Գլխավոր » Regions, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Եվրոպան սխալներն իր մեջ պետք է փնտրի, թե ինչո՞ւ Հայաստանին մղեց Մաքսային միության դաշտ

Նոյեմբեր 15, 2013թ. 01:14

Ռուստամյան-Արմեն<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՄՄ-ԻՆ՝ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

-Սեպտեմբերի 3-ից հետո, Հայաստանի Մաքսային միության անդամակցման գործընթացին զուգընթաց Թուրքիան ակտիվորեն հանդես է գալիս հայ-թուրքական սահմանի բացման մասին հայտարարություններով, այն զուգորդելով արցախյան հիմնախնդրին: Ի՞նչ նոր իրողության հետ գործ ունենք:

-Բազմից հայտարարել եմ, որ սեպտեմբերի 3-ից հետո նոր իրավիճակ է, արտաքին քաղաքականության վեկտորը փոփոխվել է: Առաջին իսկ օրը ես երեք հարց ուղղեցի ՀՀ ԱԳ նախարարին. 1-ին, ի՞նչ է տալիս ՄՄ անդամակցումը արցախյան հիմնախնդրին, 2-րդ, ինչպե՞ս պետք է վերանայվեն մեր մոտեցումները Եվրոպայի հետ ստանձնած պարտավորությունների մասով, 3-րդ, արդյո՞ք սա միայն տնտեսական համագործակցության խնդիր է, թե՞ աշխարհաքաղաքական ընտրություն: Նալբանդյանի պատասխաններն ինձ չգոհացրին, բայց ես ինքս համոզվեցի, որ սա միայն տնտեսական տարածք մտնելու հարց չէ, այլ աշխարհաքաղաքական ընտրություն: Հանձին Եվրասիական միության, խոսքն աշխարհաքաղաքական նոր բևեռին անդամացելու մասին է, որի առանցքում հստակ ուրվագծվում է Ռուսաստան-Չինաստան բևեռը: Ռուսաստանն ու Չինաստանը խնդիր են դրել հակակշռելու ԱՄՆ-ի ու Եվրոպայի մոնոպոլ դերին՝ ստեղծելով նոր բևեռ:
Ցանկացած միության անդամակցություն ենթադրում է անկախության որոշակի կորուստ, բայց դրա դիմաց անդամակցող երկիրը պետք է դնի որոշակի փոխհատուցումների հարց: Ռազմական ու էներգետիկ անվտանգության հարցերում մեր կախվածությունը Ռուսաստանից, մեզ համար այլընտրանքի հնարավորություն չի թողել: Առկա է մեր ֆիզիկական անվտանգության ապահովման խնդիրը, մանավանդ, երբ պատերազմն ավարտված չէ, ունենք մեր հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված երկու հարևաններ, իսկ էերգետիկ անվտանգությունը պայմանավորում է մեր տնտեսության հետագա զարգացումը: Նման իրավիճակում հայտնված երկիրը պետք է շարժվի հետևյալ տրամաբանությամբ, եթե չունենք այլընտրանք, ուրեմն պետք է ամրապնդենք այն, ինչ ունենք, այսինքն, մեր անվտանգությունը: Ահա թե ինչու են իրար խառնվել Թուրքիան ու Ադրբեջանը: ՄՄ-ում ունենալով իրենց ներկայացուցիչը, հանձին իսլամական կոնֆերանսի անդամ երկիր Ղազախստանի և Ադրբեջան հետ առևտրային շահեր ունեցող Բելոռուսի, փորձում են նրանց միջոցով խնդիրներ ստեղծել, որպեսզի Հայաստանը չկարողանա իր անվտանգության համակարգը ուժեղացնել:

Այսինքն, Թուրքիան և Ադրբեջանը հնարավորն անում են, որպեսզի ինչ-որ վերապահումնե՞ր սահմանվեն Ղարաբաղի հարցով՝ Հայաստանի ՄՄ անդամակցության հետ կապված:

-Իհարկե: Քանի որ մեզ համար անվտանգություն ասվածը ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարի հետ է կապվում, հետևաբար, նրանք ուզում են Հայաստանի անդամակցության այս փուլում Ղարաբաղի հարցով հասնել այնպիսի վերապահումների, որոնք չեն նպաստի Հայաստանի ու ԼՂՀ-ի անվտանգության ամրապնդմանը, մի բան, ինչից շատ անհանգստացած են Թուրքիան ու Ադրբեջանը: Դա համար այսօր քննարակվում է Հայաստանի հետ միասին նաև Ադրբեջանի համատեղ անդամակցման հարցը ՄՄ-ին, որի նախադեպը կա, դա ԵԽ անդամակցումն է: Տրամաբանությունն հետևյալն է ՝ երկուսով են մտնում, որպեսզի խնդիրը միասին լուծվի ու որևէ կողմին նախապատվություն չտրվի: Բայց այսօր այլ իրավիճակ է, Հայաստանն ավելի շուտ է անդամակցում Մաքսային միությանը, քան դա կարող է անել Ադրբեջանը, այդ դեպքում մեր երկիրը ստանում է հիմնադիր անդամի կարգավիճակ, վետոյի իրավունք, այսինքն, Հայաստանը կարող է խնդիրներ հարուցել Ադրբեջանի, գուցե նաև Թուրքիայի հնարավոր անդամակցմանը միությանը, ավելին թելադրել խաղի կանոններ: Եվ այս հեռանկարն է, որ նյարդայնացրել է Թուրքիան, ի տարբերություն մերոնց, որ այդ տրամաբանության մեջ չեն դիտարկում խնդիրները: Պետք է գիտակցենք, որ եթե ՄՄ-ի անդամակցումը լիներ զուտ տնտեսական, ու կապված չլիներ մեր անվտանգության խնդիրների հետ, նման աժիոտաժ չէր առաջացնի:

-Ուրեմն հստակ պետք է արձանագրել, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը բոլորովին ձեռնտու չէ երկու հարևաններին՝ Թուրքիային ու Ադրբեջանին, քանի որ այդ կառույցում Հայաստանն ամրապնդում է իր անվտանգությունը:

-Այո, Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացումը ձեռնտու չէ Հայաստանի անվտանգության թուլացմամբ շահագրգռված Թուրքիային ու Ադրբեջանին: Հայաստանն իրոք ունի բացառիկ հնարավորություն, այլ հարց է, թե ինչպե՞ս ենք ստեղծված իրավիճակը ի շահ մեզ օգտագործելու, դա իրոք, դիվանագիտական մեծ հմտություն է պահանջում: Ունա՞կ է արդյոք, մեր դիվանագիտական կորպուսը ճիշտ խաղալ այս բարդ աշխարհաքաղաքական խաղում: Մենք այլ տարբերակ չունենք, պարտավոր ենք լինել նախաձեռնող և կարողանալ դուրս գալ ձեռքբերումներով, կորստի մասին խոսք լինել չի կարող: Ամենևին պետք չէ կաշկանդվել Ղազախստանի ու Բելոռուսի հայտարություններից, ի վերջո, մեր անվտանգության խնդիրը ամրագրված է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններով:

-Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելով, Թուրքիան շեշտադրում է դրա տնտեսական կարևորությունը, ի՞նչ նպատակներ է հետապնդում, գուցե փորձում է մեղմե՞լ Արևմուտքի <զայրույթը>, չէ՞ որ այդ հարցում վերջինիս ճիգերը հօդս ցնդեցին Թուրքիայի պատճառով, անլուծելի թողնելով Հայաստանի թիվ մեկ խնդիրը՝ շրջափակման վերացումը:

-Հիշո՞ւմ եք, որ Հայաստանի նախագահը մինչև սեպտեմբերի 3-ը բարձրացրեց հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Սա իրականում մի վերջին շանս էր ԵՄ-ի համար կատարելու ստանձնած պարտավորությունը, որովհետև իրենք էին Հայաստանին մղել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը՝ տալով սահմանի բացման խոստումը: Սակայն դրա դիմաց Հայաստանը չստացավ ակնկալիքը՝ սահմանը մնաց փակ: Հարցը հետևյալն է, Եվրոպան, որի հովանավորությամբ տեղի ունեցավ այդ գործընթացը, պետք է կարողանար ստիպել Թուրքիային բացել սահմանը: Դա չարվեց, փոխարենը պարզ դարձավ, քանի դեռ ԼՂ խնդիրը չի լուծվել, Թուրքիան այդ քայլին չի գնա, նա չի թողնի Ադբեջանին միայնակ: Հայաստանի համար պարզ դարձավ՝ եվրոպական ասոցացմամբ ո՛չ անվտանգության հարցն է լուծվում, ո՛չ սահմանն է բացվում: Գիտեք, եթե սահմանի բացումը լիներ զուտ տնտեսական խնդիր, ապա այն վաղուց բացված կլիներ, որովհետև դա շահավետ էր հենց Թուրքիայի համար, նա կուլ կտար մեր տարածքը: Ուրեմն, հարցն ուղղակիորեն առնչվում է մեր անվտանգության խնդրին , ԼՂ հիմնահարցի կարգավարման հեռանկարին: Թուրքիան ամեն ինչ կանի, որ այս հարցերում Հայաստանը չունենա ձեռքբերումներ: Եվ հենց դրան են միտված հայ-թուրքական սահմանի բացման, նրա տնտեսական նշանակության մասին հնչող հայտարարությունները, ուզում է Եվրոպայի ուշադրությունը վերստին սևեռել իր ռազմաքաղաքական, տնտեսական կարողությունների վրա, նպատակ ունի ավելացնել կողմնակիցների քանակը, որպեսզի բոլոր ուղղություններից կարողանա մեծացնել ճնշումը Հայաստանի վրա, և ստանալ ուզածը՝ թույլ չտալ Հայաստանին հզորացնել իր անվտանոգությունը:

-Հետևաբար պատահականություն չէր նաև անվտանգության ոլորտում Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցության մասին երկու երկրների ղեկավարների օրերս արած հայտարարությունը. թուրք –ադրբեջանական ռազմական բևե՞ռ է ստեղծվում:

-Այդ տանդեմն արդեն վաղուց գոյություն ունի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կա ստորագրված ռամաքաղաքական դաշինք, և նման սերտ դաշինք աշխարհում գոյություն չունի: Իրենք բացահայտորեն հայտարարում են, որ մեկ ժողովուրդ են՝ երկու պետություններում: Այս իրողության վրա էլ կառուցում են իրենց ռազմավարությունը: Հետևաբար, ռազմավարական շահերի առումով տարբերություն փնտրել Ադրբեջանի ու Թուրքիայի մեջ ոչ միայն միամտություն է, այլև խիստ վտանգավոր մեզ համար: Իսկ ձեր նշած հայտարարությամբ երկու երկրները պարզապես հիշեցրեցին, որ եթե Հայաստանն ուժեղացնում է անվտանգությունն իր ռազմավարական գործընկերների միջոցով, ապա կա նաև Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը: Սա նշանակում է, որ լուրջ աշխարհաքաղաքական վերադասավարումների հետ գործ ունենք: Եվ ես հստակ վերաձևակերպել եմ մեր այսօրվա խնդիրը. 42 000 քառ. կմ-ը որպես հայկական տարածք մենք պետք է ժառանգենք մեր սերունդներին:

ԵՄ-Ն ՉԿԱՏԱՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

-Ուկրաինայի վարչապետի հայտարարությունը հաստատ հիասթափեցրել է հայաստանյան արևմտամետներին. ՙՉենք կարող հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, դա կլինի Ուկրաինայի տնտեսությանը ուժեղ հարված՚, նաև ասաց՝ ոչ ոք Ուկրաինային չի առաջարկել ռուսասական շուկայի կորստի դիմաց փոխհատուցում: Ակնարկն ուղղված էր Արևմուտքին, փաստորեն, Ուկրաինան ևս չստացավ այն, ինչ ակնկալում էր Եվրոպայից: Ճիշտ և ճիշտ՝ ինչպես մեզանում:

-Այո: Ուկրաինայի վարչապետն ասում է նույն միտքը, ինչ շեշտադրեցի ես, այսինքն, եթե չունես այլընտրանք, ուրեմն պետք է ամրապնդես ունեցածդ: Ի դեպ, Հայաստանն ավելին կարող է ասել. ունենք զարգացման սահմանափակ հնարավորություններ, որովհետև գտնվում ենք երկկողմ շրջափակման մեջ, հետևաբար, մեր երկրի նկատմամբ պետք էր հատուկ մոտեցում ցուցաբերվեր, տրվեին արտոնություններ, պետք էր հստակ ամրապնդվեր մեր ներկայությունը դեպի ծով ելք չունեցող երկրների լիգայում, ինչի շուրջ միայն վերջերս ենք սկսել աշխատել, բաց թողնելով երկար ժամանակ: Ի դեպ, սա նաև հարմար առիթ է եվրոպացիներին բացատրելու, թե ինչո՞ւ 4 տարի ԵՄ Ասոցացման շուրջ բանակցելուց հետո ստացվեց այնպես, որ Հայաստանը նախընտրեց ՄՄ անդամակցումը: Պետք է նրանց մի քանի կարևոր բան ասել, որ մեզ համար գերակա է մեր անվտանգության հարցը, որ Հայաստանն ի վերջո, լինելիության խնդրի առաջ է կանգնած: Ուրեմն, այն դաշտում, ուր հնարավոր է լուծել մեր առաջնահերթ հարցերը, մենք հենց այդ դաշտ էլ տեղափոխվելու ենք: Այնպես, որ Եվրոպան իր մեջ պետք է փնտրի իր սխալները, թե ինչո՞ւ Հայաստանին մղեց Մաքսային միության դաշտ, որովհետև չապահովեց Հայաստանի անվտանգության խնդիրը, և ինչո՞ւ երկակի ստանդարտներ կիրառեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

Բաց տեքստով ասել է պետք՝ ոչ թե Հայաստանն է անվստահելի գործընկեր, այլ հենց Եվրոպան է նահանջել իր պարտավարություններից և խոստումներից:

-Այո, և դա իրենք արդեն իսկ հասկանում են, ու սկսել են հետին թվով խոսել այն մասին, թե գիտեք, ասոցացման արդյունքում Արցախի հարցը Հայաստանի համար վատ լուծում չէր ստանա: Մինչդեռ ասոցացման գործընթացից դա ամենևին չէր նշմարվում:

Որքան մոտենում են վիլնյուսյան օրերը, այնքան մեզանում ակտիվանում է եվրոպական գրանտներից սնվողների պայքարը, ստրկամիտ համարելով այն քաղաքական ուժերին, ովքեր դեմ չեն ՄՄ անդամակցմանը:

-Այն գործիչները, ովքեր հայտարարում են, թե պետք չէ անդամակցել ՄՄ-ին, թե պետք է խզել կապերը Ռուսաստանի հետ, հենց իրենք չեն պատկերացնում, թե դրանից հետո ինչ է լինելու: Այդպիսիններին ես մի պարզ հարց եմ տալիս. երկու կարևոր խնդրում մենք ամբողջությամբ կախված ենք Ռուսաստանից, իսկ դուք ինձ ասում եք՝ ոչինչ դա մի կողմ դիր, որովհետև դա ստրկամտություն է ու գնա այն ուղղությամբ, ուր կա լավ արժեհամակարգ: Ոչ ոք չի ժխտում այդ արժեհամակարգի կարևորությունը, և մենք այն ազգն ենք, որին հարազատ են այդ արժեքները, պարզապես պետք է կարողանանք դրսևորել քաղաքական կամք և այն սեփական ուժերով իրացնել մեր ներսում: Վերջապես, փորձը ցույց տվեց, որ դա մեր փոխարեն եվրոպացին չի կարող անել, մեր ներսի կոռուպցիան Եվրոպայի ասելով չէ, որ պետք է վերացնենք, դա մեր կամքի խնդիրն է: Այնպես որ, ԵՄ հետ չասոցացվելով, մենք այս հարցում կորուստ չենք ունենա, բայց կորուստ կունենանք մեր լինելիության խնդրում: Գիտե՞ք, սա ինչի է նման, որ ընդամենը մեկ ճյուղից կախվածին հանկարծ մոտենում է մեկ ուրիշն ու ասում՝ ստրկամտություն է, բա՛ց թող էդ ճյուղը, բայց, դու հո լավ գիտես, որ հենց ճյուղը թողեցիր՝ բերանքսիվայր գետին ես ընկնելու:

-Հետաքրքիր է, որ ՄՄ անդամակցումը ստրկամտություն համարողները սակայն եվրոպական կառույցների պահանջը՝ հարգել գեյերի, լեզբուհիների, հոմոսեքսուալիստների իրավունքները, ամենևին էլ ստրկամտություն չեն համարում:

-Ժողովրդավարությունից, իրավական պետությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից եթե ավելի լավ բան կա, թող ասեն: Սրանց վրա է հիմնված իրական եվրոպական արժեհամակարգը: Բայց մեզանում ներմուծվել են բաներ, որոնք մարդու իրավունքների հետ կապ չունեն, ո՞վ է ասում, որ գեյերին պաշտպանելն է մարդու իրավունքը: Այսօր խնդիր է առաջացել հենց նրանցից պաշտպանել հայ մեծամասնությանը: Ես էլ ունեմ իմ մարդկային իրավունքն ու ազգային ինքնությունը պաշտպանելու անհրաժեշտությունը, այդ ո՞ր չափանիշներով է մեկին արտոնություն տրվում, մյուսին՝ ոչ: Սա հենց երկակի ստանդարտ ասածն է: Մենք չենք կարողանում թացը չորից զատել, վատն ընդօրինակելն ավելի հեշտ է, քան լավի համար պայքարելը: Մենք, փաստորեն, չկարողացանք այդ համակարգից զտել, վերցնել համամարդկայինը և դրանում, անկեղծ ասած, մեր մեղքի բաժինն ունենք: Բայց սրա հետ միաժամանակ այսօր նույնն Եվրոպայի ներսում է խաթարվել այդ արժեհամակագը: Եվրոպան իր քաղաքական, առևտրային, տնտեսական շահը հաճախ գերակա դարձնելով, աչք է փակում շատ կարևոր հարցերի վրա: Դրանում մենք համոզվեցինք եվրոպական ինտերգրացիոն գործընթացի փուլում: Եվ ուրեմն, եթե Եվրոպան ուզում էր, որ Հայաստանի հետ այդ գործընթացը ճիշտ հունով ընթանար, չպետք է կիրառեր երկակի ստանդարտներ: Ի վերջո, իր քայլով հավատ ու վստահությունն է կորցնում: Երկրորդ, պետք է ստեղծեր այլընտրանքային անվտանգության համակարգ, որի ուղղությամբ քայլեր սկսվեցին, անգամ խոսք գնաց հարավկովկասյան անվտանգության նոր համակարգի ստեղծման մասին, ուր նաև կնշմարվեր ԼՂ կարգավորման հեռանկարը, տարածաշրջանը կվերածվեր մեկ օրգանիզմի, ուր չէր հանդուրժվի մեկի զարգացումը մյուսի հաշվին, քանի որ սա մի յուրահատուկ տարածաշրջան է, բայց Եվրպան բաց թողեց իր ձեռքում եղած շանսը, ու չստեղծեց այն: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք:

-Գուցե պետք է ճշմարտորեն բարձրաձայնել, որ Եվրոպայի նպատակը ամնեևին էլ այս տարածաշրջանում ժողովրդավարություն տարածելը չէ, առավել ևս տնտեսությունների զարգացումը, տարածաշրջանի համար օգտակար քայլերի իրականացումը:

-Այո, քանի որ եվրոպական արժեհամակարգի տաճար համարվող ԵԽ այսօր փոխել է իր դերը, այն վերածվել է քաղաքական մարմնի: Նույն կոռուպցիան թափանցել է նաև այդ կառույցից ներս՝ ադրբեջանաթուրքական տանդեմի թեթև ձեռքով: Պատահական չէ, որ խոսվում է խավիարական դիվանագիտության մասին: Այսինքն, այստեղ էլ արժեհամակարգը այլասեռվեց: Մնում է, որ մենք ինքներս գնահատենք լավն ու վատը, ինքներս որոշենք մեր ուղղությունը: Ասվում է՝ եթե չգիտես ո՞րն է ուղղությունդ, ոչ մի քամի քեզ համար նպաստավոր չի փչի: Քանի դեռ մենք կշարունակենք կտրված մնալ մեր արմատներից, մեր նավը անզոր կլինի դիմագավել <քամիներին>:
Սկսված է ՄՄ անդամակցման կարևորագույն գործընթացը: Մենք դատապարտված ենք հաջողելու: Նախ, երկրի ներսում, իշխանությունը պետք է հասկանա, որ պետությունն ուժեղ է միայն ազգի միասնականությամբ:Մինչդեռ, այսօր նման մոտեցումները կամ ծաղրի են ենթարկվում, կամ դուրս են օրակարգից: Երկրորդ, մեր ճշգրիտ արտաքին քաղաքականությամբ չպետք է թույլ տանք, որ Թուրքիա-Ադրբեջան ձևավորված տանդեմը խոչընդոտի Հայաստանի ազգային շահերից բխող գործընթացներին: Իսկ դրա համար, գիտակցելով մեր համազգային շահը, բոլորս պետք է միավորենք մեր ներուժը` այս համընդհանուր գործում հաղթանակի հասնելու նպատակադրումով:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Regions, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն