ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ԱՆԿԵՂԾ
ՌՍՖՍՀ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագիրը, ըստ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ, զուտ պատմական փաստաթուղթ չէ: Այն մեր անկախ պետականության շրջանում խորհրդային Ռուսաստանի հետ կնքված միակ պայմանագիրն է, որը պահպանում է իր ուժը:
«Պայմանագիրը, որը ստորագրել են դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բ.Լեգրանն ու Հայաստանի կառավարության կողմից լիազորված զորաբանակի հրամանատար Դրոն, պահպանում է իր ուժը: Ըստ էության, սա Ռուսաստանի արդեն սոցիալիստական հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ կնքված միակ պայմանագիրն է մեր անկախ պետականության շրջանում, որը կարգավորում է երկու երկրների ռազմավարական հարաբերությունները:
Սա շատ կարեւոր է մեզ համար, քանի որ ռուսական կողմն այդ պայմանագրով ունի որոշ պարտավորություններ, որոնք չեն իրականացվել: Իսկ պայմանավորվածությունների խախտումն ազդել է զարգացումների հետագա ընթացքի վրա: Այս մասին, կարծում եմ, մեր քաղաքական էլիտան, մտավորականությունը պետք է իմանան, որովհետեւ մեր անկախությունը կորցնելու, հայրենիքից հերթական կտորներ պոկելու, ուրիշին նվիրելու տրամադրություններ չունենք»,- երեկ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով, պայմանագրի 8 կետերից առավել կարեւոր են երկուսը, որոնցից մեկը հետագայում խախտվել է: «Առաջին կետում ասվում է, որ Հայաստանը դառնում է սովետական սոցիալիստական անկախ պետություն: Երրորդ կետում նշվում է, թե որն է Հայաստանի պետական տարածքը:
Պայմանագրում մի շարք շրջանների հետ միասին ասվում է, որ Հայաստանի տարածքի մեջ է մտնում Երեւանի նահանգն ամբողջությամբ: Իսկ Երեւանի նահանգի մի մասն այն ժամանակ կազմում էր այսօրվա Նախիջեւանի տարածքը: Մենք հստակ պետք է իմանանք, որ այս կետում Ռուսաստանը հետագայում գործարքի մեջ է մտել թուրքերի հետ` Նախիջեւանը հանձնելով Ադրբեջան կոչվող պետությանը որպես պրոտեկտորատ»:
Դրո-Լեգրան պայմանագիրը, ըստ նրա, խեղաթյուրել ու սխալ են ներկայացրել բոլշեւիկները: Միշտ հայտարարվել է, թե 1920 թվականին Ալեքսանդրապոլի դաշնագիրը նույնպես կնքվել է դեկտեմբերի 2-ին: Իրականում Ալ.Խատիսյանի գլխավորած պատվիրակությունը թուրքական կողմի հետ Ալեքսանդրապոլում պայմանագիրը ստորագրել է դեկտեմբերի 3-ի գիշերը.
«Ո՞ւմ թույլտվությամբ` նույն օրը սովետական դարձած, իշխանափոխություն ապրած, Սոցիալիստական Հայաստանի իշխանության, որը տվյալ պահին ներկայացնում էին գեներալ Դրոն ու ՌՍՖՍՀ կոմիսար Ի.Սիլինը: Դեկտեմբերի 2-ի ցերեկը Երեւանում իշխանությունն արդեն փոխանցվել էր սովետներին: Նախաձեռնության հիմնական կրողն ու շարժիչ ուժը Դրոն էր: Ռուսներին հայտնի էր, որ Դրոն թուրքական արշավանքը կասեցնելու նպատակով ձգտում է իրենց հետ լեզու գտնել:
Պարզ է նաեւ, որ այդ ամենը տեղի էր ունենում Ս.Վրացյանի ղեկավարած կառավարության համաձայնությամբ: Լեգրանը հենց այդպես էլ ներկայացրել է»:
Դրոն հեռախոսով է հեղափոխական կառավարության անունից փոխանցել Ալ.Խատիսյանին, որ նա կարող է ազատ լինել դաշնագիրը ստորագրելու կամ չստորագրելու որոշման մեջ: Խատիսյանը հասկացել է, որ դաշնագրի ստորագրումը կորցրել է հրատապությունը, եւ փաստաթուղթը ստորագրվել է արդեն հաջորդ օրը գիշերը.
«Իսկ նպատակը մեկն էր` թուրքական մասով բանակցությունները ձգձգել: Խատիսյանը, լինելով պետական գործիչ հասկացել է, որ պետք է որքան հնարավոր է ձգել ժամանակը, որպեսզի Երեւանում հարցերը լիովին լուծվեն:
Դեկտեմբերի 6-ին, երբ Խատիսյանը ներկայացել է Հայաստանի հեղկոմի նախագահ Ս.Կասյանին, արժանացել է նրա խրախուսանքին: Կասյանն ասել է, որ նա վարվել է չափազանց ճիշտ: Ակնհայտ էր, որ այդ պայմանագրի պատասխանատվությունը սովետական իշխանությունները երբեք չէին վերցնի»:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին, որը որոշ շրջանակներ չգիտես ինչու ցանկանում են կապել Ալեքսանդրապոլի դաշնագրի հետ, մինչդեռ, ըստ Լեւոն Շիրինյանի.
«Դեկտեմբերի 2-ն է ըստ էության Հայաստանի սովետականացման օրը: Նոյեմբերի 29-ին պարզապես ինչ-որ հեռագիր է ուղղվել: Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին էլ անընդհատ շեշտվում է, որ հետին պլան մղվի Դրոյի եւ Լեգրանի ստորագրած պայմանագիրը: Բայց կա պայմանագիր, եւ Ռուսաստանն ունի Հայաստանի հանդեպ պարտավորություններ, որոնք չի կատարել:
Կրկնում եմ, խոսքը Նախիջեւանի մասին է: Սա, կարծում եմ, պետք է բոլորս իմանանք: 1920 թվականի իրադարձությունները խճճել են նաեւ պատմաբանները՝ շատ անգամ նպատակ ունենալով փնովել առաջին հանրապետությունը:
Կարծում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը, որն այսօր Հայաստանում է, նպատակ ունենալով սերտացնել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, պետք է իմանա` մենք գիտենք անցյալում կատարվածը, եւ նաեւ, որ իրենք ունեն մեր պետության նկատմամբ պայմանագրով չկատարված պարտավորություններ: Պետք չէ միշտ սպասենք, թե ինչ կառաջարկի մեզ մեր ռազմավարական դաշնակիցը, մենք էլ մեր առաջարկներն ու պայմանները պետք է դնենք: Հետո՝ բարեկամների հետ պետք է լինել անկեղծ»:
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ












