարկներ շենքի մի հատվածում Հայաստանի ավիացիայի թանգարան հիմնադրելու կամ շենքը Հայաստանի փոքր ավիացիայի զարգացման համար օգտագործելու մասին:
Սակայն բոլոր այս առաջարկները լիագումար նիստի ժամանակ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ ԱՐՏՅՈՄ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ոչ իրատեսական համարեց: Պարոն Մովսիսյանի տեղեկացմամբ` ազատ տնտեսական գոտի ստեղծելու` Հանրային խորհրդի առաջարկը ուշացած է, քանի որ այդպիսի տարածք արդեն նախատեսված է կառուցել «Սիփան» շինարարական հատվածում, որի հողատարածքները «Արմենիա միջազգային օդանավակայանների» սահմաններում են:
Իսկ ռեստորաններ, խանութներ, հյուրանոցներ կառուցելը նպատակահարմար չէ, քանի որ կլոր շենքը գտնվում է թռիչքուղու հարեւանությամբ, որտեղ, այսօրվա գնահատականներով, միմիայն ուղեւորասպասարկումներին ծառայող ավիացիոն ենթակառուցվածք կարելի է կառուցել:
«Մենք այլընտրանք չունենք եւ նպատակահարմար ենք գտնում տարածքն օգտագործել միայն ավիացիոն նպատակներով, իսկ օդանավակայանի հին ուղեւորային համալիրը մերօրյա պահանջներին չի համապատասխանում»,- հարցուպատասխանի ժամանակ ասաց Ա.Մովսիսյանը` հավելելով, որ շենքը չի բավարարում նաեւ մնացած գործառույթներով շահագործելու պահանջներին: Զորօրինակ` փոքր ավիացիայի:
«Հայաստանը փոքր երկիր է եւ մի մարզից կամ քաղաքից մյուսն օդանավով գնալն անիմաստ է` հաշվի առնելով, որ օդանավով թռչելու համար գրանցվելու գործընթացը ժամանակատար է, իսկ վառելիքի թանկացման պատճառով տոմսերը բավական թանկ կարժենան` գյուղացու գրպանին ոչ հարմար: Միակ հեռավոր օդուղին, որն արժե օդանավով անցնել, դեպի Ղափան կամ Ստեփանակերտն է, այն էլ տոմսի թանկության պատճառով պահանջարկ չի ունենա եւ բիզնես տեսանկյունից ամենեւին ձեռնտու չի լինի»,- հայտարարեց ՔԱԳՎ պետը:
Այդուհանդերձ ՀԽ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հորդորեց կոնցեսիոներին` «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատիրոջը եւ վիճելի շենքի քանդման հարցում շահագրգիռ քաղավիացայի վարչությանը կլոր շենքի շահագործման առավել նպատակահարմար տարբերակներ առաջարկել` նախքան պնդելը, թե այն միայն քանդել է հարկավոր: Մանավանդ որ հակառակ կողմը Հանրային խորհրդին որեւէ համոզիչ հիմնավորում չի ներկայացրել, որով ապացուցեր, որ կլոր շենքը քանդելը հարցի լուծման միակ տարբերակն է:
Քաղավիացիայի եւ կոնցեսիոների ներկայացուցիչների պատճառաբանությունն այն է, որ գործող ուղեւորահամալիրի սրահները նախատեսված են տարեկան 2,5 մլն ուղեւորափոխադրումների համար: Ներկայումս ուղեւորափոխադրումները կազմում են 1,7 մլն, իսկ մոտակա տարիներին, նկատի ունենալով Հայաստանի որդեգրած «բաց երկնքի» քաղաքականությունը` այդ թիվը նախատեսվում է հասցնել 4 միլիոնի:
Սակայն այդ պատճառաբանությունը ինչ-որ տեղ կաղում է Վազգեն Մանուկյանի ենթադրությունների առաջ: Եթե «բաց երկնքի» քաղաքականության դեպքում Հայաստանը մտադիր է հանդես գալ որպես տարածաշրջանում տարանցիկ երկիր, ապա այն չի դիմանա Թբիլիսիի հետ մրցակցությանը, քանի որ այդ քաղաքում ավիացիայի զարգացման ավելի լայն հեռանկարներ կան` թռիչքներն անհամեմատ մատչելի են, երկիրը շրջափակման մեջ չէ, լարված հարաբերությունների մեջ չէ Ադրբեջանի հետ եւ այլն:
«Շատ ճարտարապետներ, հասարակության ներկայացուցիչներ պնդում են, որ այդ շենքը պատմամշակութային արժեք է: Ես այդ վեճի մեջ չեմ ուզում մտնել, մասնագետ չեմ: Մենք կառավարությանն առաջարկում ենք մասնագետների միջոցով հասարակական քննարկում անել եւ որոշել` կներառի՞ արդյոք շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկի մեջ, թե՞ ոչ:
Եթե ներառեց` կոնցեսիոների առաջ խնդիր է դրվելու այնպիսի ճանապարհներ ընտրել, որ շենքը չքանդի: Այդ դեպքում սեփականատերն իր գրպանից փող չի դնի շենքը պահպանելու համար, դա մեր գրպանի հաշվին է արվելու, կոնցեսիոները տոմսի մեջ կմտցնի այդ գինը, եւ ժողովուրդն ավելի թանկ կվճարի ճանապարհի համար:
Եթե որոշվի, որ չի ներառվելու, էլի խնդիր կա. հասարակության դիմադրությունը, քանի որ շենքը մեր սերունդի համար իրոք արժեք է, եւ այն քանդելը ցանկալի չէ: Դրա համար այդպիսի բանին կարելի է ձեռք տալ միայն շատ մեծ անհրաժեշտության դեպքում: Մինչդեռ բերված պատճառաբանությունները դեռ որեւէ մեծ անհրաժեշտության մասին չեն վկայում»,- հայտարարեց Վ.Մանուկյանը:
Հանրային խորհուրդն ի վերջո որոշեց դիմել կառավարությանը, որպեսզի պահանջի գործող օդանավակայանի հետագա զարգացման հիմնավոր հաշվարկ ներկայացնել, ինչպես նաեւ զարգացման այլընտրանքային տարբերակներ` համեմատության եւ վերջնական որոշում կայացնելու համար:
Ինչպես նաեւ` հանձնարարել համապատասխան կառույցին քննարկել կլոր համալիրը պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ներառելու հնարավորությունը, որն ըստ էության անձեռնմխելի կդարձնի այն:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












