Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն, Քաղաքականություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ «ԴԻՐՔՈՐՈՇՎԵԼ»

Դեկտեմբեր 10, 2013թ. 00:17

Ընդամենը մեկ շաբաթ է անցել Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցից, բայց այդ ընթացքում մեր հարեւանները արդեն հասցրել են յուրովի գնահատել Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության ակտիվացումից բխող նոր աշխարհաքաղաքական կացությունը, անգամ ձեռնարկել որոշակի քայլեր այդ համատեքստում սեփական շահերը հետապնդելու համար։
Բացառությունն առայժմ թերեւս միայն Ադրբեջանն է, որն արտաքուստ փորձում է գլուխը ավազի մեջ մտցրած ջայլամի դիրք ընդունել՝ իր փոխարեն դիվանագիտական խաղերի մեջ ներքաշելով Թուրքիային։ Տարածաշրջանի մնացած երկրները եւ նրա հարեւանները ակտիվորեն քննարկում են Հարավային Կովկասում ստեղծված նոր կացության առանձնահատկությունները, իսկ ոմանք արդեն կոնկրետ նախաձեռնություններ են դրսեւորում։

Այս առումով հետաքրքրական է մանավանդ մեր զույգ հարավային հարեւանների՝ Իրանի ու Թուրքիայի պահվածքը, որոնք առայժմ կարծես թե «փոխատեղումներ» են իրականացնում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի, մանավանդ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության գնահատման հարցում։
Թուրքիան փորձում է խաղալ Ռուսաստան-Արեւմուտք հակասությունների վրա։ Մինչդեռ իրանական կողմը, հակառակը, փորձում է խաղալ ոչ թե նման հակասությունների, այլ Հայաստանի հետ իր նախորդ հարաբերություններում կուտակած դրական կապիտալի միջոցով։ Ուստի պատահական չէ, որ առաջիկայում իրար հետեւից Հայաստան են ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավութօղլուն եւ Իրանի արտգործնախարար Մ.Զարիֆը։

Նրանցից առաջինը դրա համար ձեւական առիթ ունի՝ դեկտեմբերի 12-ին Երեւանում տեղի ունենալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու է անգամ Ադրբեջանի արտգործնախարարության տնտեսական համագործակցության բաժնի վարիչ Շ.Մեհթիզադեն։
Այսինքն՝ թեեւ ո՛չ արտգործնախարարի մակարդակով, բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանը նույնպես ներկա է լինելու Երեւանում։ Իսկ սա նշանակում է, որ ստեղծված նոր աշխարհաքաղաքական պայմաններում մեր հարեւանը գիտակցում է Հայաստանի հանդեպ նախկինի նման կոշտ շրջափակման ու բոյկոտի քաղաքականություն վարելու անհեռանկարայնությունը։
Փորձենք հերթով «հասկանալ» մեր 4 հարեւաններին, որոնցից 2-ի` Անկարայի ու Բաքվի ռազմավարությունը Հայաստանի հարցում փաստորեն նույնն է։ Եվ այսպես՝
1. Անկարա-Բաքու տանդեմը մաքսային միություն Հայաստանի մուտք գործելու եւ ընդհանրապես Հարավային Կովկասում Ռուսաստանի ինտեգրացիոն քաղաքականության ակտիվացման հեռանկարները դիտում է իր վաղեմի պանթուրքիստական նպատակների իրականացման՝ 1918-1921թթ. փորձի պրիզմայով, ուստի փորձում է հող նախապատրաստել ԼՂՀ ազատագրված տարածքների հարավային հատվածի վերադարձի դիմաց Երեւան-Նախիջեւան-Բաքու-Դերբենտ երկաթգծի շահագործման հեռանկարով Ռուսաստանին գայթակղելու համար։
Ա.Դավութօղլուի հայտարարությունները սկզբում 5, ապա՝ 2 շրջանի դիմաց հայ-թուրքական սահմանը բացելու մասին հենց այս «սերիալից» են։ Թերեւս նույն խնդրի շուրջ հայկական կողմի տեսակետները «շոշափելու» համար է Ա.Դավութօղլուն պատրաստվում ժամանել Երեւան։
2. Թեհրանը անհանգստացած է ոչ թե Ռուսաստանի միակողմանի առաջխաղացմամբ, ինչպես կարծում են արեւմտյան ուղղվածության վերլուծաբանները, այլ տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացման եւ Անկարա-Բաքու տանդեմի կողմից Արաքսի հովիտը վերահսկելու ու դրանով Իրանի սահմաններին մոտենալու սպառնալիքով։
Բացի դրանից՝ իր հյուսիսային սահմանների հարեւանությամբ ռուս-թուրքական, ռուս-ամերիկյան կամ որեւէ այլ երկկողմ ու բազմակողմ գործարք միշտ էլ անհանգստացրել է Իրանին։ Իսկ ներկայումս, երբ թվում է, թե հաջողվում է մեղմացնել իր հանդեպ Արեւմուտքի կողմից գործադրվող ճնշումները, պաշտոնական Թեհրանը փորձելու է Հարավային Կովկասում ստանձնել արտաքին ազդեցությունները հավասարակշռելու միջոցով դրանց հակաիրանական վեկտորը չեզոքացնելու քաղաքականություն։

3. Թբիլիսիում որոշակի անհանգստություն է նկատվում Գյումրիի ռուսական հենակետի հզորացման եւ ընդհանրապես տարածաշրջանում ամրապնդվելու Մոսկվայի մտադրություններից։ Դրա հետ մեկտեղ, վրացական քաղաքական դետերը մեծ ուշադրությամբ հետեւում են նաեւ Ռուսաստանի փորձագիտական շրջանակների կողմից ասպարեզ նետվող ինտեգրացիոն նոր գաղափարներին։
Այսպիսով՝ ստացվում է, որ Մաքսային միություն Հայաստանի մուտք գործելու նպատակադրումը արդեն որոշակի ճեղքեր է բացում նրա շուրջը ուղիղ 20 տարի պահպանվող շրջափակման օղակում։ Դրանք, անշուշտ, դեռեւս փորձագիտական գնահատականների ու ծրագրերի տիրույթում են, բայց պետք է հաշվի առնել, որ Հարավային Կովկասում գոյություն ունի նաեւ արեւմտյան քաղաքական վեկտորը, որը, մեղմ ասած, ոգեւորված չէ տարածաշրջանի հյուսիսային դարպասների բացման հեռանկարներով։
Այս պայմաններում ուրախալի է, որ Հայաստանի շրջափակմանը չմասնակցող մեր երկու հարեւանները՝ Վրաստանն ու Իրանը, անգամ իրենց կամքից անկախ, բնական հակակշռի դեր են խաղում թուրք-ադրբեջանական տանդեմի ներկա մտադրությունների համար։

Առաջինը ունենալով Ռուսաստանի հետ «լեզու գտնելու» խնդիր, իսկ երկրորդը՝ Հարավային Կովկասում ավելի ակտիվ քաղաքականություն վարելու ակնհայտ մտադրություն, կարող են հավասարապես շահագրգռվել ինչպես Աբխազական երկաթուղու վերագործարկման, այնպես էլ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հեռանկարներով։
Տարածաշրջանը «Ղարաբաղի վրայով» բացելու թուրք-ադրբեջանական նկրտումներին դիմակայելու հետ միասին առաջիկայում Հայաստանը հրաշալի հնարավորություն է ստանալու՝ նաեւ հետապնդելու իր ապաշրջափակման հարցը։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայոց Աշխարհ


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն