Աղանդները ներխուժել են բանակ, նպատակը` լրտեսությունն է
Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ աղանդավորական կառույցները սկսել են ներխուժել ուժային կառույցներ, մասնավորապես, բանակ:
«Բազմիցս դեպքեր կան, որ աղանդավորները հոգեորսություն են կատարում բանակում՝ իրենց կառույցի մեջ զինվորներին ներգրավելու համար»,- ասաց նա և ավելացրեց, որ կոնկրետ ութ այդպիսի դեպքի մասին ինքը անձամբ գիտի:
Անդրադառնալով 2013թ.-ի աշնանային արդեն մեկնարկած զորակոչին՝ Ալեքսանդր Ամարյանը նշեց, թե այդ ընթացքում շեշտը դրվում է նորակոչիկների ֆիզիկական առողջության վրա, իսկ հոգեկան առողջությամբ ոչ մեկը չի հետաքրքրվում:
«Այս տարի ՊՆ-ում կտրուկ փոփոխություններ են կատարել և սկսել են ուսումնասիրել ինքնասպանություններ կատարված դեպքերի դրդապատճառները, թե զինվորն ինչ շարժառիթներով է գործել ինքնասպանություն: Սակայն հետմահու դատաբուժական հետաքննությունը շատ թույլ է, ինչի պատճառը մասնագետների թվի քիչ լինելն է»,-ասաց նա։
Ալեքսանդր Ամարյանը նաև նշեց, որ թեև բանակն այսօր ունի հիսուն հոգևորական, սակայն այդ թվաքանակը շատ քիչ է, և ամեն մի զորամասում անհրաժեշտ է մի հոգևորական։ Բացի այդ, նրա խոսքով, բանակում պետք է ակտիվ աշխատեն հոգեբանները:
Բանախոսի ներկայացմամբ՝ Հայաստանում բոլոր աղանդավորական կառույցները ֆինանսավորվում են արտասահմանից և լրտեսական տեղեկատվության հավաքագրման հարց լուծում:
«Ես մի ժամանակ կարծում էի, որ ՊՆ-ում տեղյակ չեն, բայց հիմա տեղյակ են, սակայն կանխելու գործողություն չեն անում, չեմ կարող ասել ինչու, տարօրինակ է արձագանք չեմ տեսել, միայն ԱԱԽ-ն ժողով արեց և դրանով սահմանափակեց»,- ասաց նա:
Ալեքսանդր Ամարյանը նաև նշեց, որ վերջերս իրենք պարզել են, որ Հայ ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղին, որի գույքը ԱՄՆ գույք է համարվում, Հայաստանում հողատարածքներ են վաճառել, մինչդեռ, ըստ նրա, ՀՀ հողատարածքները իրավասու չեն վաճառել արտասահմանին:
tert.am












