ՀԵՐԹԱԿԱՆ ԱՂԱՆԴԸ` «ԱՐԵՎԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ»
Այս աղանդը հովանավորվում է Թուրքիային
Երեկ հրավիրած ասուլիսում Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հայտարարեց հերթական նոր աղանդի ի հայտ գալու մասին: Աղանդը, որը կոչվում է «Արեւաբուժություն», զբաղվում է հակաքրիստոնեական քարոզով:
Սեւակ Հովհաննիսյանի խոսքով` նոր աղանդի ղեկավարը կին է` Կիմա անունով, որը հավաքներից առաջ բոլոր անդամներին նույն բաժակով թեյ է տալիս, որ խմեն. «Հավաքների ժամանակ կանանց հորդորում են սեռական հարաբերություններ ունենալ պետական պաշտոնյաների հետ եւ պետական նշանակության տեղեկատվություն կորզել: «Արեւաբուժություն» աղանդը հովանավորվում է Թուրքիայից: Այս աղանդի նպատակն է Հայաստանից պետական գաղտնիքներ դուրս հանել»:
Ըստ բանախոսի` աղանդը լուրջ վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության համար: «Արեւաբուժություն» աղանդի անվանումը հատուկ է ընտրված, նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը՝ ցույց տալով, որ «Արեւաբուժություն» կոչվող աղանդը միայն բուժում է իրականացնում»,- նշեց Սեւակ Հովհաննիսյանը:
Լիգայի համանախագահից հետաքրքրվեցինք, թե աղանդների բացահայտմանը ի՞նչ է հաջորդում։
«Մենք մի շարք փաստեր ենք հրապարակում աղանդների անօրինակությունների մասին, հատկապես այն աղանդների, որոնք դեռ Հայաստանում գրանցված չեն, բայց ո՛չ այդ աղանդի գործունեությունն է կասեցվում, ո՛չ հանցագործներն են ձերբակալվում:
Օրինակ, մեկ տարի առաջ հայտարարեցինք «Կենդանի հավատք» աղանդի մասին, հիմա ունենք լուրջ փաստեր, որ այդ աղանդն անօրինական գործունեություն է ծավալում: Դիմել ենք պատկան մարմիններին, բայց ոչ մի արձագանք: Կսպասենք, եթե այդպես էլ արձագանք չլինի, բոլոր փաստերը կհրապարակենք: Կհրապարակենք, թե «Կենդանի հավատքը» չգրանցված լինելով՝ ինչու է մշակութային տան մեջ հավաքներ անցկացնում, գումարներ հավաքում:
Եթե մի կառույց եկամուտ ունի, թեկուզ անօրինական, պետք է հարկեր վճարի, եթե չգրանցված կառույցը հարկեր չի վճարում, նշանակում է ստվերում է գործում կամ հարկերը վճարում է ստվերում… պետք է պարզել, թե ում գրպանն են գնում այդ հարկերը»,- մեզ հետ զրույցում նշեց Սեւակ Հովհաննիսյանը:
Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ ՎԱՐԴԱՆ ԱՍՑԱՏՐՅԱՆԸ, ի պատասխան Սեւակ Հովհաննիսյանի ասածի, նշեց. «Եթե աղանդների մասին հստակ փաստեր լինեն, այդ դեպքում պատկան մարմինները` ոստիկանությունը, անվտանգության մարմինները, կզբաղվեն դրանցով, բայց մինչեւ հիմա շատ քիչ հստակ փաստեր են հրապարակվել»:
Անդրադառնալով լիգայի` նոր աղանդի բացահայտմանը, Վարդան Ասցատրյանն ասաց, որ հանրությանն այդ մասին իրազեկելը լավ է. «Թող մարդիկ իմանան, որ նման աղանդ է գործում, բայց, մյուս կողմից, այդ աղանդով առողջապահության նախարարությունը պետք է զբաղվի: Այստեղ լիցենզավորման խնդիր կա»:
Վ.Ասցատրանի խոսքով` եթե կազմակերպությունը հայտարարում է, թե բուժում է իրականացնում, պետք է ստուգել, իսկապես բուժում է, թե շառլատանություն է անում. «Պետք է պարզել` այն ի վերջո բուժական, թե կրոնական կազմակերպություն է: Գուցե այդ կազմակերպությունը գրանցված է որպես բուժական, հետեւաբար նախ առողջապահության նախարարությունը պետք է այդ հարցը պարզի»:
Վ.Ասցատրյանից հետաքրքրվեցինք` արդյոք հանրությանը նոր աղանդների մասին իրազեկելը Կրոնի վարչության պարտականությունը չէ՞: «Ոչ, դա մեր պարտականությունը չէ: Արեւմուտքում նոր աղանդների բացահայտմամբ զբաղվում է հատուկ ստեղծված հասարակական կենտրոնը, որն իրազեկում է հանրությանը բոլոր կրոնական կազմակերպությունների մասին: Շատ պետություններում են գործում դիտարաններ, որոնք ուսումնասիրում են` որտեղ ինչ կա, եւ դրա մասին անկողմնակալ տեղեկություն են տարածում: Սակայն շատ պետություններում գործող իրազեկման այդ մարմինը մեզանում բացակայում է»,- նշեց մեր զրուցակիցը: Ի՞նչն է պատճառը, որ մեզանում բացակայում է կարեւոր այդ մարմինը, հարցին ի պատասխան ՎԱսցատրյանը հույս հայտնեց, որ «Խղճի ազատության եւ կրոնական ազատությունների մասին» նոր օրենքը շատ հարցեր կկարգավորի. «Ընդհանրապես ցանկացած աղանդ որեւէ երկիր մուտք գործելուց առաջ նախ ուսումնասիրում է տվյալ երկրի օրենսդրությունը, նկատում է բացերը, եթե տեսնում են՝ ազատ գործելու հնարավորություններ կան, սկսում են օգտագործել դրանք»: Իսկ բացերը մեր երկրում տվյալ ոլորտում շատ են: Հայաստանում չկան կրոնի փորձագետներ, իրավաբաններ, հոգեբաններ:
Լիգայի նախագահ Սեւակ Հովհաննիսյանը համամիտ չէ Վ. Ասցատրյանի հետ: Ըստ նրա, աղանդների դեմ հիմնական պայքարողը պետք է լինեն պատկան մարմինները. «Նույն կրոնի վարչությունը, արդարադատության նախարարությունը, ոստիկանությունը պետք է պայքարեն աղանդների դեմ: Մենք մեկ տարի առաջ առաջարկել ենք, որպեսզի մեզանում ստեղծվի կրոնական ոստիկանություն: Այդպիսի կառույց կա մի շարք եվրոպական երկրներում: Շատ հանցագործություններ, ինքնասպանություններ մեզանում դիտվում են կենցաղային հողի վրա, բայց իրենց մեջ կրոնական հակումներ են պարունակում: Ու դրանք չեն բացահայտվում: Եթե լիներ կրոնական ոստիկանություն` այդ ամենը կկանխվեր, բոլոր նման հանցագործությունները կբացահայտվեին»:
Ի դեպ Երիտասարդական լիգայի նախագահ Սեւակ Հովհաննիսյանի խոսքով` իրենք հիմա սոցհարցումներ են իրականացնում` պարզելու համար, թե քանի աղանդավոր կա Հայաստանում: «Շուտով կհրապարակենք, քանի որ, ըստ տեղեկությունների` ոչ Առաքելական եկեղեցու մոտ 300 հազար հետեւորդներ կան Հայաստանում»,- ասաց Ս.Հովհաննիսյանը:
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
<Հայոց Աշխարհ>












