Եվրոպան դարձյալ սխալվեց, որովհետև ասում է՝ «կամ…կամ»
Հարցազրույց Դեմոկրատական կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Ուկրաինայում Եվրամիության հետ ասոցացման գործընթացները կանխատեսելի զարգացում ունեցան՝ այդ երկիրը եւս մերժեց եվրոպական խաղի կանոնները: Կարելի՞ է ասել, որ ԱՊՀ տարածքում Եվրոպան կրեց իր երկրորդ պարտությունը` Հայաստանից հետո:
-Չեմ կարծում, որ Ուկրաինայում կատարվածը կանխատեսելի էր, կողմերը լրջորեն էին պատրաստվում վիլնյուսյան գագաթաժողովին: Ուկրաինայի իշխանությունն այս պահին քաղաքական «կուլբիտ» արեց, պետք է հասկանա, թե ԵՄ ասոցացումը որքանո՞վ կանդրադառնա իր տնտեսության զարգացման վրա, եւ դրա հետեւանքով որքանո՞վ կարող է պահպանել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Ինչ վերաբերում է Եվրոպայի պարտվելուն, ապա վերջինս համբերատարորեն կսպասի ու չի հրաժարվի ո՛չ Ուկրաինայից, ո՛չ Հայաստանից, ոչ էլ մյուս երկրներից, քանի որ նրանք շատ կարեւոր են Եվրոպայի համար իր աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից:
Իհարկե, եվրոչինովնիկները, ինչպես Հայաստանի որոշումից հետո, մի քանի օր կգտնվեն շոկային վիճակում, բայց հետո կվերանայեն իրենց մոտեցումներն ու կսկսեն փնտրել համագործակցության նոր ուղիներ:
–Ուկրաինայի պարագայում դարձյալ նույն իրողությունն է, ինչպիսին եղավ Հայաստանի դեպքում. այժմ էլ ուկրաինացիներն են առաջ քաշում «եւ…եւ»-ի տարբերակը, բայց Եվրոպան կրկին դեմ է այդ քաղաքականությանը: Ճի՞շտ են վարվում եվրոպացիները:
– Մաքսային միությանը անդամակցումն ու Եվրամիության ասոցացումը մեկմեկու հակադրելը համարում եմ եվրոպացիների մեծագույն սխալը: Նրանք պետք է հասկանան, որ ընդամենը 22 տարի է, ինչ փլուզվել է ԽՍՀՄ-ը, եւ հետխորհրդային հանրապետությունները չեն ձերբազատվել 70 տարում ձեւավորված հարաբեություններից, ե՛ւ տնտեսական կապերն են ավելի ամուր, ե՛ւ իրենց զարգացման մակարդակով են ավելի մոտ մեկմեկու, վերջապես նրանց հիմնական աշխատաշուկան Ռուսաստանն է:
Իսկ Եվրոպան այս ամենն անտեսելով՝ ոտքը դրել է մեկ մաշիկի մեջ ու ասում է՝ «կամ…կամ»: Սա վկայում է եվրոպական կառույցների տոտալիտար մոտեցման մասին, ձեւավորել են ստանդարտների մի շարք ու երկրներին պարտադրում են՝ չեք ընդունում, ուրեմն մեզ հետ գործ չունեք: Կարծում եմ, Եվրոպան ժամանակին կգիտակցի իր սխալը եւ այս ամենը հաշվի կառնի:
–Ուկրաինայի մտափոխման հարցում վճռորոշ դեր ունեցան ձեռնարկատերերի տնտեսական պահանջնե՞րը, թե՞ կար քաղաքական խնդիր՝ Տիմոշենկոյի ազատ արձակման Եվրամիության պարտադրանքը:
-Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը: Եվրոպան ի՞նչ իրավունքով է պարտադրում սուվերեն պետությանը ազատել իր քաղբանտարկյալին: Պատկերացրեք, նման քայլ կատարեր Ռուսաստանը, օրինակ, մեզ պարտադրեր որեւէ մեկին ազատել բանտից կամ ձերբակալել, ի՜նչ վայնասուն կբարձրանար, կասեին՝ տեսեք, թե ռուսները ո՜նց են միջամտում մեր ներքին գործերին, վասալ ենք դարձել:
-Եվրոպացի չինովնիկները հիմա էլ Ուկրաինայի ԵՄ ասոցացումից հրաժարումն են համարում Ռուսաստանի գործադրած ճնշման հետեւանք:
-Գիտեք, դա ինքնավստահության եւ ինքնահավանության հետեւանք է: Եվրոպացիները համարում են, որ իրենք այնքա՜ն անխոցելի են, Եվրոպան էլ այնքա՜ն երանելի մի տեղ է, ինչպե՞ս կարող են իրենցից հրաժարվել: Սա գեղեցիկ աղջկա պատմության պես մի բան է, երբ իր մի քիչ սիրուն լինելը բավարար է համարում իրենով հրապուրվելու համար՝ մոռանալով խելքի մասին:
Պուտինը բաց տեքստով ասում է՝ ես իմ երկրի տնտեսական շահերն եմ պաշտպանում, եթե Ուկրաինան ԵՄ հետ ասոցացվում է, ապա ՌԴ շահերը ոտնահարվելու են: Սա ոչ թե ճնշում է, այլ սեփական երկրի շահի պարզ գիտակցում:
Իսկ ի՞նչ անուն տալ նրան, երբ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալիս Եվրոպան հազարավոր կետեր դրեց մեր առաջ, դա ճնշում չէ՞ր:
-Եթե Հայաստանը ՄՄ անդամակցումը հիմնավորեց երկրի անվտանգությամբ, ապա Ուկրաինան ընդգծեց տնտեսական կողմը: Փաստորեն ԱՊՀ երկրները համոզվում են, որ Եվրոպայի հետ պետք չէ՞ հույսեր կապել տնտեսական զարգացման առումով:
-Նախ՝ Հայաստանը ոչ միայն իր անվտանգության հարցերից ելնելով կարեւորեց ՄՄ անդամակցումը, այլեւ տնտեսության զարգացման: Մենք մրցունակ արդյունաբերություն չունենք, որ հանգիստ մտնենք Եվրոպական շուկա: Չի կարելի իրականությունից կտրվել ու «բմբուլից բերդեր» կառուցել:
Պետությունը, այո, պետք է ամուր լինի նաեւ տնտեսապես, դրա համար Ուկրաինան գիտակցեց այն վտանգը, որի առաջ կարող է կանգնել ռուսական շուկան կորցնելու դեպքում: Իսկ Եվրոպան, եթե իրոք ցանկանում էր նպաստել մեր երկրի զարգացմանը, ապա պետք է ներդրումներ աներ մեր տնտեսության մեջ, բայց նրանց ներդրումները խրախուսում են, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության զարգացումը, լավագույն դեպքում որեւէ ոլորտի կառուցվածքային բարեփոխումները: Բայց դա ընդամենը կցորդ երկրի կարգավիճակ է:
-Եվրոպայի հույսը մնաց Մոլդովան ու Վրաստա՞նը. չնայած կարծիքներ կան, որ Վրաստանը եւս կարող է հերթական անակնկալը մատուցել Եվրամիությանը: Արեւելյան գործընկերությունը տապալվե՞ց:
-Ժամանակից շուտ կանխատեսումներ չեմ ուզում անել, Վրաստանը դեռ պետք է վերագնահատի այն, ինչ տեղի ունեցավ Սահակաշվիլու կառավարման տարիներին, Վրաստանին ժամանակ է հարկավոր:
Ինչ վերաբերում է Արեւելյան գործընկերության տապալմանը, չեմ կարծում, որ եվրոպացիներն այդքան հեշտությամբ դրանից կհրաժարվեն: Եվրոպային հաջողվել է մեզ մոտ ձեւավորել այնպիսի մի խավ, որը ճիշտ է համարում եվրոպական արժեհամակարգին միանալը: Մի ժամանակ էլ ռուսոֆիլներ կային, որոնց համար ընդունելին միայն ռուսական արժեհամակարգն էր:
Մի ծայրահեղությունից մյուսն ընկնելու այդ վատ հիվանդությունից պետք է ձերբազատվենք: Կարծում եմ, որ մեր արժեհամակարգը շատ ավելի ինքնաբավ է, եւ հարկ չկա ինչ-որ մեկին ընդօրինակել, կարող ենք օգտվել Եվրոպայի լավագույն ձեռքբերումներից, բայց մեր սեփականը զարգացնել: Ո՛չ պետք է վախենալ, ոչ էլ հաճոյանալ, այլ պահպանել սեփական ազգային արժանապատվությունը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












