Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, ԿՈՄԻՏԱՍԻ, ՄԱՇՏՈՑԻ, ՔՈՉԱՐԻ «ԲԱՐՁՐԱՐՎԵՍՏ»… ՇԱՈՒՐՄԱՆ

Նոյեմբեր 12, 2013թ. 23:23

մաշտոցՄոտ երկու ամիս առաջ «Հայոց Աշխարհ»-ը փոքր հետախույզ էր կատարել Երեւանի փողոցներում` հայտնաբերելով փողոցային պաստառներին գրված մի քանի անհեթեթություններ, որոնք մեր ազգային արժեքների ծաղրուծանակի խայտառակ օրինակ են:
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անվան փողոցի հարեւանությամբ գործող շաուրմայանոցը չգիտես ում «հանճարեղ» որոշմամբ արդեն քանի տարի է բանաստեղծի անունով է կոչվում՝ անմահանալով որպես «Թումանյանի շաուրմայանոց»: Երկար ժամանակ այս խորտկարանը երեւանցիների շրջանում մեծ համբավ էր վայելում եւ գուցե այդ նկատառումով մտածելով, թե մեր մեծերը հաջողություն են բերում, գործարարներն իրար հետեւից շաուրմայանոցներ բացեցին Մաշտոցի պողոտայի, Քոչարի փողոցի, Կոմիտասի պողոտայի հարեւանությամբ` դրանք անվանելով «Մաշտոցի շաուրմայանոց», «Քոչարի շաուրմայանոց», «Կոմիտասի շաուրմայանոց»:
Շատ մտավորականներ եւ քաղաքացիներ ընդվզեցին այդ խեղկատակության դեմ` բողոքներ հղելով լեզվի պետական տեսչություն, Երեւանի քաղաքապետարան, սակայն անօգուտ: Շաուրմայանոցներն անարգել գործում են երկար տարիներ, եւ դրանց տերերը հաջողությամբ իրենց բիզնեսն են իրականացնում` շահարկելով մեր մեծերի անունները: Անգամ մեր հրապարակումից ու տարբեր պարբերականներում բազմաթիվ անդրադարձերից հետո որեւէ փոփոխություն չեղավ:
Ուստի որոշեցինք հերթական անգամ մեր եւ մտավորականների ձայնը հնչեցնել այդ խնդրի վերաբերյալ, պատկան կառույցներին հորդորել հարգել Թումանյանի, Քոչարի, Մաշտոցի, Կոմիտասի հիշատակը եւ վերացնել մայրաքաղաքի փողոցների ամենատեսանելի մասերում աչքի զարնող ցուցատախտակները։
Զրուցակիցներիցս մեկը` «Հարք» հասարակական կազմակերպության նախագահ ՀՐԱՆՈՒՇ ԲԵՋԱՆՅԱՆԸ, համոզված է, որ մեր մեծերի արվեստագետների անունների, նման խայտառակ կիրառումը տգիտության հետեւանքն է։ «Դրանից հետո ո՞ր երեխան կասի, թե Թումանյանը, Քոչարը, Կոմիտասը կամ Մեսրոպ Մաշտոցն իրականում ովքեր են եղել, եթե նրանց անուններն ամեն օր կարդում է այդ խորտկարանների շեմին, եւ նրանց մասին իր պատկերացումները ձեւավորվում են սննդի միջոցով»,- մտահոգված է տիկին Հրանուշը։
Բանաստեղծ, գրականագետ ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ շաուրմայանոցները հայ հանճարների անունով կոչելը համարում է «իդիոտիզմի վերջին դրսեւորում» եւ հումորով զայրանում. «Խեղճ Թումանյանը երեւի կյանքում երբեւէ շաուրմա չի կերել կամ պատրաստել, բայց ասում են՝ Թումանյանի շաուրմա, Թումանյանի շաուրմայանոց: Պատկերացնում եք` ռուսներն իրենց կենտրոնական փողոցներից մեկի հարեւանությամբ սննդի կենտրոն բացեն եւ այն անվանեն «Պուշկինյան բորշչ», «Նեկրասովյան կոտլետ», «Լերմոնտովյան կարկանդակ»… դա քստմնելի է»: Արտեմ Հարությունյանին անհանգստացնում է այն, որ ոչ մի պետական կառույց, որը կոչված է պայքարելու նման կամայականությունների դեմ, ոչինչ չի անում, անգամ լեզվի պետական տեսչությունը։
Մենք նաեւ լեզվի պետական տեսչությունից հետաքրքրվեցինք, թե ինչու մինչ օրս իրենք չեն արձագանքել բողոքներին, որոնք առնչվում են այս խնդրին: Տեսչության լեզվի վերահսկողության բաժնի պետ ԵՍԱՅԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ հաստատեց, որ իրենք նման շահարկումների դեմ շատ բողոքներ են ստացել` գրավոր թե բանավոր, բազմիցս փորձել են տնտեսավարող սուբյեկտներին հորդորել, որ նրանք վերացնեն անհարկի գրառումները: Շատերը հետամուտ են եղել, սակայն դեռեւս Թումանյան, Մաշտոց, Կոմիտաս, Քոչար փողոցներին հարող շաուրմայանոցների սեփականատերերի ականջներին հորդորները հասու չեն եղել: Վերահսկողության բաժնի պետն ինքն է վկայում, որ շաուրմայանոցների ցուցանակների գրառումները հակասում են ՀՀ պաշտոնական լեզվի՝ գրական հայերենի քերականական հստակության կանոններին:
Թեեւ պարոն Թադեւոսյանը հակված է մտածելու, թե դրանց կիրառումը միտումնավոր չի արվել, ապրանքի անվանումը ըստ ծագման վայրի սովորական երեւույթ է, սակայն հաշվի առնելով, որ այդ փողոցների դեպքում տեղանունները նախեւառաջ մեծանուն մարդկանց անուններ են, եւ դրանց կիրառումը շփոթություն է առաջացնում` անհրաժեշտ է գրառումները շուտափույթ փոխարինել նորերով:
Ե.Թադեւոսյանի հավաստմամբ` տեսչությունն այժմ հատուկ գրություն է պատրաստել, որը նախատեսում է ուղարկել սննդի օբյեկտների սեփականատերերին` հույս ունենալով, որ գոնե գրավոր հորդորից հետո նրանք կսթափվեն եւ խելամիտ ժամկետներում կվերացնեն պաստառների ոչ պատշաճ ու վիրավորական գրառումերը:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ
<Հայոց աշխարհ>


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն