Արևմուտքի մեսիջը Վիլնյուսից հասավ տեղական թափթփուկին
Երկրների բարձր մակարդակով մասնակցություն՝ նախագահներ, վարչապետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հարյուրավոր լրատվամիջոցների ներկայություն, ՙՌադիսոն Աստորիա՚ շքեղ հյուրանոցում անցկացված հանդիպում-քննարկումներ, դիվանագիտական ժպիտներ, ձեռքսեխմումներ. սա Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արտաքին փայլն էր, որը դեռ երկար կգովազդեն արևմտյան հովերով տարվածները: Իսկ մենք շրջանցենք այն ու կենտրոնանանք ամենակարևորի վրա: Ի՞նչ մեսիջներ փոխանցվեցին վիլնյուսյան գագաթնաժողովի բարձր ամբիոնից ու դրանից դուրս, ո՞վքեր են արևմտյան մեսիջների տեղական հասցեատերերն ու դրանց սպասարկուները: Եվ վերջապես, ի՞նչ սցենար է պատրաստվում իրականացնել ձախողված Արևմուտքը՝ Արեւելյան գործընկերության երկրներում:
Նախ նկատենք, որ Արևմուտքին ու եվրոպական կառույցներին ուղղված հայկական կողմի մեսիջները պարզ էին, հստակ ու անկեղծ, ինչպես վայել է գործընկեր պետությանը: Այդ ամենը ներառված է Հայաստանի նախագահի ելույթում, որ հնչեց գագաթնաժողովի բարձր ամբիոնից. Հայաստանի ապօրինի շրջափակման վերացում, Թուրքիայի հրաժարում Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունից, շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրվող լարվածության թուլացում: Իսկ Հայաստանի եվրոպական նպատակադրումների շարքում նախագահը հնչեցրեց հետևյալ միտքը՝ Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային եւ լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները:
Հարց է առաջանում, իսկ որքանո՞վ է անկեղծ հակառակ կողմը: Վիլնյուսյան գիտաժողովը <պարզաջրեց> եվրոչինովնիկների մտքերը, հասկանալի դարձավ, որ Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից ջղաձգված ու դեռ շոկից դուրս չեկած Արևմուտքը նոր խաղ է ծրագրում, ուր գլխավոր դերակատարները տեղական կատարածուներն են: Այսպիսով, Արեւելյան գործընկերության անդամ երկրներում Եվրոպան անցնում է նոր գրոհի, նպատակադրումը՝ քաղաքացիական հասարակության ակտիվիստների միջոցով այդ երկրներում ստեղծել ներքին խառնաշփոթ և պղտոր ջրում իրականություն դարձնել սեփական աշխարհաքաղաքական ծրագրերը: Ստացվում է, որ Արևմուտքը ձեռնոց է նետում՝ <Եթե ինձ հետ չեք, իմ թշնամին եք> սկզբունքով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, նախ, իր ուղերձում, որն ընթերցվեց նույն օրը Վիլնյուսում կայացած քաղաքացիական հասարակության կոնֆերանսի ժամանակ, ընդգծել էր քաղաքացիական հասարակության անդամների անմնացորդ պայքարի կարևորությունը: Իսկ հետո էլ Շտեֆան Ֆյուլեն՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարն իր ելույթում արտահայտեց հետևալ միտքը, թե քաղաքացիական հասարակությունը մինչև այս ընթացող գործընթացների մասին տեղականում էր ամենավերջում, այսուհետև, կլինի հակառակը՝ կիմանան ամենասկզբում: Նշանակում է, որ նոր փուլում Արևմուտքը որոշել է հարաբերվել ոչ թե երկրների բարձրաստիճան ղեկավարության, այլ քաղաքացիական ակտիվիստների հետ: Փաստորեն, Արևելյան գործընկերության գործընթացի ձախողումից վրդովված Եվրոպան անցնում է գրոհի, նոր սցենարում կիրառելով երկիրը ներսից քանդելու հայտնի՝ ՙտրոյական ձիու՚ մեթոդը:
Ի դեպ, ընդգծենք մի կարևոր հանգամանք: Հայաստանյան քաղաքացիական հասարակության շարքերում քիչ չեն երկրի ապագայով մտահոգ ազնիվ ու հայրենասեր մարդիկ, որոնց համար ԵՄ ինտերգացման կողմնակից լինելը ոչ թե գրանտներ ուտելով է պայմանավորված, այլ ընդամենը համոզմունք է, թե Հայաստանի ապագան հաջողակ կարող է լինել ինտեգրման այդ ուղեգիծը որդեգրելու դեպքում: Դրանով հանդերձ, սակայն քաղաքացիական հասարակության այս հատվածը լիովին գիտակցեց ու գնահատեց սեպտեմբերի 3-ի որոշման կարևորությունը մեր երկրի ապագայի հարցում: Եվ ուրեմն, Արևմուտքի նոր սցենարում հասկանալի պատճառով կշրջանցվի քաղաքացիական հասարակության այս տեսակը, ու կստացվի, որ Արևմուտքը պետությունների հետ հարաբերվելու նշաձողն իջեցնելով գործարքի մեջ է մտնում բջիջ առ բջիջ ծախվելու ունակ տեղական թափթփուկի հետ: Հիմա պարզ է չէ՞, թե ինչու Ֆյուլեի խոսքերից առաջինը տեղից վեր թռավ <իրավապաշտպան>, հայտնի գրանտակեր Սաքունց Արթուրը: Նկատենք, որ Վիլնյուսն այս առումով ԵՄ-ի համար հարմար առիթ էր միաժամանակ ճշգրտելու, թե իր փողերով 15 տարուց ավելի սնած-պահած գրանտակերները որքանո՞վ են այսօր պատրաստ նոր խաղի կանոններն ընդունելու:
Սաքունցը հենց Վիլնյուսում, (իհարկե ոչ ամբիոնից, այլ ընդամենը հյուրանոցի դռան մոտից) իր ՙհեղինակավոր՚ խոսքն ուղղեց Ֆյուլեին, որում նույնիսկ մեղադրանք կար վերջինիս հասցեին. ՙՄեզ ներգրավել են որոշակի գործընթացների մեջ ու համարժեք տեղեկացվածությամբ չեն ապահովել, որ կարողանայինք լիրաժեք մասնակցել՚: Սաքունցն, իհարկե, առիթը բաց չթողեց արևմտյան տերերի առաջ նաև ինքնաարդարանալու, թե ժամանակին, եթե իրենց ավելի շատ ՙբանի տեղ՚ դրած լինեին, ապա իրենք ոչնչով հետ չէին մնա ուկրաինացի կոլեգաներից ու Հայաստանը ևս ուզածի չափ ներսից կպայթեցնեին: Բայց քանի որ ՙկտրված էինք բանակցային գործընթացից, չունեինք տեղեկատվություն, մեր արդյունավետությունը նվազեց՚: Այսպիսի խոստովանությունից հետո տեղական ագենտին այլ բան չի մնում անել, քան նախանձոտ հայացքով հետևել, թե ինչպես է երկփեղկվածությունից պայթում Ուկրաինան: Արևմուտքը ոչ մի միջոց չի խնայում, որ Կիևի հրապարակում հավաքվածների ՙջեռուցումը՚ տեղը լինի՝ տաք հագուստ ու վառելափայտ մատակարարելով, ու ստամոքսն էլ լիքը, այն էլ ոչ թե տեղական, այլ եվրոպական բարձրակարգ սնունդով: Դե, արի Սաքունց ու սրան դիմացի: ՙՏեսեք ի՛նչ ակտիվություն կա Ուկրաինայում, քանի որ ակտիվ է հասարակությունը՚, հրճվանքից կապտած գրանտակեր Փանջունին հենց ՙՌադիսոն Աստորիա՚ հյուրանոցի բակից արևմտյան տերեին խոստացավ՝ Հայաստան հասնելուն պես մոբիլիզացնել բոլոր ուժերը: Տեղական թափթփուկի մեսիջն այլևս ուղղված է՝ մենք ձեզ թիկունք, դուք մեզ առաջնորդ, որովհետև.ՙՀայաստանում շա՛տ անելիք ունենք՚:
Հիմա անշուշտ ժամանակավրեպ կհնչեն այն բոլոր հարցադրումները, թե որտեղի՞ց են գրանտակերներն ստանում այդ գումարները և ի՞նչ նպատակներով են ծախսում դրանք մեր երկրում, արդյո՞ք, քաղաքացիական ինստիտուտների անվան տակ նրանք ագենտային կախվածության մեջ չեն այլ երկրների անվտանգության ծառայություններից: Հարցերի պատասխաններն այսօր հայտնի են, անհայտ են, սակայն դրանց ոտքը մեր երկրից կտրելու օրինական մեթոդները: Բայց մինչև ե՞րբ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












