ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ»
Ղարաբաղի հարցի ներառումը նոյեմբերի 22-23-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռ.Էրդողան-Վ.Պուտին բանակցությունների օրակարգ միանգամայն օրինաչափ էր, բայց եւ լիովին կանխատեսելի կոնկրետ արդյունքների բացակայության առումով։
Ավելի քան ակնհայտ է, որ հարցը երկկողմ բանակցությունների օրակարգ բերեց թուրքական կողմը, որն էլ դարձավ Ռուսաստանի ու Թուրքիայի բարձր մակարդակով համագործակցության խորհրդի 4-րդ նիստի ընթացքում ղարաբաղյան թեմայով արված հայտարարությունների ու մեկնաբանությունների տիրաժավորողը։ Ռուսական կողմը քար լռություն պահպանեց Թուրքիայի վարչապետի նման փութաջանության հանդեպ՝ դրանով իսկ փաստորեն ընդգծելով, որ գոնե ներկա հանգրվանում իր համար նման առաջնահերթություն գոյություն չունի։
Շուտով սպասվում է Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան, որն անկասկած ավելի հարմար հարթակ է Ղարաբաղի հարցով հայտարարություններ անելու համար։
Ռուսական կողմի համար այնքան թափանցիկ են Ղարաբաղյան բանակցային գործընթացին միջամտելու Թուրքիայի վերջին փորձերը, որ դրանց ընթացք տալու պարագայում հարկ կլինի գլխիվայր շրջել իր տարածաշրջանային առաջնահերթությունները։
Այն պայմաններում, երբ Մոսկվան ամրապնդում է Հայաստանում ունեցած իր ռազմական հենակետը՝ Հարավային Կովկասի շուրջն ուրվագծվող նոր մարտահրավերներին դիմակայելու համար, նրանից Ղարաբաղի հարցի ադրբեջանանպաստ լուծում ակնկալելը հավասարազոր է իր իսկ տակը փորելու կարճատեսությանը։
Սրան գումարվում են նաեւ վերջին տարվա ընթացքում ռուս-թուրքական քաղաքական հարաբերություններում դրսեւորվող բացասական միտումները, որոնց հիմնական խթանիչը Սիրիայի շուրջ ստեղծված իրադրությունն էր, երբ կողմերը հայտնվեցին տրամագծորեն հակադիր բեւեռներում։
Բարձր մակարդակով համագործակցության ռուս-թուրքական խորհրդի 4-րդ նիստի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը դիվանագիտորեն լուսաբանեց այդ իրողությունը. «Մենք կարող ենք տարբերություններ դրսեւորել առանձին հարցերի շուրջ, բայց դա չի բերի հարաբերությունների սառեցման։ Ընդհակառակը, մենք ավելի սերտ ենք դարձնում կոնտակտները, փնտրում շփման եզրեր»։
Տնտեսության ասպարեզում շարունակվող ռուս-թուրքական գործակցությունը շարունակում է նկատելիորեն հետ մնալ քաղաքական համագործակցության մակարդակից, որը ակնհայտորեն ռուսական կողմի սրտով է, որովհետեւ Թուրքիան, հայտնվելով տարածաշրջանային նորանոր խնդիրների առջեւ, ստիպված է լինում մտածել իր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին։
Սակայն դիվերսիֆիկացումը մի բան է, առաջնահերթությունների փոփոխությունը՝ բոլորովին այլ իրողություն։ Դրա վկայությունն է վերջերս Մինսկում Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաեւի բերանով հնչեցված՝ Թուրքիայի Մաքսային միություն մուտք գործելու մտադրության փոխարինումը Շանհայի տնտեսական համագործակցություն մուտք գործելու ցանկությամբ։
Սակայն Վ.Պուտինը Ն.Նազարբաեւ չէ, եւ Սանկտ Պետերբուրգում՝ Թուրքիայի վարչապետի կողմից Մաքսային միություն մուտք գործելու «մտադրությունը» լուսարձակելուն ի պատասխան անմիջապես հնչելու էր «իսկ ՆԱՏՕ-ն» հարցը։ Հետեւաբար հարկ եղավ արագորեն փոխել Թուրքիայի «երազանքը», այս անգամ էլ ապակողմնորոշիչ խայծի դերը վերապահել Շանհայի տնտեսական համագործակցության կազմակերպությանը։ Սակայն այս պարզունակ խաղերն այնքան կարեւոր չեն, որքան զուգահեռաբար առաջադրված Եվրասիական տնտեսական համագործակցության հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։
Մաքսային միության եւ ապագա Եվրասիական տնտեսական համագործակցության մեջ մտնող երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների այս նոր բանաձեւն անկասկած այն «նոր գաղափարների» «տնտեսական բաղադրիչն» է, որոնք Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավութօղլուն վերջերս իր հետ տարել էր Շվեյցարիա եւ ապա մամուլի միջոցով լուսարձակել Անկարայում Ադրբեջանի նախագահի հայտնվելու առիթով։
Ինչպես հայտնի է, դրանց հիմքում ընկած է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու սահմանների բացումը ազատագրված 5 տարածքների վերադարձով պայմանավորող առաջարկությունը։ Եվ դրանք հենց այն շրջաններն են, որոնք Արաքսի հովտով Թուրքիան կարող են կապել Ադրբեջանին։ Նրանց վերադարձը որպես ազատ տնտեսական գոտու եւ ապա «Եվրասիական միջանցքի» ձեւավորման նախադրյալ այն նոր խայծն է, որը Շվեյցարիայում եւ ապա ԱՄՆ-ում փորձարկելուց հետո Սանկտ Պետերբուրգում մատուցվել է ռուսական կողմին։
Դա սոսկ գրավիչ տնտեսական առաջարկություն չէ, այլ Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան միջանցքի ձեւավորման ծրագիր՝ Գոբլի հայտնի պլանի շրջված կամ «եվրասիականացած» տարբերակով, ինչը հաշվի է առնում Ռուսաստանի հնարավոր անհանգստությունները Իրան-Արեւմուտք հարաբերությունների բարելավման հեռանկարներից։
Եթե ներկայումս Արեւմուտքի ու Ռուսաստանի շահերի «կոմպլեմենտարիզմը» ձեւավորող Իրանը հեռանկարում փորձի դառնալ Արեւմուտքի տարածաշրջանային հենակետը եւ նման դերակատարությունը խլել Թուրքիայից, ապա վերջինս կարող է օգտվել Ռուսաստանի կողմից Զանգեզուրի ռազմավարական նշանակության նոր ընկալումից։ Նման հնարավորության «առաջին ազդանշանը» Հայաստանի այս տարածաշրջանի թերեւս ամենահեռանկարային տնտեսական օբյեկտում՝ Որոտանի ՀԷԿ-ում, ամերիկյան կապիտալի կողմից շուրջ 180 միլիոն դոլարի տպավորիչ ներդրում կատարելու մտադրությունն է։
Սա նույնպես պատահականություն չէ, որովհետեւ սրանով Զանգեզուրը Հայաստանի ու Վրաստանի վրայով կարող է վերածվել Եվրոպա-Իրան «կապող օղակի»։ Նման հեռանկարի առկայության պարագայում թուրք-ադրբեջանական «սանիտարական միջանցքի» ձեւավորման գաղափարը կարող է դառնալ Ռուսաստանի հետ նրանց համագործակցության առաջարկը։
Տարածաշրջանում նկատվող տեկտոնիկ նոր ճեղքերի վրա խաղալու Թուրքիայի մտադրությունն այսօրվանից լրջագույն վերլուծության կարիք ունի, քանի որ Շվեյցարիայում ձեռք բերված հիրավի պատմական համաձայնությամբ մեր հարեւան Իրանը մասնակիորեն դուրս է գալիս աշխարհաքաղաքական շրջափակումից՝ դառնալով ավելի անկախ ու ինքնուրույն խաղացող ոչ միայն ողջ աշխարհում, այլեւ մեր տարածաշրջանում։
Նման պայմաններում մի կողմից՝ Արեւմուտքի աչքում է՛լ ավելի է ընկնում Թուրքիայի տարածաշրջանային նշանակությունը, իսկ մյուս կողմից՝ առաջ է գալիս Հարավային Կովկասում Իրանի ինքնուրույն քաղաքականությունը թուրք-ադրբեջանական տանդեմի միջոցով հակակշռելու Ռուսաստանի գայթակղությունը, որի վրա էլ փորձելու են խաղալ Թուրքիան ու ռեւանշի ձգտող Ադրբեջանը։
Այսպիսով՝ նոյեմբերի 22-23-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի ու Թուրքիայի բարձր մակարդակով համագործակցության խորհրդի 4-րդ նիստում Թուրքիան նորից փորձեց Ղարաբաղի հարցը տեղափոխել ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների եւ քաղաքական առեւտրի օրակարգ։
Ակնհայտ է, սակայն, որ դրանից ոչինչ չստացվեց, ուստի Ղարաբաղի հարցում «ընդհանուր քայլերի» մշակման մասին Ռ.Էրդողանի խոսքերը չարժանացան ռուսական կողմի համիմաստ գնահատականին։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայոց Աշխարհ












