Կուտակայինը անհաջող և սխալ մեխանիզմներով ծրագրված միջոցառում է
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է գազի գնի թանկացմանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, Հայաստանի էներգետիկ հնարավորություններին՝ նշելով, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ոտքի է կանգնում։
Գրառման մեջ ասվում է.
«Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ոտքի է կանգնում։ Կուտակային նկատմամբ շարժումը, դեկտեմբերի 10-ի երթը վկայում են, որ հասարակության մեջ սեփական իրավունքների համար պայքարի էներգիան սպառված չէ։
Ներկայումս 2 հարց ամենակարևորն են. ՄՄ-ն և կուտակայինը։ Հասարակությունը պարտավոր է ապացուցել, որ ինքն ինչ-որ բան արժե, որ իրավունք ունի կարծիք ունենալու։ ՄՄ-ի հաշվով վաղուց եմ արտահայտվել. անձնապես չլինելով այս կամ այն միությանն ու ասոցիացիային միանալու կողմնակիցը, հաշվի առնելով մեր անվտանգության համակարգի առանձնահատկությունը, առաջարկել եմ (դեռևս փետրվարին) խնդիրը կարգավորել հանրաքվեի արդյունքներով։ Ինձ հանդիմանում են, թե իբր հանրաքվեի արդյունքները կանխորոշված են (ենթադրվում է, որ մարդիկ կքվեարկեն հօգուտ ՄՄ–ի)։ Հետո ի՞նչ։
Ինքնիշխանության սուբյեկտը ժողովուրդն է և դրա պակասեցման կամ ավելացման մասին ցանկացած որոշում ժողովուրդը պետք է կայացնի։ Այս բանի գիտակցությունը հստակ է այստեղ՝ Մայդանում։ Թե չէ ի՞նչ է ստացվում։ Մեր իշխանությունները, որոնք 4 տարի ասոցացվում էին Եվրոպայի հետ, հանկարծ դարձի եկան ու հասկացան, որ ամբողջ կյանքները երազել են ՄՄ մասին։ Իսկ ես, որ երբեք հիացած չեմ եղել ո՛չ եվրոպական ու ո՛չ էլ եվրասիական ինտեգրացումներով, հանկարծ դառնում եմ այդ ամենի քննադատը։
Հանրաքվեն միայն կուժեղացնի մեր դիրքերը։ Եթե գնում ենք ՄՄ, ապա այնտեղ էլ պիտի իմանան, որ ամբողջ ժողովրդով ենք գալիս։ Բավականին ուսուցողական էր ՌԴ Նախագահ Վ.Պուտինի այցը Հայաստան։ Մասնավորապես, այդ այցի ընթացքում հայտարարվեց, որ ՀՀ նկատմամբ կկիրառվեն ՌԴ-ում գործող գազի ներքին սակագները։ Բայց արի ու տես, որ այդ գները ՌԴ–ում 127 դոլար են, իսկ ՀՀ-ում 391։
Ավելին, եթե ՀՀ գները դարձնում ենք եվրոպական (կալորիականությամբ) և նկատի ունենում, որ ՌԴ-ն յուրաքանչյուր 1000 մ3 գային 90 դոլար էլ փոխհատուցում է տալիս, ապա գինը դառնում 586 դոլար։ Գի՞տեր այս մասին նախագահ Վ.Պուտինը։ Իհարկե՝ ոչ։ Ո՞վ պետք նրան այդ մասին։ Գոնե Ս.Սարգսյանը։ Կասեր, եթե հայ ժողովուրդը քվեարկած լիներ։ Պարտավոր կլիներ ասել։ Հակառակ դեպքում տպավորություն ունեմ, որ ՀՀ նախագահը և վարչապետը պրոբլեմներ ունեն շփվելու իրենց ռուսաստանցի կոլեգաների հետ։
Հիմա նույն էներգետիկայում խնդիրներ կան։ Երկիր զարգացնել կնշանակի նախևառաջ ապահովել էներգետիկան։ 1993-1996թթ վերագործարկեցինք ատոմակայանը, կառուցեցինք լրացուցիչ գազատար Վրաստանում, Իրանի հետ նախաձեռնեցինք և ստորագրեցինք գազամատակարարման ու էլեկտրամատակարարման պայմանագիր։ Իսկ հիմա՞։ Ատոմակայանի շահագործումը պետք է դադարեցվի։ Նորը չկա։ Անհասկանալի է, Իրանից գազ կարող ենք բերել, թե՝ ոչ։
Էներգետիկայի նախարարը այս ամենի մասին չի կարողանում հոդաբաշխ խոսք ասել։ Անհասկանալի է, որ եթե քամու կամ արևի կայան կառուցվի, դրա արտադրած էլեկտրաէներգիան էլեկտրոցանցերը կգն՞են։ Սլովենիան վերջին 10 տարում տասնյակներով քամու և արևի կայաններ կառուցեց, մի քանի անգամ կրճատեց իր կախվածությունը բնական գազի ներմուծումներից։ Մենք դա կարո՞ղ ենք անել։ Այս ամենը հստակ պիտի ասվի, թղթերն ու պայմանագրերը պիտի հրապարակվեն։
Մյուս խնդիրն էլ այս կուտակային վճարումներն են։ Ժամանակավրեպ, անհաջող և սխալ մեխանիզմներով ծրագրված միջոցառում։ Վարչապետն ու կառավարությունը ոնց որ չուզենան ընդունել իրենց սխալը, այսպես ասած մեր ինադու «ռեֆորմներ» են անում։ Բա որ ՄՄ եք գնում այս կուտակայի՞նն ինչ մեղքս է։ ՌԴ-ն հետաձգել է։ Իսկ դուք ինչո՞ւ եք համառում։ Թե սրանով ուզում եք երեսներդ պարզերես» անել Արևմուտքի առաջ, իբր թե տեսեք ինքնուրույն ենք, մի քիչ փող կբերենք ձեր տնտեսության մեջ ներդնելու համար»։
Վերջին օրերին մի շարք ընկերություններ (ՄՏՍ, Քաջարանի ՊՄԿ, Արարատբանկ) հայտարարեցին, որ իրենց աշխատակիցների համար իրենց իսկ միջոցների հաշվին կկատարեն պարտադիր կուտակայինի վճարումները։
Սա իշխանության ձեռագիրն է. օգտագործելով մի շարք իբր թե հեղինակավոր գործարարների իմիջն ու այսպես կոչված նախաձեռնությունը թուլացնել ճնշումները այն հիմար կուտակային համակարգի վրա, որը պատրաստվում են ներդնել հունվարի մեկից։
Իրականում նշված ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման միջոցով պարտադիր կուտակային վճարումները կատարելը բացահայտ բլեֆ է և սուտ։ Այս աշխատակիցները կրկնակի անգամ են վճարում։
Ինքս 8 տարի եղել եմ կոնյակի գործարանի փոխնախագահ, տնօրեն (այդ թվում հենց աշխատավարձի քաղաքականության գծով)։ Անկապ ու անհեթեթ է աշխատավարձը բարձրացնել հենց պարտադիրի վճարումները փոխհատուցելու նպատակով։ Ամեն մի նորմալ ընկերություն տարեվերջին աշխատավարձ է բարձրացնում։
Կոնյակի գործարանը 1998-2006թթ ամեն տարի 10-15%-ով աշխատավարձ է բարձրացրել. այդ բարձրացման մի մասը փոխհատուցում էր գնաճը, մյուս մասն ավելացնում էր իրական աշխատավարձը։
Այս տարի գնաճը շուրջ 6 տոկոս է։ Հիմա, օրինակ՝ ՄՏՍ-Վիվասելը, Քաջարանի ՊՄԿ-ն և այլք պիտի ապացուցեն. արդյո՞ք 5 տոկոսով աշխատավարձը բարձրացնելը գների փոխհատուցումը չէ։ Կամ էլ ամեն տարեվերջին նախատեսված աշխատավարձի պարտադիր բարձրացումը արդյ՞ոք չի ներկայացվում իբրև կուտակային փոխհատուցում։
Եթե սրանք նորմալ ընկերություններ են, ապա հաստատված բյուջե պետք է ունենան։ եվ ուրեմն պետք է հստակ հայտարարեն, որ 5 %-ի բարձրացումն արվել է բյուջեում նշված թվերից դուրս։ Թե չէ ստացվում է, որ փոխհատուցում եք գնաճը, բայց անվանում կուտակայինի փոխհատուցում։ Սա բարոյական չէ. քողարկված ձևով այդ ընկերությունների ղեկավարները քաղաքականապես օգնում են կառավարությանը։ Ի վերջո, անկասկած, կառավարությունն այդ նույն ժողովրդի հաշվին նշված ընկերություններին իր «շնորհակալությունը» կհայտնի»։












