ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ԱՅՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ադրբեջանի «բազմավեկտոր» քաղաքականության պատրանքը միշտ էլ հենվել է նրա «նավթային Էլդորադո» լինելու համոզմունքի վրա, որը վերջին ամիսների ընթացքում փլուզվում է մեծ արագությամբ։
Այս իրողության վկայություններն են Ադրբեջանից հում նավթի արտահանման դադարեցումը, այդ երկրի ներքին շուկայում վաճառվող էներգակիրների գնի թանկացումը եւ դրան հետեւած բողոքի ցույցերը։ Թվում է, թե Բաքուն սկսել է գործարկել «գազային այլընտրանքը», սակայն այստեղ էլ պատկերը խիստ տխուր է, քանի որ արեւմտյան ընկերությունների հետ կնքված նոր պայմանագրով հաջորդ տարվանից սկսած մինչեւ 2018 թվականը ողջ եկամուտն ուղղորդվելու է նոր ենթակառուցվածքների ստեղծմանը։
Այսպիսով՝ այն պայմաններում, երբ Հայաստանի Մաքսային միություն մուտք գործելու գործընթացը Բաքվի ձեռքից խլում է պատերազմի վերսկսման շատ թե քիչ շոշափելի հնարավորությունը, Ադրբեջանը զրկվում է նաեւ սպառազինությունների մրցավազքի շարունակման նոր ռեզերվներից եւ ապավինելու է նախորդ տարիներին նավթային ֆոնդում կուտակած գումարներին։
Սակայն դրանով Բաքվի հոգսերը չեն թեթեւանում, քանի որ, մի կողմից, Արեւմուտքի ճնշմամբ, մյուս կողմից՝ 2015-ին նախապատրաստվելու մտահոգությամբ լուրջ տատանումներ են արձանագրվում նաեւ Թուրքիայի պահվածքի մեջ, որը գոնե առերեւույթ ստիպված է հրաժարվել Հայաստանի հանդեպ բացահայտ թշնամանքի ու նախապայմանների քաղաքականությունից։ Ուրեմն ո՞ւմ վրա հենվել եւ ինչպե՞ս համառել, երբ Ղարաբաղյան բանակցային գործընթացում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու փորձեր անող Միացյալ Նահանգները պահանջում է արագացնել կարգավորման սկզբունքների համաձայնեցումը։
Համանախագահների հերթական տարածաշրջանային այցի նախօրեին Բաքուն փորձեց այս հարցի պատասխանը տալ հին՝ արդեն ավանդական դարձող մեթոդներով՝ սահմանագծի վրա հերթական հայ զինվորին սպանելով։ Սակայն այս անգամ Հայաստանի պաշտպանության նախարարության արձագանքը այնքան կտրուկ էր, որ դրա «նյութականացումը» իրեն երկար սպասել չի տալու։
Ու քանի որ այս ամենին գումարվում են նաեւ համանախագահների հայանպաստ հայտարարությունները բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի միացման հավանականության (Պոպով-Ռուսաստան) եւ Ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապ չունենալու մասին (Ուորլիք-ԱՄՆ), ապա, ինչպես ասում են, պատկերն ամբողջանում է։
Նաեւ դրա վկայությունն է, որ ԼՂՀ նախագահը հրաժարվում է միջնորդների հետ Երեւանում բանակցելու գործելակերպից եւ նրանց ընդունում է միայն Ստեփանակերտում՝ ինչպես վայել է ինքնիշխան երկրի ղեկավարին։
Շատերի կարծիքով՝ ստեղծված բարենպաստ պայմաններում հարկավոր է օր առաջ ազատվել Մադրիդյան սկզբունքներից, որոնք առաջադրվել են տարիներ առաջ՝ միանգամայն այլ աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական պայմաններում։ Սկզբունքորեն դա շատ ճիշտ հարցադրում է, ուստի խնդիրը միայն ու միայն այն կյանքի կոչելու քաղաքական տեխնոլոգիաներն են, քանզի այսօր միջնորդներից ամենաակտիվը՝ Միացյալ Նահանգները, համառորեն փորձում է բանակցային գործընթացը վերակենդանացնել հենց այդ սկզբունքների հիման վրա, իսկ Ռուսաստանը դեռ այլընտրանք չունի։
Հարկավոր է բանակցային գործընթացի աշխուժացման եւս մեկ հանգրվան, որի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման մեջ կենսականորեն շահագրգռված ԱՄՆ-ը կփորձի իրականություն դարձնել նաեւ հայ-ադրբեջանական հաշտեցումը եւ… կբախվի Բաքվի համառության պատին։ Այդ պահից արդեն միանգամայն իրական կդառնա Մադրիդյան սկզբունքների վերանայման հնարավորությունը։
Տարածաշրջանի շուրջ ընթացող «մեծ խաղում» Ղարաբաղյան հակամարտությունը պահպանելու է իր առաջնակարգ դերակատարությունը մինչեւ այն պահը, քանի դեռ նրա հիմնական խաղացողներից որեւէ մեկը չի «շոշափել» ստատուս քվոյի փոփոխության ի՛ր հնարավորությունը։ Եվ հենց այդ պահին էլ համանախագահների արտաքուստ միասնական կեցվածքը փլուզվելու է «թղթե տնակի» նման։
Դրա առաջին ազդանշանները երեկ մենք ստացանք Ստեփանակերտից, ուր ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ներկայացնող Ջեյմս Ուորլիքն ու Ժակ Ֆորը հանդիպել են ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Սա համենայն դեպս ավելի լայն ու ներկայացուցչական միջոցառում էր, քան վերջերս Վիեննայում կազմակերպված Հայաստանի ու Ադրբեջանի ընդդիմության հանդիպումը։
Կարծում ենք, բանակցային գործընթացն ընթանում եւ առաջիկայում էլ ընթանալու է մեզ համար բարենպաստ հունով, եթե կարողանանք պահպանել ու ամրապնդել վերջին ամիսներին արձանագրված դրական միտումները։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ












