Ի՞նչ տեղահանություն, պարոն Դավութողլու, դուք պատմություն եք կեղծում
Թուրքական կողմն ամեն ինչ արեց, որ Սեւծովյան Տնտեսական համագործակցության ԱԳ նախարարների համաժողովի շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Երևան անհրաժեշտ չափով ծառայի թուրքական քարոզչությանը: Տեղեկատվական քարզչական գրոհին լծված թուրքական մամուլը նախ մինչ Դավութողլու Երևան կատարելիք այցը, սկսեց տարաբնույթ ապատեղեկատվություն շրջանառել, չլռեց անգամ օդում՝ ինքնաթիռում, իսկ գործընթացը եզրափակեց Երեւանում՝ միայն թուրքական ԶԼՄ-ի համար տրված Դավութողլուի հարցազրուցով:
Դատելով թուրքական ու անգլեալեզու մամուլի արձագանքներից, թուրքական կողմն իր դիվանագիտական հնարքներից կարողացավ առավելագույնս օգտվել. մի քանի օր շարունակ վերջիններս ակտիվորեն լուսաբանում էին ԱԳ նախարարի երևանյան այցն ու շրջանառում նրա հայաստանյան մեսիջները: Իր հերթին խնդրին անդրադարձած սփյուռքահայ մամուլը մտահոգված արձանագրեց՝ Հայաստան ժամանած Թուրքիայի ԱԳ նախարարն անգամ ինքնաթիռում գործի դրեց թուրքական քարոզչական հնարքը և իրեն ուղեկցող թուրք լրագրողների հետ խոսելով Հայոց ցեղասպանության մասին, հանդգնեց այն տեղահանություն անվանել:
Հիշեցնենք, 1915 թ. Օսմանյան կայսրության իշխանություններն ընդունեցին ժամանակավոր մի օրենք, որը ՙիրավական՚ քող ծառայեց հայ ժողովրդի կանխամտածված զանգվածային ոչնչացման՝ ցեղասպանության համար, և այսօր այն հիշատակվում է որպես <Տեղահանության օրենք>: Այս առումով Լ. Շիրինյանը նկատում է՝ թուրքը պետք է գրե՞ր, թե գնում ենք մորթելու հայերին, բնականաբար, նրանք ցեղասպանություն իրականացրին <տեղահանություն> անվան տակ: <Դավութողլուն Հայաստան եկավ ու կրկնեց իր նախնու՝ Թալիաթի ձևակերպումները>, Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունից խիստ վրդովված քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նկատեց, թե այս փաստը դարձյալ հուշում է, որ 100 տարի անց էլ թուրք ղեկավարների մտածողության մեջ ոչինչ չի փոխվել:
Եվ հայ քաղաքագետն իր հարցերն է ուղղում Թուրքիայի ԱԳ նախարարին. <Եթե հայ երեխաներին, կանանց ու ծերերին Էրզրումից, Սարիղամիշից, Կարսից ու հայկական այլ վայրերից ոտքով քշել եք դեպի Սիրիայի անապատները՝ Դեր Զոր, բոբիկ, տկլոր ու սովալլուկ, նրանք կենդանի կմնա՞ն, պարզ չէ՞, թե ի՞նչ էր սպասվում նրանց: Իսկ դուք ու ձեր կինը Ստամբուլից մինչև Դեր Զոր՝ արևի տակ, սոված ու մերկ, կքայլե՞ք այնպես, ինչպես ձեր նախնիները քայլեցրին մի ողջ ժողովրդի, պարտադրելով նրանց հեռանալ հայրենիքից: Գուցե դուք սովո՞ր եք, կարող եք քայլել, ի վերջո, քոչվոր ցեղի ժառանգներ եք>: Այնուհետ քաղաքագետը շարունակում է Թուրքիայի ԱԳ նախարարին ուղղված իր հարցադրումները. <Ի՞նչ տեղահանության մասին է խոսքը, պարոն Դավութողլու, ձեր նախնիները նման քայլի դիմեցին որպեսզի ճանապարհին բռնաբարեն, թալանեն ու, վերջապես, դաժանաբար սպանեն հայ ժողովրդին: Ես հարց եմ տալիս ձեզ՝ ինչո՞ւ Արևմտյան Հայաստանում այսօր հայեր չեն ապրում, իր հայրենիքից ո՞ւր անհայտացավ երկրի բնիկ ժողովուրդը, եթե դուք չգիտեք, ես կասեմ՝ ցեղասպանության ենթարկեցիք և բռնազավթեցիք նրա ողջ տարածքն ու ունեցվածքը: Եվ ուրեմն, ի՞նչ իրավունքո՞վ եք այսօր մի ողջ ժողովրդի դավաճան անվանում: Ձեր խոսքերը վերստին հաստատում եք այն ճշմարտությունը, որ թուրքերդ ցեղասպանություն ՙգյուտի՚ հեղինակն եք աշխարհում>:
Երևան այցելած թուրք պաշտոնյայի ցուցադրած շոուից հայ քաղաքագետը վերստին համոզվել է, որ 100 տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածողության մեջ փոփոխություն չի եղել՝ ՙմեկ քայլ անգամ առաջ չեն անցել Թալիաթից ու Էնվերից՚, և դրա ապացույցն այն է, որ Դավութողլուն իբրև նոր գաղափար դարձյալ կրկնեց նրանց կողմից 100 տարի առաջ ընդունածը: Շիրինյանի եզրակացությունն է՝ հայերս աշխարհի աչքերը բացելու հարցում լուրջ գործ ունենք անելու, աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը: Իսկ թուրքական կեղծիքի դեմն առնելու համար պայքարի ավանդական ձևերն այլևս բավարար չեն, Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ քարոզչական այլ ազդեցիկ քայլեր են հարկավոր:
Քաղաքագետը կոչով դիմում է հայ ու այլազգի կինեմատոգրաֆիստներին՝ օգնեք աշխարհին ներկայացնելու հայ ժողովրդի արժանիքները՝ համաշխարհային սպանդից մարդկությանը փրկելու հարցում նրա մատուցած ծառայությունները: Եվ աշխարհի այսօրվա հզորներին հիշեցնում՝ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնել և ժամանակին ձեզ հետ միասին պայքարել գերմանա-թուրքական ուժերի դեմ, <պատմությունը հստակ վավերացնում է՝ Անտանտի դաշնակիցների տարած հաղթանակներում իր լուման ունի նաև հայ ժողովուրդը>:
Ասվածը փաստելու համար Լևոն Շիրինյանը ներկայացրեց պատմական երեք ուշագրավ փաստեր, այսպես. 1918 թվականին, երբ Գերմանիան վերջին մարտերն էր մղում ֆրանսիական ճակատում՝ Փարիզի տակ, նրան մեծ քանակությամբ նավթ ու նավթամթերք էր հարկավոր, թուրքական բանակի խնդիրն էր՝ ջարդել հայկական ազգային զորամասերն ու Բաքվի նավթը հասցնել գերմանական բանակին: Սակայն հայկական զորամիավորումները վճռական դեր խաղացին Բաքվի ինքնապաշտպանական մարտերում, թույլ չտվեցին, որ թուրքական բանակը գրավի Բաքուն, տեր կանգնի նավթին, և այն հասցնի գերամանական բանակին: ՙԳերմանացիները մնացին առանց վառելիքի ու չկարողացան օգտագործել իրենց ձեռքի տակ եղած զինվորական տեխնիկան: Հայ զորամասերն իրենց հերոսական գործողություններով ուղղակի նպաստեցին Անտանտի դաշնակիցների հաղթանակին. Փարիզի արվարձաններում գերմանական բանակը գլխովի ջախջախվեց՚:
Երկրորդ պատմական փաստը դարձյալ 1918թ-ին է վերաբերում. հայտնի Արարայի ճակատամարտում դեմ դիմաց կանգնեցին ֆրանսիական զինված ուժերի կազմում գործող 5000-ոց Հայկական լեգեոնն ու 12 000-ոց թուրքական բանակը: Հայկական ուժերը <Մեր հայրենիք>-ի հնչյունների տակ, եռագույնը պարզած կռվի նետվեցին, նրանց հաջողվեց ճեղքել թշնամու ճակատը և անցնել նրա թիկունք։ Այս ճեղքումն էր, որ պատմական դեր խաղաց ապահովելով դաշնակիցների՝ անգլո-ֆրանսիական զորքերի հարձակումը և թուրքերի լիակատար պարտությունը։
Եվ վերջապես երրորդ փաստը. 1918-ին Պարսից ծոցի Բանդարաբեսի նավթաբեր շրջանը թուրերից պաշտպանում էր գեներալ Սայքս-Փիկոյի ղեկավարած անգլիական զորամիավորումը, որը կազմված էր բացառապես հայ զինվորներից: Հայկական կորպուսի նպատակը դարձյալ նույնն էր՝ թույլ չտալ թուրքերին այս տարածքից նավթամթերք մատակարարել գերմանական բանակին: Եվ քաջարի հայ զինվորները այստեղ ևս պատվով կատարեցին իրենց գործը:
:<Պատկերացնո՞ւմ եք, հայ ժողովուրդը նման հերոսական քայլեր է իրականացրել իր դեմ իրականացված ցեղասպանության ակտից հետո, երբ երկրում մարդ չէր մնացել՝ ազգաբնակչության 70 տոկոսը սպանվել էր, նյութական ռեսուրսը ոչնչացվել, իսկ հայության կենդանի մնացած հատվածները անհայրենիք թափառում էին աշխարհում: Եվ այդ պայմաններում նրա որդիները կարողացան իրենց մեջ ուժ գտնել ու օգնել մարդկությանը>:
Քաղաքագետը պատմական ակնարկից հետո եզրահանգում է՝ եկել է ժամանակը, որ աշխարհի առաջադեմ, հումանիստ մարդկությունն էլ օգնի հայ ժողովրդին, փոխհատուցի նրան իր ծառայությունների դիմաց, իսկ դա կարող է լինել միայն Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, դատապարտմամբ ու փոխհատուցմամբ, որը հայության բռնազավթված հայրենքն է:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












