Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՆԱԽ ՇԱՀԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 18, 2013թ. 23:21

0Հարցազրույց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զ. Ռաչինսկին ասել է, թե ԵՄ-ն ու Հայաստանն աշխատում են նոր հարաբերությունների իրավական հիմքի ստեղծման շուրջ, ապա նկատել. ՙՉեմ բացառում, որ դա կարող է լինել ասոցացման մասին ինչ-որ համաձայնագիր, փոքր-ինչ այլ տեսակի՚: Լեհաստանը Արևելյան գործընկերության ծրագրի հիմնական համակարգող երկիրն է, կնշանակի ասվածն ընդամենը դեսպանի ցանկություն չէ: Ի՞նչ նորի մասին է ակնարկը:

-Նախ, եթե ԵՄ-ն խոսում է Հայաստանի հետ նոր հարաբերություններ ձևավորելու մասին, ապա մենք ևս չեն ժխտում եվրոպական կառույցների հետ որոշակիր փոխհարաբերություններ պահպանելու, զարգացնելու անհրաժեշտությունը: Բայց այն պետք է լինի բալանսավորված, արտահայտի մեր երկրի շահերը, հակառակ դեպքում անիմաստ է ինչ-որ նոր պայմանագրերի մասին խոսելը: Ավելին, այդ փոխհարաբերություններն այսօր պետք է համաչափ լինեն նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման գործընթացին, և դրան հակասող որևէ որոշում կամ քայլ չի կարող լինեն: Իսկ այն, որ եվրոպական կառույցներն ամեն կերպ ձգտում են ձեռքներից բաց չթողնել Արևելյան գործընկերության երկրներին՝ փաստ է: Նաև պարզորոշ դարձավ, որ ԵՄ համար գլխավոր խնդիրը Խորը, ազատ ու համապարփակ պայմանագրի ստորագրումն էր, որը Եվրոպային հնարավորություն կտար ձևավորել նոր շուկաներ: Ընդամենը երկու օր առաջ եմ վերադարձել Եվրոպայից, Խորվաթիայում էի, այս երկիրը լինելով ԵՄ անդամ մինչև հիմա չի մտնում եվրոպական տնտեսության գոտի, որովհետև մտահոգ է, որ մտնելուն պես գների շեշտակի բարձրացում տեղի կունենա, ձեռնարկություններն էլ կփակվեն՝ մրցունակ չլինելու պատճառով: Շատ ծանր վիճակում է հարևան Բուլղարիան , ուր և՜ ձեռնարկություններն են փակվել, և՜ գյուղատնտեսությունն է հայտնվել քայքայման եզրին, որովհետև բուլղարական շուկան լցված է եվրոպական այլ պետությունների անհամեմատ էժան արտադրանքով: Մինչդեռ Բուլղարիան այն երկիրն էր, որն ամբողջ Արևելյան Եվրոպային մատակարարում էր լոլիկի, պղպեղի, վարունգի բարձրորակ պահածոներ: Սա փաստում է այն մասին, որ ԵՄ-ին հետաքրքրում են ոչ թե այդ երկրները, այլ նրանց տարածքը որպես շուկա, որպեսզի այն օգտագործի իր ժողովուրդներին աշխատատեղերով ապահովելու համար: Սա հարցի տնտեսական կողմն է, բայց կա նաև քաղաքականը:

Թերևս՝ Հայաստանը ռուսական ազդեցության դաշտից պոկելն է, ինչն էլ կարելի է համարել ԵՄ բուն նպատակը այս նոր գործընթացում:

-Խոսքը ոչ թե ազդեցության ոլորտի մասին է, այլ փոխհարաբեությունների չեզոքացման, և այդ իմաստով, այո, նրանք ամեն կերպ փորձում են հասնել Ռուսաստան-Հայաստան փոխհարաբեությունների չեզոքացմանը: Չնայած բոլորն էլ լավ են հասկանում, որ տեսանելի ապագայում Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ իրականացնելու են լրջագույն ծրագրեր: Հետևաբար, իրենց նպատակներն ու ձգտումներն անպտուղ են լինելու: Նրանք բացահայտորեն ուզում են, հատկապես, հետխորհրդային երկրներին կտրել Ռուսաստանց: Սա արդեն ոչ թե բարեկիրթ հարաբերությունների ձևավորում է, այլ զուտ քաղաքական հակամարտություն:

Հետևելով ԵՄ չինովնիկների հայտարարություններին թե՜ Վիլնյուսում, թե՜ օրերս Բրյուսելում, համոզվում ես, որ ԵՄ-ն որոշել է հետայսու ԵՄ-Հայաստան հարաբերություններում գլխավոր դերակատար դարձնել իր կողմից ֆինասավորվող կառույցներին: Ու չեն թաքցնում նպատակը՝ առավել ուժեղացնել արևմտյան կողմնորոշման քաղաքացիական դաշտի ձևավորումը: Փաստորեն, բացահայտորեն ասում են ՝ դրսից ներսին ուղղորդելու ենք:

-Այո, և Եվրոպայի այդ մոտեցման արդյունքն է, որ գրանտակեր կազմակերպությունների թիվն օրեցօր աճում է: Դրանք կառույցներ են, որոնք բացահայտորեն կատարում են Արևմուտքի հանձնարարականները և աշխատում մեր երկրի շահերին դեմ: Արդեն 15-20 տարի է, որ Եվրոպան հենվում է գրանտակերների վրա, կառավարելով ու պարտադրելով իրականացնել ծրագրեր, որոնք հարիր չեն մեր արժեհամակարգին: Եվ այսօր այն մի նոր որակ է ստանում: Այս մասին պետք է հրապարակավ ասել, բարձրաձայնել: Վերջերս Կինոյի տանը կայացած գենդերի դեմ հավաքի ժամանակ մենք հայտարարեցինք, որ այդ կազմակեպությունների գործունեությունն արդեն իսկ դառնում է խիստ վտանգավոր: Որևէ մեկը դեմ չէ իրական եվրոպական արժեքներին, բայց սրանց արածը բոլորովին այլ բնույթ է կրում, ուրեմն պետք է վերանայել, տեսնել, թե ի՞նչ են անում ու հանուն ինչի՞ են անում: Տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, նախադեպը չունեցող փաստ է, Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները, սենատորները գնում են Ուկրաինա ու բացահայտորեն միջամտում այդ երկրի ներքին գործերին, սովորեցնում, թե ի՞նչ պետք է անի այդ ժողովուրդը, ի՞նչ որոշումներ պետք է կայացնի երկրի ղեկավարությունը: Անգամ շանտաժի են ենթարկում: Եվրոչինովնիկները չեն էլ թաքցնում, որ նույն բանն ուզում են անել և Հայաստանում:
Եկեք նաև հասկանանք, թե ի՞նչ է նշանակում քաղաքացիական հասարակություն ասվածը: Դա մենք բոլորս ենք, ու եթե ԵՄ-ն մի փոքր հատվածի իր կողմն է պոկել դեռ չի նշանակում, որ իրենք կարողացել են Հայաստանի ողջ քաղաքացիական հասարակությանն իրենց գաղափարների կրողը դարձնել: Ամենևին այդպես չէ: Մեր երկրի քաղաքացիական հասարակության բացարձակ մեծամասնության դիրքորոշումն է՝ անդամակցել Մաքսային Միությանը: Եթե եվրոպամետ ՙքաղաքացիական հասարակություն՚ համարվող կառույցների գործունեությունը լիներ անվճար, եթե նրանց համապատասխան զլմ-ներ չտրամադրվեն, նրանց ծրագրերը դրսից չֆինանսավորվեին, ի՞նչ կարող էին անել այդ մարգինալները, մարդ-կազմակերպություններ են, որոնք իրենց թիկունքում անդամներ չունեն, որովհետև հեղինակություն չունեն ու չեն վայելում մեր ժողովրդի վստահությունը: Բայց մեկ էլ հանկարծ ակտիվություն են ցուցաբերում ու սկսում փրփուրը բերաններին պնդել, թե Հայաստանը պետք է բռնի եվրոպական ինտեգրման ուղին: Ի տարբերություն սրանց, քաղաքացիական հասարակության մեծամասնությունը արտերկրներից որևէ ֆինանսական աջակցություն չի ստանում, այլ գործում է իր համոզմունքներին համապատասխան, ելնելով մեր ազգային պետական շահերից: Եթե գրանտակերներն ագրեսիվ են, ապա քաղաքացիական մեծամասությունը ուժեղ է, քանի որ մեր կողքին մեր ժողովուրդն է: Իսկ մարգինալների դեմ պայքարելու համար ոչ թե պետք է բարիկադներ կառուցել, այլ պետք է գործեն պատկան մարմինները՝ արդարադատության նախարարությունը, ԱԱԾ-ն ու ԱԺ-ն:

Դարձյալ անդրադառնամ Ռաչինսկու խոսքին. ՙԵկեք անկեղծ խոսենք: Միգուցե մենք վերցրել էինք չափից դուրս արագ տեմպ, միգուցե այդ նախագծերը չափից դուրս ամբիցիոզ էին և Արևելյան գործընկերության երկրներն ի վիճակի չէին մասնակցել դրանց՚: ԵՄ-ն համոզե՞ց, որ իր սխալների արդյունքում ձախողվեց Արևելյան գործընկերությունը: Հետևաբար, նոր փուլը ի՞նչ բովանդակություն կունենա:

-Ես մասնակցում էի դեսպանի կազմակերպած քննարկմանը, և իմ ելույթում ասացի, որ Եվրոպան ինքն է մեղավոր, որ Արևելյան գործընկերության երկրները չուզեցին իր հետ սերտ հարաբերություններ ձևավորել: Ասացի, եթե իրենք, իրոք, շահագրգիռ էին մեր երկիր զարգացմամբ, ապա պետք է Հայաստանին տրամադրած վարկերն ուղղեին երկրի տնտեսության զարգացմանը, բայց վարկերն ուղղում էին սպասարկու երկիր ձևավորելուն, այլ ոչ թե աշխատատեղեր ստեղծելուն, արտադրությունը միցունակ դարձնելուն: Եթե իրենց նպատակներն ազնիվ էին, թող նման քայլերով մեր ժողովուրդին համոզեին, որ Եվրոպա գնալու դեպքում տնտեսական առավելություններ կունենանք: Բայց կատարվեց հակառակը: Փաստն այն է, որ նրանք իրականում ուզում են ունենալ ԵՄ-ին կից սպասարկու երկրներ, և ոչ ավելի: Եվրոպացիների կողմից հաճախ է շահարկվում ՙգույք պարտքի դիմաց՚-ը, ես նրանց պատասխանեցի այսպես՝ այդ ձեռնարկությունները Հայաստանից չեն փախել, իսկ այսօր արդեն սկսում են աշխատել: Անտեսե՞նք այն փաստը, որ էներգետիկ, կապի, երկաթգծի ոլորտներում ռուսական կապիտալով 1500 ձեռնարկություն է աշխատում: Փոխարենը, թող Եվրոպան մեզ բացատրի՝ ինչո՞ւմ է մեզ դրել 4 մլրդ դոլարի պարտքի տակ, որից և ոչ մի ցենտ չի ուղղվել տնտեսության զարգացմանը: Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք շարունակել այդ ինտեգրացիոն ուղով ընթանալ: Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության ծրագրին, ապա այն ձախողված չէ, ասոցացաման համաձայնագիրը չկնքվեց, բայց այն պահպանվում է և կարող է ձևափոխվել, նոր երանգներ ստանալ: Ավելին, ԵՄ-ն չի հրաժարվելմեզանից, եվրոպացիները շոկային վիճակից արագ դուրս եկան ու հիմա վերանայում են իրենց քաղաքականությունը: Այնպես որ, պատահականություն չէր, որ Լեհաստանի դեսպանը նման քննարկում էր կազմակերպել, նա ուզում էր լսել մեզ, ես էլ պարզորոշ ասացի՝ դուք եք մեղավորը ու այլ տեղերում մեղավորներ մի փնտրեք: Եվ եթե այսօր Եվրոպան արմատապես փոխի իր քաղաքականությունը ու Հայաստանի տնտեսության մեջ մեծ ներդրումներ կատարի, ապա մենք միայն կողջունեք նման մոտեցումը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն