Հայաստանը նկատելի մեծ ներդրում է ունեցել ԽՍՀՄ-ում. Պուտին
Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը եւ դաշնակցային փոխգործակցությունն այսուհետ եւս ընդլայնվելու են` ի շահ երկու պետությունների եւ նրանց քաղաքացիների բարգավաճման, ի բարօրություն տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, պետական այցով Հայաստանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին կազմակերպված պետական ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Վլադիմիր Պուտինի այցը, անկասկած, արդեն կարեւոր նշաձող է դարձել այդ ճանապարհին:
Փոխադարձ բաժակաճառում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիացմունքով ու մեծագույն հարգանքով է խոսել իր բնորոշմամբ՝ շատ խորը եւ Եվրոպայի ամենահին մշակույթներից մեկն ունեցող հայ ժողովրդի եւ Հայաստանի մասին, ընդգծել տասնամյակներ առաջ ընդհանուր պետության մեջ Հայաստանի նկատելի մեծ ներդրումը՝ դա ամենեւին պատահական չհամարելով: Վլադիմիր Պուտինը նշել է, որ հայ եւ ռուս ժողովուրդներին ու երկու պետությունները օբյեկտիվ պատճառներով շատ բան է միավորում: Նշելով, որ երկկողմ հարաբերությունները զարգացել են անցյալի եւ բարեկամ երկու ժողովուրդների հոգեւոր մտերմության ամուր հիմքի վրա, ՌԴ նախագահը վստահորեն է խոսել այդ հարաբերությունների ապագայի մասին: «Վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարության որոշումը՝ միանալ Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական տարածքին, հենց այն բոլոր ավանդույթների հիմքում է, որոնք մեր նախնիների կողմից դրվել են անցած տասնամյակների եւ դարերի ընթացքում: Դա մտածված, կշռադատված որոշում էր, եւ այն նոր հնարավորություններ է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար արդեն նոր հիմքի վրա: Ես չեմ կասկածում, որ դրանք պակաս արդյունավետ եւ ջերմ կլինեն, քան նախկին տասնամյակներում եւ հարյուրամյակներում: Ցանկանում եմ Ձեզ դրա համար շնորհակալություն հայտնել»,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:












