ՀՐԵԱ ԳՐՈՂ ՅԱԻՐ ԱՈՒՐՈՆԻ ԳՐՔԻ ՏՊԱՔԱՆԱԿԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՈՒՂԱՐԿՎԵԼՈՒ Է ՍՓՅՈՒՌՔ
Ընթերցողները հավանաբար գիտեն, որ ընթացիկ տարվա ամռանը Երեւանում տեղի ունեցավ հրեա գրող եւ պատմագետ Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գրքի շնորհանդեսը։
Պատկառելի մենագրության մեջ հեղինակը պատմում է, որ քսաներորդ դարի սկզբին Թուրքիայում իրականացվել է Հայոց ցեղասպանություն՝ պետական քաղաքականության մակարդակով։ Եվ վրդովմունք է արտահայտել, որ մինչ օրս համաշխարհային հանրությունը (բացի առանձին երկրներից), տարբեր պատճառներով եւ նկատառումներով այդպես էլ չի ճանաչել մարդկության դեմ գործված այդ հրեշավոր հանցագործությունը։
Սակայն հրեա գրողին ամենից շատ անհանգստացնում է, որ Հայոց ցեղասպանությունը մինչեւ օրս չի ճանաչել իր հայրենիքը՝ Իսրայելը։
«Անընդունելի անտարբերություն» գրքի բնօրինակը եբրայերենով լույս է տեսել Իսրայելում, ապա անգլերեն՝ Լոնդոնում եւ ռուսերեն՝ Սանկտ Պետերբուրգում։ Զարմանալի է, որ ավելի քան տասը տարի հայ հասարակայնությունը ոչինչ չգիտեր այդքան կարեւոր հրատարակության մասին։
Եվ ահա, հայտնի գործարար եւ բարեգործ Կարեն Բաղդասարովը, տեղեկանալով այդ գրքի մասին, մեկնեց Իսրայել, ծանոթացավ հեղինակի հետ, եւ որոշվեց, որ այդ գիրքը պետք է թարգմանվի հայերեն։
Ինչպես իմացանք գրքի շնորհանդեսի ժամանակ, առաջին բանը, որ արել էր Կարեն Բաղդասարովը Երեւանում՝ Զորի Բալայանի համագործակցությամբ կազմակերպել էր իսրայելցի գրողի գործի թարգմանությունը, եւ շուտով գիրքը հայերեն լույս տեսավ Զորի Բալայանի նախաբանով։ Կարեն Բաղդասարովը ապահովեց նաեւ հեղինակի եւ իսրայելցի հասարակական գործիչների խմբի ներկայությունը երեւանյան շնորհանդեսին։
Եվ ահա օրերս սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ, կարելի է ասել, աննախադեպ միջոցառում։ «Անընդունելի անտարբերություն» գրքի արդեն նոր հրատարակության տպաքանակի մեծ մասը որոշվեց ուղարկել Սփյուռքի բոլոր օջախներ։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց նախաձեռնության կարեւորությունը, հաշվի առնելով այն փաստը, որ Հայոց ցեղասպանության մասին գրքի հեղինակը հրեա է։ Լրագրողների եւ բոլոր ներկաների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ գիրքն ըստ էության մենագրություն է, որտեղ օգտագործվել են հարյուրավոր պատմական փաստաթղթեր։ Ելույթ ունեցան նաեւ Զորի Բալայանը, «Ամարաս» հրատարակչության տնօրեն Արկադի Ասրյանը, հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը։
Միջոցառման վերջում Զորի Բալայանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ մասնավորապես ընդգծելով՝ ինչպես ինքն ասաց, ամենակարեւորը.
-Այն, ինչ ամենասկզբում արեց Կարեն Բաղդասարովը, իսկական սխրանք է։ Իրոք, վիրավորական է, որ մեզ համար այդքան կարեւոր գիրքը տասներեք տարի առաջ լույս է տեսել Իսրայելում, եւ մենք այդ մասին ոչինչ չենք իմացել։ Բայց չէ՞ որ, ինչպես արդեն այստեղ ասվեց, այն անգլերեն տպագրվել է Լոնդոնում եւ ռուսերեն՝ Սանկտ Պետերբուրգում։ Բաղդասարովն ամեն ինչ անթերի կազմակերպեց։ Հայաստան եկավ մի ամբողջ պատվիրակություն։ Իսկ շնորհանդեսին մասնակցեցին վարչապետը եւ մշակույթի նախարարը։ Խմբին ընդունեց նաեւ Հայաստանի նախագահը։ Պարզվեց, որ Յաիր Աուրոնի արխիվում կան շատ փաստաթղթեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, եւ նա մտադիր է նորից անդրադառնալ այդ թեմային։
Այն հարցին, թե ինչո՞ւ անհրաժեշտություն ծագեց վերահրատարակել գիրքը, Զորի Բալայանը պատասխանեց.
-Դե, առաջին հերթին ներկայումս գրքերը լույս են տեսնում շատ փոքր տպաքանակներով։ Իսկ այստեղ, բացի ամենայնից, կարեւոր է թեման, կարեւոր է հեղինակը։ Ճիշտ է, վերահրատարակումն ունի իր պատմությունը։ Ես գրքից մի քանի տասնյակ օրինակ տարել էի Արցախ դրանք բոլոր շրջաններում տարածելու համար։
Դա տեղի ունեցավ Չափար գյուղում, որտեղ հավաքվել էին հանրապետության շրջանների ներկայացուցիչները։ Այնտեղ ես ներկայացրի Աուրոնի գրքի հրատարակման պատմությունը, Կարեն Բաղդասարովին, որը մշտապես օգնում է հարազատ Հաղորտի գյուղում կյանքի վերածնմանը։ Եվ երբ ելույթս ավարտեցի, ամբիոնին մոտեցավ Վարուժան Գրիգորյանը եւ ասաց, որ իր վրա է վերցնում գրքի վերահրատարակման բոլոր ծախսերը։
Հետաքրքիր զուգադիպություն. ահա արդեն ավելի քան քսան տարի Վարուժանն անում է ամեն ինչ՝ վերականգնելու ադրբեջանցիների կողմից հիմնահատակ ավերված իր գյուղը։ Սա արդեն առանձին թեմա է, ի դեպ, արժանի լրագրողների գրչին։ Ահա թե ինչի մասին է պետք գրել։ Չէ՞ որ շատ բարեգործներ են օգնում արցախյան գյուղերում կյանքի վերածնմանը։ Բայց նրանց համարյա չգիտենք։
Այնինչ նրանց մասին պետք է մշտապես գրել եւ խոսել։ Չէ՞ որ եկել է քարեր հավաքելու ժամանակը, որպեսզի տներ կառուցենք։ Ինչ վերաբերում է գրիգորյանական հրատարակությանը (ի դեպ, նա վերջերս ընտրվել է «Արցախ» հայրենակցական կազմակերպության նախագահ), ապա տպաքանակի մի մասն արդեն հանձնվել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որպեսզի դրանք ուղարկի բոլոր դեսպանություններին, իսկ մի մասը՝ գրադարաններին։
Մնացած հինգ հարյուր օրինակը հանձնվեց սփյուռքի նախարարությանը։ Ես համոզված եմ, որ նախարար Հրանուշ Հակոբյանը օպերատիվորեն կկազմակերպի այդ գրքերի առաքումը բոլոր հինգ մայրցամաքներ։
Այդ ամենը հույժ կարեւոր է։ Նաեւ պետք չէ մոռանալ, որ գտնվում ենք հիշարժան տարեթվի՝ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շեմին։ Թեեւ խոստովանեմ, ինձ համար 1915 թվականը մեկն է նույնքան ողբերգական երեսուն տարիներից, սկսած 1893-ից մինչեւ 1923 թվական։
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Հայոց Աշխարհ












