Հայաստանի ապագան Արևելյան բևեռում է
<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ
–Վեցյակն ու Իրանը համաձայնության եկան Միջուկային ծրագրի շուրջ. 30 տարվա շրջափակումից հետո վերջապես Արեւմուտքը մեղմացնում է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Կարո՞ղ ենք ասել, որ կատարվածը պատմական իրողություն է՝ տեղի ունեցավ Արեւմուտք-Իրան հաշտեցումը:
– Իրան-Արևմուտք համաձայնությունը, հիրավի, պատմական իրադարձություն է, շրջադարձային քայլ՝ 30 տարի շարունակվող լարված փոխհարաբերություններում: Իսկ ինչ վերաբերում է Իրան- Արևմուտք հաշտությանը, ապա այսօր այն փոքր- ինչ չափազանցված կհամարեմ, չնայած կատարված քայլը կարող է հանգեցնել հաշտության: Կարծում եմ Արևմուտքը հասկացավ, որ Իրանի հետ փոխհարաբեություններում պետք է ավելի կշռադատված մոտեցում դրսևորել: Մինչդեռ արևմտյան քաղաքական շրջանակներում Իրանը մշտապես մեխանիկորեն համեմատվել է արաբական երկրների, անգամ Աֆղանստանի, Պակիստանի հետ, ինչը մեծագույն սխալ է: Նրանք մոռանում են, որ Իրանը 3000-ամյա անընդմեջ պետականություն ունեցող երկիր է՝ իր ավանդույթներով: Մյուս կողմից, 30 տարի գտնվելով շրջափակման մեջ Իրանը մշակել է այնպիսի տնտեսություն, որն ինքնաբավ է, այսինքն, նրա հանդեպ անգամ պատժամիջոցների խստագույն կիրառումը չունեցավ Արևմուտքի համար ցանկալի հետևանքներ:
– Իրանի հանդեպ Արևմուտքի քաղաքականության մեղմացումը հետևանք չէ՞ նաև տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիվացման:
-Այո, արևմտյան քաղաքականության մեղմացումը և՜ Իրանի, և՜ Սիրիայի հանդեպ Ռուսաստանի ակտիվ քաղաքականության հետևանքն է: Ռուսաստանը վերագտնում է իրեն, օր օրի բարձրանում է նրա աշխարհաքաղաքական արժեքը տարածաշրջանում ու աշխարհում: Ռուսաստանն այսօր համարվում է համաշխարհային ուժային կենտրոններից մեկը: Մյուս կողմից, ՙԱրաբական գարնան՚ իլիուզիայից հետո Արևմուտքը հասկացավ, որ Արևելյան երկրները պահանջում են հատուկ մոտեցում, որ ժողովրդավարության արևմտյան ընկալումներն արևելյան երկրներում չեն գործում: Նման եզրահանգումը, կարծում եմ, օգտակար է նաև Արևմուտքի համար, ու փաստում է այն մասին, որ արևմտյան ընկալումներում և քաղաքական մշակույթում ևս շրջադարձ է տեղի ունենում:
– Իրան-Արևմուտքը հարաբերությունների կարգավորումն, անշուշտ ենթադրում է տարածաշրջանային նոր զարգացումներ: Ի՞նչ իրողությունների ականատես կարող ենք լինել, մասնավորաբար, Ադրբեջանի ու Թուրքիայի պարագայում:
– Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման դեպքում բարդ իրավիճակ կստեղծվի և՜ Թուրքիայի, և՜ Ադրբեջանի համար: Նախ, Արևմուտքի համար զգալիորեն կնվազի Թուրքիայի արժեքը, վերջինս կկորցնի իր տարածաշրջանային դերը, չնայած առանց այն էլ կորցրել է սիրիական զարգացումներից հետո: Միաժամանակ կնվազի նաև Ադրբեջանի քաղաքական դերակատարումը, ինչու, որովհետև, այդ երկիրը ներկայանալով իբրև Արևմուտքի դաշնակիցը տարածաշրջանում, մասնավորաբար, հենակետ է ծառայում Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար: Արևմուտքի համար կորցնելով իր կարևորությունը, սակայն Ադրբեջանն այդ դեպքում կարող է հենարան ծառայել հակաիրանական այլ ուժերի՝ օրինակ, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի համար: Բայց սա էլ իր հերթին կհանգեցնի Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի համարժեք վերաբերմունքին: Չենք կարող հաշվի չառնել Ադրբեջանի ներսում օրեցօր ուժգնացող ազգային փոքրամասնությունների՝ թալիշների, ավարների, լեզգիների խնդիրը, այսօր առավել քան բյուրեղացել են նրանց ազգային նկրտումները: Այս բոլոր գործընթացները փաստում են, որ Ադրբջանն այլևս կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ:
– Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի իշխանությունների՝ Իրանի տարածքների հանդեպ ունեցած հավակնությունների մասին: Սա կարևոր գործոն չե՞ք դիտում Իրան-Ադրբեջան հարաբերություններում:
-Իհարկե, Ադրբեջանի քաղաքական էլիտան նկրտումներ ունի Իրանի հյուսիսի հանդեպ, համարելով այն իբրև Հարավային Ադրբեջան: Ի դեպ հաճախ նաև մեր մամուլում է տեղ գտնում հետևյալ սխալը, ասվում է՝ Ադրբեջանը բաժանված է երկու մասերի՝ հյուսիսային ու հարավային, նման բան գոյություն չունի, կա մեկ Ադրբեջան կամ Ատրպատական, որը Իրանի հյուսիսային նահանագն է: Իսկ այն տարածքը, որն այսօր կոչվում է Ադրբեջան՝ կեղծիք է, քանի որ այն հին Արանի տարածքն է, իսկ ռուսական կայսրության ժամանակ եղել է Ելիազավետպոլի նահանգը, և միայն 20-րդ դարասկզբին հռչակվել Ադրբեջան՝ զուտ քաղաքական նպատակներով, որպեսզի հետագայում անեքսիայի ենթարկվի Իրանի հյուսային շրջանները, ինչը տեղի չունեցավ: Եվ այսօր Բաքվի հովանավորությամբ ստեղծվել են կազմակերպություններ, որոնք Իրանում փորձում են անջատողական տրամադրություններ շրջանառել ու խժդժություններ կազմակերպել: Չնայած դրանք իրենցից մեծ ուժ չեն ներկայացնում և Իրանին չեն վտանգում, բայց նյարդայնացնում են: Այսինքն, Ադրբեջանը մի երկիր է, որն այսօր լուրջ սպառնալիք է Իրանի տարածքային ամբողջականության համար: Եվ այդ սպառնալիքը որոշակի փուլում կարող է դառնալ լուրջ գործոն: Դա լավ են գիտակցում իրանական որոշակի շրջանակներ, հետևաբար, զգուշանում են ու փորձում չեզոքացնել այդ վտանգը:
–Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների իրականացումը նաև իր բացասական ազդեցությունն ունեցավ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջափակված Հայաստանի տնտեսության վրա: Նոր իրավիճակը ի՞նչ նոր հնարավորություններ կստեղծի Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման համար:
– Նախ, այս քայլը թույլ կտա Իրանին վերագտնելու իր նախկին տնտեսական հզորությունը, ինչն էլ, անշուշտ, դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա: Դա կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի մեծացմանը, նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, որը վերջին երկու տարիներին գրեթե սառեցված վիճակում էր: Այսօր ամենից կարևոր քայլն է, որ Հայաստանն ու Իրանը շտապեն իրականացնել հայ-իրանական երկաթգծի կառուցումը, այն տնտեսական, քաղաքական ու քաղաքակրթական մեծ նշանակություն կունենա:
-Արևմտամտները սկսել են հիմա էլ աղմկել, թե քանի որ Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորումը չի բխում Ռուսաստանի շահերից, ուրեմն, Իրան-ԱՄՆ-ը տնտեսական ծրագրերը կշրջանցեն ՄՄ անդամակցող Հայաստանը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Կարծում եմ Իրան- Արևմուտք հարաբերությունները երբեք չեն կարող այն աստիճանի զարգանալ, որ վտանգեն Իրան- Ռուսաստան, Իրան-Հայաստան հարաբերություններին: Եվ ընդհանրապես, ես մեր երկրի ապագան չեմ տեսնում ՄՄ-ից ու Եվրասիական տնտեսական միությունից դուրս: Եվ դա ունի իր հստակ պատճառը. ես չեմ տեսնում մի երկիր, որը հարելով Արևմուտքին և՜ քաղաքականապես, և՜ տնտեսապես լավ վիճակում է հայտնվել: Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Վրաստանում: Արևմուտքին հարող Վրաստանը ունեցավ տարածքների կորուստ, քայքայված տնտեսություն, փոխարենը երկրում զարգանում է նարկոմանիան, հոռի բարքերը, իսկ բիզնես ոլորտն անցել է թուրքական կազմակերպությունների ձեռքը: Չիդեալականացնելով Ռուսաստանն ու Եվրասիական միությունը, համոզված եմ, որ տնտեսության զարգացման առումով շատ ավելի կշահենք լինելով այս դաշտում: Այսօր Հայաստանի համար կարևորագույն խնդիր է Արցախի Հանրապետության անվտանգության հարցը, երկու հայկական պետությունների անվտանգությունը կարող է երաշխավորված լինել միայն Եվրասիական միությունում:
Ընդունելով արևմտյան որոշակի սկզբունքներ՝ ճշտապահություն, օրենքի գերակայություն, սակայն վստահեցնում եմ, Արևմուտքը երբեք դրականը չի արտահանում, հակառակը, արտահանում է իր սուբ-կուլտուրան, որը մեզ համար ամբողջովին մերժելի է: Իսկ փոքր ժողովուրդների համար շատ կարևոր է ավանդական աշխարհայացքի, մտածողության, սեփական ազգային մշակույթի պահպանումն ու զարգացումը, հակառակը հղի է լրջագույն վտանգներով: Այնպես որ, մեր երկիրն իրեն լավ կզգա ու կլինի իր բնականոն վիճակում, եթե գտնվի ոչ թե Արևմտյան, այլ Արևելյան բևեռում, ուր կան թե՜ արժեհամակարգային, թե՜ մտածողության, թե՜ քաղաքակրթական ընդհանրություններ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












