Փորձագետը ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը տնտեսապես արդարացված է համարում
Տնտեսական անվտանգության առումով Հայաստանի համար ավելի ձեռնտու է Մաքսային միությանն անդամակցելը։ Այս մասին «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովում ասաց Երևանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Աշոտ Թավադյանը։ Նա նշեց, որ եթե Հայաստանը չմիանար Մաքսային միությանը և էժան գազ չստանար Ռուսաստանից, մեր կորուստներն ավելի շատ կլինեին, քան այն պարագայում, երբ Հայաստանը հրաժարվեց Ասոցացման պայմանագրի ստորագրումից, հետևաբար նաև Եվրամիության առաջարկած փոխհատուցումներից։
Նրա խոսքով, մաքսային վճարների առումով, այնուամենայնիվ, կլինեն, սակայն դրանք կոմպենսացվում են ավելի էժան գազի դիմաց։ «Այս պարագայում մեր կորուստները շատ չեն լինի։ Հարկավոր է նաև հաշվի առնել այն, որ Մաքսային միությունը մեզ համար կայուն շուկա է, ի տարբերություն Եվրամիության, որը լի է տարբեր երկրների արտադրանքով, և դժվար է եվրոպացիներին զարմացնել։ Եթե առանձին-առանձին դիտարկենք դեպի ԵՄ երկրներ Հայաստանի արտահանման ծավալը, ապա դա փոքր թիվ է կազմում այն ծավալի դիմաց, որ Հայաստանն արտահանում է Ռուսաստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Թավադյանը։
Տնտեսագետի խոսքով, հաջորդ կարևոր հարցերը միգրացիան և տրանսֆերներն են, որ նպաստել են ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշմանը։ «Ռուսաստանում ապրում են մեծ թվով հայեր։ Բացի դրանից, Ռուսաստանից ստացվող տարեկան տրանսֆերները հսկայական թիվ են կազմում։ Աշխարհաքաղաքական առումով մեր պետություններն ունեն ընդհանուր շահեր, որ անհրաժեշտ էր հաշվի առնել»,- ասաց Թավադյանը։
Եվրամիության երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ցուցանիշն այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 1 միլիարդ 223 միլիոն 551 հազար դոլար (ՀՀ արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 28,81 տոկոսը): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ԵՄ ապրանքաշրջանառության ընդհանուր ցուցանիշն աճել է 5.24 տոկոսով:
Հայաստանի և Մաքսային միության անդամ երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) առևտրի ընդհանուր ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է ավելի քան 1 միլիարդ 033 միլիոն դոլար (ՀՀ արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 24,33 տոկոսը): ՀՀ-ՄՄ երկրների ապրանքաշրջանառության ընդհանուր ցուցանիշը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ աճել է 5.35 տոկոսով:
ԱՐՄԵՆՊՐԵՍ












