Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Մշակույթ

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆՍԵՄԱՑՆԵԼ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ.ՔԱՐԱՀՈՒՆՋ

Նոյեմբեր 20, 2013թ. 23:12

քարահունջՕրեր առաջ մաթեմատիկոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Վաչագան Վահրադյանը մատնանշեց Սիսիան քաղաքի մոտակայքում գտնվող մեգալիթյան հսկա կառույցին` Քարահունջին սպառնացող վտանգի մասին։ Այս խնդիրը նոր չէ, սակայն տեղական իրավասու մարմինները մինչ օրս արժանի ուշադրություն չեն դարձնում դրան, իսկ նրանց անտարբերությունը օտարազգի գիտնականներն հօգուտ իրենց են շահարկում: Մեր զրուցակիցն է երկար տարիներ Քարահունջի ուսումնասիրությամբ զբաղվող եւ այդ ոլորտում մի շարք հետաքրքիր բացահայտումներ կատարած ՎԱՉԱԳԱՆ ՎԱՀՐԱԴՅԱՆԸ:

-Պարոն Վահրադյան, նախ պատմեք, թե ինչով էր պայմանավորված ձեր հետարքրությունը Քարահունջի նկատմամբ:
-Ես Քարահունջի ուսումնասիրմամբ սկսեցի զբաղվել 2007- 2008 թվականներից: Հետաքրքրությունն առաջացավ այն ժամանակ, երբ Անգլիայի տարեգրության մեջ կարդացի բրիտների մասին, որոնք, ըստ այդ տարեգրության, Անգլիա էին մեկնել Հայաստանից: Իսկ Անգլիայի հանրահայտ «Բրիտանիկա» հանրագիտարանում գրված է, որ Սթոունհենջը կառուցել են բրիտները:
Ես այդ ժամանակ սկսեցի Հայաստանում փնտրել բրիտների հետքերը: Արդեն գիտեի Պարիս Հերունու` Քարահունջում կատարած հետազոտությունների մասին, եւ ինձ եւս հետաքրքրեց այդ կառույցը, քանի որ որոշակի նմանություններ էի տեսնում Սթոունհենջի եւ դրա միջեւ:
Ավելի ուշադիր սկսեցի ուսումնասիրել եւ կառուցվածքային ակնհայտ նմանություններ գտա: Ինձ առավել հետաքրքրեց մեր Քարահունջի քարերի անսովոր անհամաչափ դասավորվածությունը: Այդ անհամաչափությունը մեջս մտքի փայլատակում առաջացրեց, որ քարերի դասավորվածությունը կարող էր որեւէ համաստեղության արտապատկերումը լինել երկրի վրա: Քանի որ հնագույն քաղաքակրթություններում նման բան կար` մարդիկ երկնային պատկերներն արտացոլում էին երկրի վրա:
-Այսօր Քարահունջն ավելի շատ հիշատակվում է «Զորաց քար» անունով, որը դուք չեք ընդունում: Ինչո՞ւ:
-Կառույցի հնագույն անվանումը, որ մտել է գիտական շրջանառության մեջ, պատկանում է ազգագրագետ Մելիք-Շահնազարյանին: Նա 1893թ. նկարագրելով կառույցը` այն անվանել է Ղոշուն-դաշ, ինչպես իրեն ասել էին Սիսիանի շրջանի տեղաբնակները:
Իրականում այդ անվանումը թուրքացված է: Այն, որ տեղաբնակներին կառույցի անվան հայկական տարբերակը հայտնի չի եղել, ամենեւին չի զարմացնում, քանզի հայկական տեղանունների օգտագործումը թուրքերեն տարբերակով տարածված երեւույթ էր, ինչը, ի դեպ, պատահականություն չէ: Դա Օսմանյան Թուրքիայի վարված քաղաքականության հետեւանքն է, նաեւ անվանափոխությամբ ուրիշինը յուրացնելու քոչվորի ձեռագիր:
Այս անվանունը օգտագործվեց մինչեւ 1960-ական թթ., իսկ 1965թ. Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ քաղբյուրոն թույլատրեց թրքացված հայկական տեղանունները հայկականացնել: Այդպես Դարաչիչակի անվանումը վերականգնվեց ու դարձավ Ծաղկաձոր, իսկ Ղոշուն-դաշը` «Զորաց քար»:
Ի դեպ, ակնհայտ թարգմանական սխալ կա, քանի որ ղոշուն բառը թարգմանվել է իբրեւ զորք, զորաց, մինչդեռ բառարանում այդ բառի թարգմանությունն է` շարք: Եթե Քարահունջի անվանումն օգտագործենք նախնական իմաստով` իբրեւ զորաց քարեր, ուրեմն համաձայն ենք թուրքերի այն պնդմանը, թե իրականում Քարահունջը թուրք զինվորների դամբարան է, որտեղ մեծ քարերի տակ թաղված են բարձրաստիճան զորապետերը, փոքրերի տակ` ցածր կոչում ունեցողները:
Թուրքերը դրանում շահագրգռված են, քանի որ այդ կերպ փաստորեն ստացվում է, որ Քարահունջը թուրքական ծագում ունի, հետեւաբար հայկական տարածքներն էլ թուրքերինն են: Բայց դա իրականությանը չի համապատասխանում: Սակայն այսօր կան հայ հնագետներ, պատմաբաններ, ովքեր նույնպես պնդում են, թե Քարահունջը դամբարանադաշտ է եւ զորքի հետ են այն կապում` չհասկանալով, որ դրանով ջուր են լցնում թշնամու ջրաղացին:
Ավելին` 2009թ. կառավարությունը որոշեց Քարահունջ հուշարձանախմբին պատմամշակութային արգելոցի կարգավիճակ տալ` հուշարձանն անվանելով «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոց»:
Իրականում Քարահունջն աստղադիտարան է, որեւէ կապ չունի զորքի ու դամբարանադաշտի հետ: Գնացեք` քարերը բարձրացրեք եւ ստուգեք՝ այնտեղ ոսկորներ կա՞ն, թե՞ ոչ: Այդ տարածքում պեղումներ կատարած Օնիկ Խնկիկյանի հավաստմամաբ` պեղումների ենթակա գոտին 60-70 սմ խորություն ունի, որից հետո ապառաժ է: Այդտեղ ինչպե՞ս է հնարավոր որեւէ մեկին թաղել: Այդ պնդումն առնվազն ծիծաղելի է:
Մենք փորձում ենք վերականգնել կառույցի նախնական անվանումը` Քարահունջը, որը ստուգաբանորեն նշանակում է քարե փունջ: Փունջը տեղաբնակների բարբառով հնչում է հունջ: Այստեղից էլ` Քարահունջ:
-Քարահունջի անվան եւ նշանակության աղավաղումը միայն թուրքակա՞ն կողմին է ձեռնտու:
-Ոչ միայն: 2000թ. գերմանացի հնագետների մի խումբ ժամանեց Հայաստան` Քարահունջը ուսումնասիրելու «ազնիվ» մտադրությամբ: Սակայն սկզբից եւեթ գերմանացիները կառույցը ոչ թե աստղադիտարան, այլ «Զորաց քար»` դամբարան կոչելուն էին հակված, պնդում էին, թե այստեղ հնում գերեզմանոց է եղել, եւ զինվորներ են թաղված:
Փորձենք հասկանալ, թե ինչ նպատակ է իրականում թաքնված նրանց դիրքորոշումներում: 1996-ին Գերմանիայում հայտնաբերվել է նման փայտաշեն մի կառույց` 6000 տարվա վաղեմության: Այն ունի դեպի հյուսիս, հարավ-արեւելք եւ հարավ-արեւմուտք նայող երեք միջանցքներ: Հայտնաբերված կառույցը գերմանացիները շտապեցին հայտարարել որպես աշխարհի ամենահին աստղադիտարան:
Բայց նրանց բախտը չբերեց. փոքրիկ Հայաստանում հանկարծ ի հայտ եկավ գերմանական փայտաշենից անհամեմատ ավելի հին ու առավել հզոր մի քարաշեն հսկա: Պարզ չէ՞, թե ինչու գերմանացիներին ձեռնտու չէ, որ հայկական Քարահունջը ճանաչվի որպես աստղադիտարան ու հայտարարվի աշխարհում առաջինը:
Ուրեմն պիտի արձանագրենք նաեւ փաստը, որ գերմանացի հնագետների խումբը, հայրենասիրական զգացումներով տոգորված, շտապել էր Հայաստան, որ հերքի հայկական հնագույն աստղադիտարանի գոյությունը, որպեսզի այն հանկարծ չստվերի իրենցը: Մինչդեռ որոշ հայ «գիտնականներ» ստրկամտորեն ջուր են լցնում օտարի ջրաղացին, որովհետեւ այնտեղ հնագիտությունը ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ մեզանում` արտասահմանյան գրանտներով:
Քարահունջի հանդեպ «անտարբեր» չէ նաեւ Մեծ Բրիտանիան, որն առաջ է քաշում այն միտքը, թե կան որոշակի զուգահեռներ բրիտների կողմից կառուցված Սթոունհենջի եւ հայկական Քարահունջի միջեւ: Անգլիացիների անհանգստությունն առավել սրվում է, երբ հաստատվում է այն փաստը, որ հայկական Քարահունջը մոտ 3 հազար տարով ավելի հին է անգլիական Սթոունհենջից:
Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քարահունջի եւ Սթոունհենջի միջեւ առկա է ոչ միայն լեզվաբանական կապ, այլեւ երկուսն էլ գործածական առումով նույնն են` աստղադիտարաններ են, երկուսն էլ կառուցել է նույն մշակույթը կրող, գրել իմացող ժողովուրդը` բրուն-բրիտները` ապա ենթադրվում է, որ անգլիացիները ծագումնաբանական կախվածություն ունեն հայերի հետ:
Այդ բացահայտումներից անհանգստացած անգլիական գիտնականները, ինչպեսեւ սպասվում էր, գերմանացիների նման գնացին Քարահունջի աստղադիտարան լինելը միանշանակորեն մերժելու, փոխարենը «Զորաց քարի» անհեթեթ տեսությունը ամրապնդելու ճանապարհով:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն