Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան

ՈՒՇԱԴՐՒՈԹՅՈՒՆ ՄԻ ԴԱՐՁՐԵՔ ԵՎՐԱՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԽՈՍՔԵՐԻՆ

Հոկտեմբեր 4, 2013թ. 23:21

Հարցազրույց քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ

Եվրոչինովնիկները սեպտեմբերի 3-ից սկսած հայտարարում են ՝ Հայաստանը անակնկալ մատուցեց կայացնելով Մաքսային միությանն անդամակցելու որոշում, ոմանք անգամ իրենց թույլ տվեցին ոչ կոռեկտ գնահատականներ հնչեցնել՝ Հայաստանը համարելով անվստահելի գործընկեր: Սակայն ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահը հստակ հայտարարեց, որ բազնիցս է եվրոպացի գործընկերին ասվել՝ ընտրության դեպքում մեր երկիրը նախապատվությունը տալու է ռազմավարական դաշնակցին: Եվ ուրեմն ի?նչ անակնկալի մասին է խոսքը:
-Հայաստանի նախագահը, այո, եվրոպական գործընկերներին պարզորոշ ասել է, եթե Հայաստանը կանգնի ընտրության առաջ, ապա ընտրելու է ռուսական ինտեգրացիոն ուղղությունը, այսինքն, դեպի Մաքսային միություն: Բայց դրանով հանդերձ Եվրոպայում նաև չէին սպասում, որ կարող է ստեղծվել այնպիսի մի իրավիճակ, որի արդյունքում Հայաստանը կկանգնի նման ընտրության առաջ: Սակայն դա տեղի ունեցավ: Ու թերևս սա էր եվրոպացիների անակնկալի պատճառը: Ինչ վերաբերում է վստահելի գործընկեր բնորոշմանը, այո, որոշ եվրոպական չինովնիկներ նման հայտարարություններ արեցին, ինչը, կարծում եմ, էմոցիաների հետևանք էր, և ուրիշ ոչինչ: Հայաստանը անվստահելի գործընկեր չէ, ուղղակի իրավիճակ փոփոխվեց:
-Այսինքն, ինչ- որ փուլում Եվրոպան խաղի կանոնները փոխե?ց ` ստիպելով մեզ կանգնել ընտրության առաջ:
-Ես այն կարծիքին չեմ, թե խաղի կանոնները եվրոպացիները փոխվեցին, հակառակը, իրավիճակի փոփոխությունը պայմանավորված էր տարածաշրջանային մի շարք խնդիրներով, խոսքս վերաբերում է Ուկրաինայի, Բելոռուսի նաև Մոլդովայի հետ Ռուսաստանի հարաբերություններին, այդտեղ տեղի ունեցավ փոփոխություն, ինչն էլ հանգեցրեց մեզանում իրավիճակի փոփոխման: Եվ օգոստոսի վերջին սեղանին հայտնվեց Մաքսային միության հրավերը, որը պակասեցրեց մեր <և..և>-ի հնարավորությունը: Ի դեպ, ասեմ, որ եվրոպացիները մշտապես Հայաստանին ասել են, որ հնարավոր չի լինի համատեղել Մաքսային միությունն ու Խորը եւ համապարփակ Ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը:
-Հայաստանն էլ իր հերթին որպես ազնիվ գործընկեր ասել է՝ <և... և> քաղաքականության կողմնակիցն է, բայց եթե կանգնի <կամ... կամ>-ի առաջ ընտրությունը լինելու է հօգուտ ռուսական ինտեգրացման:
-Այո, բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք. Եվրամիության համար շատ կարևոր է, որ իր արևելյան գործընկերները, ինչպիսին են Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը չփորձեն միաժամանակ լինել երկու դաշինքներում, Եվրոպան ուզում է, որ այդ երկրները նախապատվությունը տան միայն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին և ոչ թե Մաքսային միությանը: Սա է պատճառը նաև, որ ԵՄ-ին ձեռնտու չէ Հայաստանին այսօր տալ հնարավորություն ստորագրելու և՛ մեկը, և՛ մյուսը:
Իրողություն է նաև այն է, որ Մաքսային միությունն ու Ասոցացման համաձայնագիրը հակասում են մեկմեկու: Համատեղելը շատ դժվար է:
Միաժամանակ ասեմ, որ Հայաստանի համար Ասոցացման համաձայնագիրը կարևոր էր ոչ թե տնտեսական, այլ քաղաքական առումով, ինչու, որովհետև ԵՄ տնտեսական հատվածը սկսելու էր գործել միայն 10 տարի անց, ու դժվար է ասել, թե այն ինչպիսին կլիներ, մինչդեռ տնտեսական հարթության մեջ Հայաստանի համար շատ ավելի մեծ են ակնկալիքները Մաքսային միությունից:
-Այս առումով իբրև փաստ նշեմ, որ ԵՄ դոնորների համաժողովը , որը պետք է 1,05 մլրդ դոլարի ներդրումներ աներ Հայաստանի տնտեսության մեջ, այդպես էլ տեղի չունեցավ, Ասոցացման համաձայնագրում էլ նշված էր Հայաստանի համար ոչ նպաստավոր քայլի՝ Ատոմակայանի փակման մասին, մինչդեռ ռուսները ֆինանսական ներդրումներ խոստացան: Բնական է, որ Հայաստանը պետք է ընտրեր օգտակարը:
-Փաստև շատ տեղին է. ԵՄ-ն իր խոստումները չի կատարել, այո, դոնորների համաժողովն էլ չկայացավ: Իսկ Մաքսային միության դեպքում գործ ունենք կոնկրետ խոստումների հետ: Բայց ներկայումս ՄՄ-ի տնտեսական օգտակարությունը ևս չի երևում, մնում է սպասել, տեսնել, թե դրանք որքանով իրականություն կդառնան:
-Ի դեպ, ԵԽԽՎ-ում հարց հնչեց, թե ինչով կարող է ԵՄ-ն օգնել լինել Հայաստանի տնտեսությանը, Սերժ Սարգսյանը հստակ պատասխանեց՝ բացեք հայ-թուրքական սահմանը: Անկեղծ ասած, Եվրոպան չկարողացավ նաև այս հարցում օգտակար լինել շրջափակված Հայաստանին: Ուրեմն, ի?նչ իրավունքով կարող են մեզ քայլեր պարտադրել:
-Ճիշտ եք, բայց այստեղ կա հետևյալ խնդիրը, Եվրոպան հնարավորություն չունի ստիպել Թուրքիային, մի երկրի, որը փորձում է Եվրոպայից անկախ քաղաքականություն իրականացնել: Թուրքիան անգամ հայտարարեց, որ չի ուզում ԵՄ մտնել: Մյուս կողմից էլ, եթե ԵՄ-ն ճնշումներ գործադրեր Թուրքիայի վրա, արդյունքներ կլինեին, բայց Եվրամիությունն այդպես չի աշխատում երկրների հետ: Այնպես, որ դժվար է սպասել, որ վաղը Եվրոպան կկարողանա հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ ավելին անել:
-Այդ ամենով հանդերձ, նախագահը շեշտեց, որ ԵՄ-ն Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է և Հայաստանը շարունակելու է համագործակցել՝ համադրելով Արևմուտքի ու Ռուսաստանի շահերը: Լինել Արևմուտք-Ռուսաստան կապող օղակը ամենից շահեկան քաղաքականությունն է Հայաստանի համար, բայց արդյո?ք դա մեզ կհաջողվի:
– Մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական տեսակետից բարդ տարածաշրջանում, հետևաբար, միայն մեկ կողմին հարելով կվնասենք մեր երկրը: Կարևոր էր նախագահ Սարգսյանի շեշտադրումը՝ համադրել երկու կողմերի շահերը: Հայաստանն այլ ընտրություն չունի ու պետք է շարունակի այդ քաղաքականությունը:
Այս իմաստով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարելի է անվանել <չվնասելու>, և ոչ թե ընտրության քաղաքականություն: Ուրեմն, հարկ է լինել զգուշ, որպեսզի հնարավորինս քիչ սխալներ գործենք: Սրան զուգահեռ, կողմերից ամեն մեկը, Ռուսաստանն ու Արևմուտքը, ուզում է, որ Հայաստանը լինի միայն իր գործընկերը, այս առունով նրանց դուր չի գալիս, որ Հայաստանը ուզում է բոլորի հետ լավ հարբերություններ ունենալ, ասենք և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի, բայց նրանք նաև հասկանում են, որ Հայաստանն այլ տարբերակ չունի, քանի որ դա է թելադրում իր աշխարհաքաղաքական դիրքը: Հավատացեք՝ կողմերը դա հասկանում են: Հետևաբար, մենք չպետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք այս կամ այն կողմից հնչող սուր արտահայտություններին, կյանքը չի փոխվում, երբ եվրոպական մի չինովնիկ ինչ-որ խոսքեր է հնչեցնում: Օրինակ, երբ ասում են՝ <այլ ընտրություն չկա>, դա միայն Հայաստանի համար չի ասվում, առավելապես ուղղված է ուրիշ երկրներին, ուրեմն, դրանց վրա մենք շատ ուշադրություն չպետք է դարձնենք: Ի վերջո, հայտարարություններից դուրս կա իրական քաղաքականություն:
– Միաժամանակ նախագահը եվրոպացիներին պարզորոշ ասաց, որ Հայաստանը ԵՄ հետ համագործակցության ծրագրից չի հրաժարվել և առաջարկեց որոշ գլուխներ հանելով, համաձայնության գալ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածի շուրջ : Կհաջողվի? Վիլնյուսում այդ տեսքով ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:
-Դեռ ոչինչ պարզ չէ, Վիլնյուսում ինչ-որ բան կստորագրվի?, թե ոչ: Այս պահին եվրոպական կառույցների ներկայացուցիչները միայն ասում են, որ համաձայնագիրը հին տեսքով չի կարող ստորագրվել, և դա պարզ է, քանի որ նախկինը հիմնականում տնտեսական պայմանագիր էր: Իսկ այսօր Հայաստանը նպատակ ունի համագործակցությունը շարունակել քաղաքական մասով: Ամեն ինչ կախված է նրանից, թե Բրյուսելում քաղաքական ինչպիսի որոշում կկայացվի: Չնայած դժվար է այսօր ենթադրություններ անելը, բայց կարծում եմ, որ առանց Ասոցացման պայմանագրի ստորագրման ԵՄ-ն կշարունակվի համագործակցությունը Հայաստանի հետ բարեփոխումների դաշտում՝ Հայաստանի օրենսդրությունը եվրոպականին համահունչ դարձնելու նպատակադրումով: Այսինքն, Հայաստան- Եվրոպա համագործակցությունը կշարունակվի:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն