Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

ՀՈՆՔԸ ՇՏԿԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԱՉՔԸ ՉՀԱՆԵՆՔ

Նոյեմբեր 15, 2013թ. 00:01

Մեզանում կարծես ավանդույթ է դարձել՝ կարևորագույն խնդիրները ուշադրության են արժանանում միայն այն դեպքում, երբ հասարակական մեծ հնչեղություն են ստանում: Սիրված արվեստագետ Վարդան Պետրոսյանի կալանավորման փաստն հանդիսացավ հենց այն առիթը որպեսզի հանրությունն իր ձայնը բարձրցնի, իսկ պատասխանատու շրջանակները՝ դատախազություն, գործադիր ու օրենսդիր վերհիշեն, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելն այլևս լուրջ հակազդեցության է արժանանում, հետևաբար այլընտրանքային տարբերակների կիրառումը դարձել է անհրաժեշտություն:

Մինչ իրավապահները հորդորում են չսարսափել կալանավորման փաստից, որ այն ոչ թե ձերբակալում է նշանակում, այլ միտված է ընդամենը նախաքննական մարմնի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, սակայն հասարակության ընկալումներում միևնույն է կալանավորումը սուր զգացողություններ է առաջացնում: Ինչն էլ անշուշտ իր պատճառներն ունի, քանզի քիչ չեն կալանավորված անձանց հանդեպ կիրառված բռնությունների նախադեպերը: Հիշյալ խափանման միջոցի կիրառման հարցում ակնհայտ է և դատարանների շահագրգռվածությունը՝ թերևս հարմար տարբերակ է ճնշում գործադրելով ցանկալի ցուցմունքներ կորելու տեսանկյունից: ԱԺ պետա-իրավական մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ մեզ հետ զրույցում նկատեց, թե մեզանում կալանքը որպես խափանման միջոց մասսայաբար կիրառվում է գրեթե բոլոր գործերի վրա, նախկին փաստաբանի ձեռքի տակ ժամանակին եղել են բազմաթիվ գործեր, որոնց դեպքում չնայած նախաքննական մարմինը կարող էր, օրինակ, կիրառել ստորագրությամբ, կամ գրավի ու երաշխավորության տարբերակներ, սակայն նախապատվությունը մշտապես տրվել է կալանքին:

Մարդիկ շատ վատ չէին ընկալի որպես խափանման միջոց կալանքի կիրառումը, եթե վստահություն լիներ դատական համակարգի հանդեպ. սա պատգամավոր Թևան Պողոսյանի համոզմունքն է, ով կարծում է, որ եթե մեղադրյալը վստահ լինի, որ նախնական կալանքի ժամանակ իր դեմ ճնշում իրականացրած քննիչը կստանա իր արժանի պատիժը, ապա հանգիստ կանցկացնի նախաքննական այդ փուլը: ՙԿարծում եմ, մեզ նման մի դեպք է հարկավոր, երբ դատարանը կպատժի գործընթացը սխալ վարած քննիչին և կասկածյալին հենց դատարանի դահլիճից ազատ կարձակի, եթե անգամ նա անմեղ չէ: Պետք է պատասխանատվության ենթարկվեն օրինախախտ քննիչները, համոզված եմ, մեկ դեպքը դաս կլինի մյուսների համար, կհասկանան, որ ծեծելով, ուժով, արհամարհանքով հարցերը չեն լուծվում՚:

Մինչդեռ պատգամավոր Մարուքյանը համոզված է, որ վերջին տարիներին նկատելիորեն նվազել են կալանավորված անձանց հանդեպ բռնությունների կիրառման դեպքերը, քանի որ քրեակատարողական հիմնակներն այսօր առավել քան գտնվում են բազմաթիվ կազմակերպությունների ստուգող աչքի տակ: Բայց այստեղ կան նաև այլ համգամանքներ. պատգամավորը նկատում՝ բացի այն, որ կալանավորված անձը հոգեբանորեն արդեն իսկ գտնվում է ճնշված վիճակում, և որոշակի կաշկանդված է նաև իր պաշտպանությունն իրականացնելիս, սրան էլ գումարվում է դատարանի կանխակալ դիրքորոշումը: Այսպես. ՙԴատարանի կողմից արդեն կալանավորված անձի գործով կայացված դատավճիռը հիմնականում լինում է մեղադրական: Եթե անգամ դատարանը կարող էր արդարացման դատավճիռ կայացնել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ անձը նախնական կալանքի տակ է գտնվել, նրան ազատազրկման է դատապարտում՚: Դատարանների նման վարքագծի պատճառ պետությանը պատասխանատվության առաջ չկանգնեցնելն է, քանի որ, եթե դատարանն արդարացնի կասկածյալին, ապա պետությունը պարտավոր է փոխհատուցել նրա՝ քրեակատարողական հիմնարկում անցկացրած յուրաքանչյուր օրվա համար:

Էդմոն Մարությանը կալանքը որպես խափանման միջոց կիրառելն ամենևին էլ ինքնանպատակ չի համարում, այլ գործողություն, որն ուղղված է անհրաժեշտ պայմանների ապահովմանը, որպեսզի մեղադրյալը կամ ամբաստանյալը չխոչընդոտի նախաքննությանը, ճնշում չգործադրի վկաների, փորձագետների վրա, չխեղաթյուրի ապացույցները, իսկ եթե այս հանգամանքները չկա, ուրեմն այդ անձը պետք է ամբողջ նախաքննության ու դատաքննության ընթացքում մնա ազատության մեջ: ՙԿալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառել բացառիկ դեպքերում, և սա պետք է լինի կանոն մեզ համար՚: Մարությանի համոզմամբ գործող օրենսգրքով ևս հնարավոր է այն դարձնել կանոն, սակայն իրավական համակարգի ներկայացուցչիները պնդում են, որ գործող օրենսգրքում այլընտրանքային խափանման միջոցներն արդյունավետ չեն: Այն, որ մեղավորը օրենսդրությունն է, համոզված է նաև Արդարադատության նախարար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ: Ըստ նախարարի իրեն էլ չեն գոհացնում և մեր խափանման միջոցները, և մեր քրեադատավարական պրակտիկան.ՙԲազմիցս եմ ասել, որ մենք ունենք խնդիր, բայց խնդիրը ոչ միայն պրակտիկայի հետ է կապված, այլև մեր օրենսդրական լուծումների, որովհետև եթե կա կալանք, փոխարենը օրենսդրության մեջ չկան խափանման այնպիսի միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը, վարչական վերահսկողությունը: Իսկ այս ամենը սահմանված է նոր օրենսգրքում՚:

Այդ դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ է ուշանում ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը: Հայտնի է, որ նոր օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրված դեռևս 2012թ. սեպտեմբերի 14-ից, սակայն օրակարգ մտնելը տարբեր պատճառներով հետաձգվում է, չնայած, ըստ ծրագրի, այն նույնիսկ պետք է արդեն իսկ ընդունված լիներ: Պատգամավորը Մարությանը համարում է այդ հարցում ձգձգման մեղավորը կառավարությունն է. պարզվում է, որ նախագիծը հայտնվել է գերատեսչական շահերի տիրույթում ու կորցրել խորհրդարան հանելու ճամփան:

Նման գնահատականերին հետ նախարար Թովմասյանը համաձայն չէ, ու ի պատասխան ՙՀայոց Աշխարհ՚-ի հարցին նկատեց՝ ՙբոլոր բոլորին մեղավոր են համարում, բայց ոչ երբեք իրենց: Լավ համարեք, որ ես ինքս եմ մեղավորը՚: Ապա դիմելով պատկերավոր օրինակների օգնությանն ասաց, թե այս փաստաթղթի վրա աշխատելը ՙառողջ, կենդանի սրտի վիրահատության նման մի բան է, սա չաշխատող մեքենայի շարժիչի վերանորոգում չէ, որովհետև փոփոխությանը զուգահեռ անընդհատ գործընթացներ են կատարվում, համակարգն աշխատում է և դու պետք է այդ ընթացքին զուգահեռ փոփոխություն անես՚: Կառավարության դանդաղկոտություն էլ արդարացնելու համար հիշեց ժողովրդական հայտնի խոսքը՝ ՙհոնքը շտկելու փոխարեն հանկարծ աչքը չհանենք՚:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն