ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ Ե՛Վ ՀԱՅԱՍՏԱՆԻ, Ե՛Վ ՄՄ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Հարցազրույցը Եվրազիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանի հետ
–Որպես Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք գնահատում ՌԴ նախագահի վերջերս Հայաստան կատարած այցը:
-Այցը, իրոք, բացառիկ էր՝ թե՜ տարածաշրջանային առումով, թե՜ Հայաստանի անվտանգության ու տնտեսության զարգացմանը նպաստելու տեսանկյունից: Հիշեցնեմ Վլադիմիր Պուտինի հետևյալ խոսքերը.ՙՄենք չենք պատրաստվում հեռանալ այստեղից, մենք ամրապնդելու ենք մեր դիրքերը՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի հետ ունեցած լավ ժառանգության եւ բարի հարաբերությունների վրա՚։ Սա աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ կարևոր հայտարարություն էր՝ ուղղված բոլոր կողմերին՝ և՜ Արևմուտքին ու Արևելքին, և Հյուսիսին ու Հարավին: Փաստորեն, Ռուսաստանը կարևորելով իր ներկայությունը կովկասյան տարածաշրջանում, այստեղ առավելապես վստահելի գործընկեր համարում է Հայաստանի Հանրապետությունը: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ էր, որ Հայաստանում եղան դժգոհողներ, թե ինչո՞ւ ՌԴ նախագահն իր այցը սկսեց հանրապետության երկրորդ քաղաքից՝ Գյումրիից, ուր տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան: Բայց չէ՞ որ նման քայլով կարևորվեց անվտանգության բաղադրիչը, որ ընկած է Հայաստանի ՄՄ անդամակցման հիմքում: Դրանով Պուտինը հասկացրեց, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությամբ և Մաքսային միությանն անդամակցմամբ առավել ամրապնդվում է Հայաստանի անվտանգությունը: ՌԴ նախագահի հայտարություններից ևս մեկ հիշեցում անեմ՝ Հայաստանը հետայսու Ռուսաստանից զենք կգնի ռուսական ներքին գներով: Գիտակցել է պետք սրա կարևորությունը և դրական ազդեցությունը Հայաստանի պետական բյուջեի վրա:
Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին. ՌԴ նախագահին ուղեկցող պատվիրակության կազմն արդեն իսկ հուշում էր, որ Պուտինը նպատակ ունի լուրջ հիմքերի վրա դնել հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը և որ սպասվում է բովանդակային քննարկում, որոշումների կայացում, և այն տեղի ունեցավ: Ստորագրվեց փաստաթղթերի մեծ փաթեթ՝ 12 պայմանագիր ու համաձայնագիր, ակնկալիքները մեծ են:
Ռուսաստանը հանում է մաքսատուրքը արտահանվող մի շարք ապրանքներից՝ գազ, նավթամթերքներ՝ բենզին, դիզվառելիք, չմշակված ադամանդ, խոսվեց նավթամշակման համատեղ ձեռնարկության ստեղծման մասին, ակնարկվում է ՙՆաիրիտ՚ գործարանի վերագործարկում: Սրանք առաջարկներ են, որոնց իրականացումը չի կարող դրականորեն չանդրադառնալ Հայաստանի տնտեսության զարգացման վրա, ու նպաստել նոր աշխատատեղի ստեղծմանը: Համոզված եմ, որ հայ ժողովուրդը շատ շուտով իր վրա կզգա դրական արդյունքները:
-Իսկ մեզանում շարունակում են կասկածներ հայտնվել, թե ՌԴ նախագահի նպատակներն այլ են՝ նախկին խորհրդային միությունների համախմբում Ռուսաստանի շուրջ ու ԽՍՀՄ-ի վերականգնում:
– Համոզված եմ, որ նման հորինովի մտքեր տարածողները երկու տասնամյակ շարունակ Արևմուտքից գրանտ ստացող հասարակական կազմակեպություններն են: Նրանց ցանկություն է, որ Հայաստանի հասարակության մեջ ատելություն սերմանվի և՛ Ռուսաստանի, և նրա ղեկավարի, և՛ Մաքսային միության հանդեպ: Ես հետևում եմ ու նկատում, որ գրանտակերները նույնպիսի եռանդով աշխատում են նաև, որ հայ հասարակությունն ատելությամբ լցվի Հայաստանի իշխանությունների հանդեպ, ովքեր հայտարարեցին ՄՄ անդամակցման մասին: Ինչ վերաբերում է ԽՍՀՄ-ի վերածնունդին, ապա ասեմ նախ հետևյալը. նախկին խորհրդային միություններին Մաքսային միության մեջ համախմբելը շատ բնական ցանկություն է, չմոռանանք, որ այդ երկրները 70 տարի շարունակ տնտեսական, համագործակցային տարբեր կապերով ամուր կապված են եղել մեկմեկու հետ: Բայց դա չի նշանակում Խորհրդային միության վերակենդանացում, դրա մասին խոսելը, իհարկե, ծիծաղելի է, ի վերջո, այն բոլորովին այլ համակարգ էր, ստեղծվեց, քանդվեց, և բոլորը լավ են հիշում խորհրդային ժամանակների լավն ու վատը: Իսկ այսօր, հանձին Մաքսային միության, գործում է նոր ձևաչափ, որը կբավարարի բոլոր սուվերեն պետություններին:
-Նկատի ունեք, որ ՄՄ անդամ երկրները ինքնիշխանության կորուստ չեն ունենա:
-Իհարկե, ես վստահաբար կարող եմ ասել, որ ՄՄ անդամ սուվերեն պետությունները, անկախ տվյալ երկրի բնակչության թվաքանակից, կամ մեծ ու փոքր լինելուց, սուվերենության կորուստ չեն ունենա:
-Ինչի՞ վրա է հիմնված ձեր համոզմունքը:
-Փաստի: Միությունը գործում է իրավահավասարության սկզբունքի հիման վրա, հասկանում եք, ոչ մի հիմք չկա հակառակը պնդելու: Նրանք, ովքեր պնդում են, թե ՄՄ մտնելով Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը, ինչո՞ւ չեն ասում, որ Եվրոպան է ոտնձգություններ անում երկրների սուվերենության հանդեպ՝ տարբեր պարտադրանքներ դնելով նրանց առաջ: Այն պահից, երբ Ուկրաինան հայտարարեց, թե դեռ նպատակահարմար չի համարում ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Եվրոպան անցավ բացահայտ գրոհի: Տեսեք, թե ինչ է կատարվում այսօր Ուկրաինայում, բողոքի ցույցերն ու այդ ամբողջ հակաիշխանական գործընթացը հովանավորվում է հենց Արևմուտքի կողմից: Սա այլ բան չէ, քան միջամտություն սուվերեն երկրի ներքին գործերին: Եվրոպան խոսում է ժողովրդավարությունից, բայց իր կամքն է թելադրում և՛ Ուկրաինային, և՛ մյուս պետություններին: Մի՞թե հայի արժեհամակարգին ոչ հարիր երևույթներ քարոզող ու տարածող օրենքների ու օրինագծերի պարտադրումը դրա վկայումը չէ: Նաև մի հանգամանք ընդգծեմ. ՄՄ անդամակցման Ճանապարհային քարտեզը Հայաստանն է ներկայացնելու, ուրեմն Հայաստանն էլ նրանում պետք է ներառի այն քայլեր, որոնք կբացառեն նման մտավախությունները:
–Իսկ մտավախություններից մեկն էլ այն է, թե մեր երկիրը միություն կազմելով այնպիսի երկրների հետ, ինչպիսիք Ռուսաստանն է, Ղազախստանն ու Բելոռուսը, որոնցում կոռուպցիան բարձր մակարդակի վրա է, կարող է կորցնել ժողովրդավարական այն ձեռքբերումները, որ ունեցել է այս տարիներին:
-Համաձայն չեմ նման գնահատականի հետ, քանի որ համոզված եմ, ամեն պետություն ինքը պետք է պայքարի սեփական կոռուպցիայի դեմ և դա չի կարող լինել Արևմուտքի ցուցումներով, կամ գրանտներով: Ի վերջո, դրանում համոզվեցինք այս 20 տարիների ընթացքում: Հայաստանը պետք է լինի այն միության մեջ որտեղ հեշտությամբ կլուծվեն իր առաջ ծառացած մատահրավերները՝ քաղաքական, անվտանգության, տնտեսական, իսկ այդ միությունը ՄՄ-ն է: Եվ այդ իմաստով սեպտեմբերի 3-ի Հայաստանի որոշումը համարում եմ տեղին ու ժամանակին արված քայլ:
-Ի դեպ, այս գործընթացները որքանո՞վ կխթանեն Ռուսաստանի հայ մեծահարուստների ակտիվացմանը՝ իրենց հայրենիքում անհրաժեշտ ներդրումնե անելու առումով:
-Անշուշտ, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առավել սերտացումը մի նոր խթան կհանդիսանա: Ես կարծում եմ, որ ռուսաստանաբնակ յուրքանչյուր հայ ուրախ կլինի, որ իր պատմական հայրենիքը դառնա ներդրումների համար նպաստավոր երկիր, և ես այդ հույսն ունեմ: Դա իրոք կնպաստի, որ ռուսաստանաբնակ հայազգի մեծահարուստները հանդես գան ներդրումային նոր ծրագրերով, դրանով նպաստելով և՛ Հայաստան պետության, և՛ Մաքսային միության զարգացմանը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆն












