Նալբանդյան. Ապարդյուն են թուրքական կողմի փորձերը՝ հայ-թուրքական հարաբերությունները կապակցել այլ հարցերի հետ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Երևանում ընթացող ՍԾՏՀ 29-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում համատեղ ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես դիտարկմանը, թե մամուլում եղել են հրապարակումներ, որ Դավութօղլուն պատրաստվում է Երևանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց որևիցե նախապայմանների, ուստի թուրքական կողմի փորձերը կապակցել դա այլ հարցերի հետ, նախապայմաններ առաջ քաշել ապարդյուն են և անիմաստ»։
Էդվարդ Նալբանդյանը նաև ասել է, որ հանդիպումներ են նախատեսված արտգործնախարարների խորհրդին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում` նաև Թուրքիայի արտգործնախարարի։ Իսկ թե ի՞նչ է քննարկվելու, նախարարի խոսքով, կտեղեկացվի հանդիպումից հետո:












