Որտե՞ղ է հարցերի լուծման բանալին
Երեկ Երևանում տեղի ունեցավ <ՀԱՊԿ-ը եւ անվտանգության ժամանակակից մարտահրավերները> թեմայով խորհրդաժողով՝ նախաձեռնությամբ <Ռուս-հայկական համագործակցություն> ՀԿ-ի, <Նորավանք> գիտակրթական կենտրոնի, Հայաստանում ՀԱՊԿ-ի ինստիտուտի մասնաճյուղի եւ ՀԱՊԿ-ի վերլուծական ընկերակցության:
<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը <Ռուս-հայկական համագործակցություն> ՀԿ-ն նախագահ ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆԻ հետ
-Ի՞նչ նպատակ է հետապնդում ՀԱՊԿ վերլուծական ընկերակցության ստեղծումը, և ի՞նչ դերակատարում կարող է ունենալ ընկերակցության հետ ձեր համագործակցությունը:
– ՀԱՊԿ վերլուծական ընկերակցությունը ստեղծվեց 2013-ի մարտին՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների որոմամբ: Ընկերակցության հիմնադրման պատճառը շատ պարզ է. ՀԱՊԿ ղեկավարները օգտագործում են պետական, գերատեսչական տեղեկատվություններ, վերլուծություններ սակայն անհրաժեշտություն առաջացավ անվտանգության, համագործակցության խնդիրների վերաբերյալ ստանալ նաև քաղաքագիտական կենտրոնների գնահատականներն ու վերլուծությունները: Ահա այդ աշխատանքներն էլ կազմակերպված ձևով կիրականացնի այս վերլուծական ընկերակցությունը:
Ինչ վերաբերում է <Ռուս-հայկական համագործակցություն> ՀԿ-ին, ապա մենք վաղուց ենք համագործակցում ՀԱՊԿ քարտուղարության, ստորաբաժանումների հետ, վերջերս էլ անդամակցեցինք նորաստեղծ ՀԱՊԿ վերլուծական ընկերակցությանը, մեր նպատակը համագործակցությանն առավել կազմակերպված տեսք տալն է: Ասեմ, որ ընկերակցությունը մի յուրահատուկ խողովակ է քաղագիտական վերլուծություններ, անվտանգության խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ներկայացնելու համար, ինչպես օրինակ, Հայաստանի դեմ ուղղված մարտահրավերները, Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները, այդ թվում և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների կամ Մերձավոր Արևելքի, Սիրիայի խնդիրները ներկայացնելու համար: Ամենակարևորն այն է, որ նման վերուլուծությունների, իրականացման անհրաժեշտություն առաջացավ հենց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից:
-Այն, որ ՀԱՊԿ վերլուծական ընկերակցությունն իր առաջին խորհրդաժողովը կազմակերպեց Երևանում պայմանավորված է Հայաստանի Մաքսային միության անդամակցման շուրջ բավականին ակտիվ ընթացող գործընթացներո՞վ:
-Անկեղծ ասած, դրանք ուղղակիորեն մեկմեկու հետ կապված չեն, որովհետև եթե անգամ Հայաստանը կայացներ մեկ այլ ինտեգրացիոն որոշում և շարժվեր մեկ այլ ուղեծրով, ապա միևնույն է, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, նման վերլուծական աշխատանքներ Հայաստանի հետ կազմակերպվելու էին: Ինչու, որովհետև Հայաստանը, ինչպես և ՀԱՊԿ անդամ մյուս երկրները ուղղակի, թե անուղղակի բախվում է տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին: Իսկ դրանք քիչ չեն՝ ինֆորմացիոն անվտանգություն, ոչ լեգալ միգրացիա, նարկոտիկի առք ու վաճառք, ռազմական սպառնալիքներ: Արցախյան հիմնախնդրի չկարգավորված լինելու հանգամանքը, Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, նրա կողմից սպառազինության ընդլայնումը այն անմիջական մարտահրավերներն են, որոնց առաջ կանգնած է Հայաստանը:
Ուրեմն, անդամակցելով ՀԱՊԿ վերլուծական ընկերակցությանը պետք է կարողանանք համակարգված ձևով ներկայացնել մեր տեսակետները թե՜ Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների, թե՜ գլոբալ խնդիրների վերաբերյալ: Սրանք կարևորելով էլ առաջին գիտաժողովը կազմակերպեցինք հենց Երևանում:
Հիշո՞ւմ եք, Մինսկում կայացած Եվրասիական միության բարձրագույն խորհրդի անդամների հանդիպման ժամանակ Բելոռուսի ու Ղազախստանի նախագահների կողմից որոշակի տրամադրություններ արտահատվեցին, այն ցույց տվեց, որ անհրաժեշտություն կա լրջագույն աշխատանք իրականացնելու այս երկրների պետական ուսումնական հաստատությունների, վերլուծական կենտրոնների հետ:
-Կարծում եք տեղեկատվական, վերլուծական բա՞ցն էր պատճառը, որ Հայաստանի ՄՄ անդամակցման համար Բելոռուսի նախագահը ցանկացավ նախ հաշվի նստել Ադրբեջանի կարծիքի հետ:
-Իսկ ինչու ոչ: Եթե մենք Բելոռուսում, կամ Ղազախստանում ունենանք գոնե երկու պատրաստված քաղաքագետներ, որոնք հայկական խնդիրները խորքային վելուծությամբ կներկայացնեն համապատասխան կառույցներին, շատ արդյունավետ կլինի մեզ համար, դրանով մենք նաև կլրացնենք պետական, գերատեսչական, դիվանագիտական խողովակներով կատարվող աշխատանքը: Ես շատ եմ կարևորում այս ընկերակցության միջոցով Ղազախստանի, Բելոռուսի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների պետական վերլուծական ինստիտուտների հետ աշխատելը, նրանց անհրաժետ չափով հայկական խնդիրներին հասանելի դարձնելը: Տեղեկացվածության պակասը մեր շահերից չի բխում:
–Խորհրդաժողովի ժամանակ միտք հնչեց, թե դեռ ԽՍՀՄ տարիներից կուտակված ազգամիջյան տարբեր հակասությունները Միության փլուզումից հետո անմիջապես գլուխ բարձրացրին: Առաջարկ արվեց ստեղծել մի կառույց, որն անմիջականորեն կզբաղվի նման հարցերի լուծմամբ: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Ըստ էության, ՀԱՊԿ-ը ԱՊՀ երկրների շրջանակներում հենց այդ արդյունավետ կառույցն է, նման խնդիրները կարգավորվում են ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում և միջպետական հարաբերություններում: Հետևաբար, նոր կառույցի ստեղծման կարիք չկա, քանի որ անհրաժետ կառույցներն ու խողովակները կան, պարզապես,հարկավոր է ավելի արդյունավետ գործել: Ինչպես տեսնում եք, այսօր տարբեր՝ կրոնական, քաղաքակրթական, տնտեսական, աշխարհաքաղաքական հենքի վրա հակամարտությունների նոր օջախներ են բորբոքվում: Ուրեմն, անհրաժետ է առավել կենսունակ լինել դրանց կանխարգելման համար, հասնել նրան, որ հակամարտությունները կանխվեն խաղարարարական մեթոդներով:
–Չնայած հայտարարված զինադարարին, բայց ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի հերթական խախտումն է արձանագրում: Հնարավոր չէ՞ ՀԱՊԿ շրջանակներում հասնել նրան, որ դադարի Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ:
–Դուք խոսում եք մի այնպիսի պետության մասին, որի առաջին դեմքն է ռազմատենչ քաղաքականության հեղինակը: Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և այդ շրջանակներում ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցությունն այն զսպաշապիկն է, այն վստահելի հովանոցը, որը կարողանում է գլոբալ առումով զսպել ագրեսիվ տրամադրված պետության ղեկավարին: Ցավոք, դա դեռ հնարավոր չի լինում կատարել նաև լոկալ իմաստով. ը՜չ Հայաստանը, ո՜չ ՀԱՊԿ-ը չեն կարող կանխել տաք գլուխներին ու արկածախնդիրներին: Բայց կրկնում եմ, գլոբալ առումով զսպումը կատարվում է: ՀԱՊԿ-ում մշակված են բավարար մեխանիզմներ վտանգի դեպքում անդամ երկրին օգնելու համար: Մեկ բան է, երբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստանում է զենքի մեծ քանակություն, մեկ այլ բան, եթե չլիներ այս զսպաշապիկը:
Հավատացեք, եթե Հայաստանը լիներ միայնակ՝ պատկերը բոլորովին ուրիշ կլիներ: Չնայած Ադրբեջանը մեծ չափերով սպառազինվում է, սակայն չմոռանանք, որ բալանսը վերահսկելի է: Գիտեք, երբ ագրեսիվ տրամադրված պետությունը, տվյալ դեպքում Ադրբեջանը, ուզում է հաշվարկել իր պոտենցիալը, բնականաբար, արձանագրում է հետևյալ փաստերը. հակառակորդ
կողմը կոլեկտիվ անվտանգության անդամ է, որն իր մեջ ունի արագ արձագանքման, խաղաղարար ուժեր, և հարկ եղած դեպքում քաղաքական, ռազմական ՙսիգնալ՚ կստանա, ուրեմն՝ պաշտպանված է:
-Ի՞նչ կասեք Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի հայտարարության մասին՝ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում ռազմաբազան ռազմական գործողություններ կսկսի:
– Ես չեմ ուզում մտնել դետալների մեջ և կասեմ ընդամենը հետևյալը. Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է ու այդ շրջանակներում պաշտպանված, և չմոռանաք նաև, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է: Ահա սա’ է բանալին, որտեղ լուծվում են բոլոր հարցերը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












