Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Արևելյան Հայաստանը պետք է ամբողջանա, իսկ Ռուսաստանի հետ դաշինքն այդ հնարավորությունը տալիս է. Լևոն Շիրինյան

Նոյեմբեր 26, 2013թ. 22:51

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ներկա շրջանը համարում է Ռուսաստանի հերթական ակտիվության շրջան և կարծում, որ հայ-ռուսական դաշինքի գործում պետք է տրամադրվել շահելուն. «Արևելյան Հայաստանը պետք է ամբողջանա, և ես կարծում եմ, որ Ռուսաստանի դաշինքն այդ հնարավորությունը տալիս է»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Բանախոսի ներկայացմամբ՝ կայանում է Մոսկվա-Երևան-Թեհրան ռազմաքաղաքական առանցքը: Այդտեղ շատ վիճելու բան չկա, միայն Նախիջևանի թարախապալարը պետք է վերացվի. «Գորշ գայլը ոտք է դրել Արաքսից այս կողմ: Թուրքիան այս կամ այն կերպ ներկա է Նախիջևանում, որի իրավունքը բացարձակապես չունի հայ-ռուսական հարաբերություններում»:

Ըստ նրա՝ Հայաստանը Ռուսաստանից պետք է սովորի ռուսի նման հայրենիքը պաշտպանել մինչև վերջին կաթիլը: «Ռուսներից պետք է սովորենք հայրենիք պաշտպանելու արվեստը: Եթե չենք ուզում սովորել, խնդրեմ, լավ պետություն ստեղծեք, թող լինի մոդել, և ուրիշները թող սովորեն ձեզանից»:

Խոսելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, թե պետք է այդ հարցը թողնել ռազմաքաղաքական իշխանությանը: «Կարող է սխալներ լինեն, որոնք չպետք է լինեն, բայց դիտավորյալ սխալներ չեն լինի: Հայ-ռուսական դաշինքի գործընթացը դժվար, բայց շատ շահավետ է մեզ համար: Կա թուրքական սպառնալիք, և ՀՀ քաղաքական-ռազմական ղեկավարությունը, բնական է, որ պետք է հոգ տանի երկրի անվտանգության համար. դրա համար այս դաշինքը ստեղծվում է: Եվ բնական է, տարածք է պետք, ուղղակի մեր իշխանության մոտ չկա վստահություն, որ այս հարցը չքննարկվի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ ամենը բխում է Հայաստանի շահերից, և ապագայում Հայաստանի դերն ու նշանակությունն ավելի կմեծանա:

Քաղաքագետի խոսքով՝ օրենսդրորեն երկու բանակների փոխգործակցությունը պետք է նորմալ կազմակերպել: Զգուշավորություն, անշուշտ, կա, բայց Ռուսաստանը հենարան չունի հարավում և պարտադրված է Հայաստանի հետ համագործակցելու. «Այդուհանդերձ մենք բոլշևիկների փորձը չպետք է կրկնենք, իրենց նվիրենք ամեն ինչ»:

Լևոն Շիրինյանը նաև նկատեց, որ այսօր Հայաստանի բանակը զինված է ռուսական զենքով և արդիականանում է: «Այսօր պուտինյան խմբի հետ պետք է լավ աշխատել: Բայց նաև պետք է ասենք մեր դաշնակցին՝ աշխարհի ամենամեծ անարդարությունը քսան թվականին դուք եք գործել, չպետք է դա կրկնվի: Նոր սրբագրված պատմություններ պետք չեն մեզ, պետք է ասվի այն, ինչ եղել է»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է զգուշացնել դաշնակցին, որ շարժվի Հայաստանի պետական շահով:
tert.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն