Եվրոպական դատարանը քաղաքական պատվեր կատարեց
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դեկտեմբերի 17-ին կայացրեց որոշում, որով 1915թ. Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժխտումը չճանաչեց քրեական հանցագործություն: Այս թեմայի շուրջ է ՙՀայոց Աշխարհ՚-ի հարցազրույցը Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ
-2012-ին, երբ Ֆրանսիայում սկսվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացը, մասնավորաբար, ամերիկյան մամուլում ի հայտ եկան հոդվածներ, նաև ամերիկացի իրավաբաններ կարծիք հայտնեցին, թե այդ քայլը կարող է դիտվել որպես մարդու իրավունքների խախտում: Եվ փաստորեն, դեռ այն ժամանակից հող էր նախապատրաստվում, որ գործընթացները կարող են հենց այդ ուղղությամբ զարգանալ:
-Այո: Չնայած շատ կարևոր է մարդու արտահայտվելու իրավունքը, սակայն այստեղ կա մեկ այլ կարևոր հանգամանք, եթե ՄԻԵԴ-ի համապատասխան կոնվենցիաները ապահովում են այդ իրավունքը, ապա այն չպետք է ընտրողաբար կիրառվի: Այսինքն, եթե անձն իրավունք ունի արտահայտվելու Հայոց ցեղասպանության շուրջ, ուրեմն, պետք է իրավունքը ունենա արտահայտվելու նաև հրեական Հոլոքոստի մասին, մինչդեռ աշխարհի շատ երկրներում Հոլոքոստի ժխտումը համարվում է քրեորեն հետապնդելի արարք: Եվ հենց սրանում է խնդրի կարևորությունը: Եթե ՄԻԵԴ-ը գտնում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն չէ, ուրեմն, Հոլոքոստի ժխտումն էլ չպետք է համարվի քրեորեն պատժելի արարք: Ինչ վերաբերում է ամերիկյան կամ եվրոպական իրավաբաններին, որոնք հանդես են գալիս մարդու արտահայտվելու անսահմանափակ իրավունքի օգտին, ուրեմն, նաև նրանք պետք է ընդգծեն, որ այդ օրենքը տարածվում է բոլոր դեպքերի վրա: Բայց չմոռանանք, որ ամերիկյան իրավաբաների մեծ մասը հրեաներ են, իսկ հրեաները մեկ սկզբունք ունեն՝ պահել Հոլոքոստի բացառիկությունը:
-Ինչո՞ւ, այնուհանդերձ, հեղինակավոր համարվող եվրոպական դատարանը գնաց նման քայլի: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Արևմուտքն այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը բացառապես ծառայեցնում է սեփական քաղաքական շահերին, արդյո՞ք, այս որոշման կայացման հիմքում ևս քաղաքական դրդապատճառներ չկան:
-Այո, կարծում եմ, տվյալ դեպքում խնդիրը ոչ թե իրավական է, այլ քաղաքական, եվրոպական դատարանը կայացրեց քաղաքական որոշում: Պետք է նաև հաշվի առնել հետևյալը, Հայոց ցեղասպանության պարագայում կա ընդդիմացող կողմ՝ հանձին Թուրքիայի, և դա սրում է հարցի քաղաքական բաղադրիչը, իսկ Հոլոքոստի պարագայում ընդդիմացող կողմ չկա, հակառակը, Գերմանիան հենց ինքն է դատապարտում Հոլոքոստի ժխումը, հետևաբար, այստեղ քաղաքական բաղադրիչը դուրս է մղվում ու հարցը դիտարկվում զուտ իրավական հարթության մեջ: Դարձյալ հանգում ենք նույն մտքին, ուրեմն, եթե ՄԻԵԴ-ի համար ընդունելի է, որ կան հանցագործություններ, որոնց ժխտումն ինքնին հանցագործություն է, ուրեմն, այս մոտեցումը պետք է կիրառվի նաև Հայոց ցեղասպանության պարագայում, իսկ եթե չի կիրառվում, ուրեմն, միանշանակ է, որ կայացված որոշումը քաղաքական պատվեր էր: Կա նաև մի կարևոր հանգամանք. հայերի ու հրեաների դեմ իրականացվածը ցեղասպանություն է, սակայն Հայոց ցեղասպանությունն իր կիրառման ձևով ավելի դաժան հանցագոծություն է և ունի նույնքան բարդ հետևանքներ:
-Ի վերջո, ոչ միայն գործ ունենք մոտ 2 միլիոն հայերի ոչնչացման փաստի հետ, այլև հայրենազրկման:
-Անշուշտ, բայց նախ կիրառման ձևի դաժանության մասին: Սպանությունների իրականացման պարագայում սովորաբար ասվում է՝ առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն և սպանություն, ընդամենը, մեկ կրակոցով: Հայ ժողովրդին թուրքերը սպանել են խիստ ծանրացուցիչ հանգամանքներում՝ սովի մատնելով, ենթարկելով կտտանքների, ծնողների աչքի առաջ զավակներին բռնաբարելով, մորթելով, քառահատելով, իսկ հրեաների հանդեպ գերմանացիները նման դաժանություն չեն իրականացրել, նրանք կիրառել են սպանության երկու ձև՝ գնդակահարություն և գազախցիկները: Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա դրանք ևս հայերիս համար չափազանց ծանր են. թուրքերը բռնազավթել են մեր հայրենիքն ու այդ հայրենիքի մեջ ամփոփված ամբողջ՝ նյութական, հոգևոր հարստությունները: Եթե գերմանացիները հարուստ հրեաներից խլում էին Ռեմբրանտի ու Ռուբենսի նկարները, որոնք չեն կազմել հրեական մշակույթի մաս, ապա թուրքերը հայերից խլեցին վերջինիս ստեղծած մշակութային ժառանգությունը՝ մեր ձեռագրերը, եկեղեցական հարստությունները՝ արծաթյա, ոսկյա թանկարժեք զարդերը, ահռելի քանակի արվեստի գործեր: Այսինքն, Հայոց ցեղասպանության պարագայում կա նաև հետևանքների վերացման խնդիր:
Գիտեք, եթե լիներ հակառակը ու չդատապարտվեր Հոլոքոստի ժխտումը, ինչ-որ տեղ այն ավելի ընկալելի կլիներ, քանի որ Հոլոքոստն արդեն իսկ դատապարտվել է, Գերմանիան ընդունել է, փոխհատուցել, մինչդեռ հայերի դեմ իրականացված հանցագործության համար Թուրքիան առ այսօր պատասխան չի տվել: Ու եթե այս իրողության պարագայում ՄԻԵԴ-ը հնարավորություն է տալիս չքրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, նշանակում է խրախուսում է հանցագործությունը:
–Ինչպե՞ս պետք է Հայաստանն արձագանքի այս խայտառակ փաստին:
– Հայ իրավաբանները պետք է բողոքարկեն օրենքի անհամաչափ կիրառման դեմ, այսինքն, վիճարկեն ոչ թե մարդու արտահայտման իրավունքը, այլ օրենքի խտրական կիրառումը, թե ինչո՞ւ պետք է մարդու ազատ արտահայտվելու իրավունքը տարածվի Հայոց ցեղասպանության վրա, բայց ոչ Հոլոքոստի: Նաև նկատի պետք է ունենալ մի կարևոր փաստ. Հոլոքոստը ժխտելու համար բազմաթիվ մարդիկ են դատապարտվել, այսինքն, կան մեզ համար կարևոր նախադեպեր ու մենք պետք է պնդենք, որ Հայոց ցեղասպանության պարագայում դրանք ևս կիրառվեն: Կրկնում եմ, հայկական կողմը պետք է հստակ բարձրաձայնի օրենքի խտրականության հարցը ու խնդիրը դիտարկի հենց այդ հարթության մեջ: Այս առնչությամբ ուզում եմ մեկ օրինակ բերել, չնայած երևույթները խիստ տարբեր են, սակայն նպատակս այն զուտ խտրականության տեսանկյունից դիտարկելն է: Տեսեք, Եվրոդատարանն ասում է՝ միասեռ ընտանիքները կարող են երեխա որդեգրել, ու նշում, որ հակառակ պարագայում կդրվի խտրականություն ընտանիքների միջև: Այսինքն, օրենքը առաջնություն է տալիս ու կարևորում է ոչ խտրական վերաբերմունքը: Այդ դեպքում, ինչպե՞ս եղավ, որ միասեռականների պարագայում ՄԻԵԴ-ը գտավ, որ չի կարելի խտրական վերաբերմունք ցուցաբերել, բայց Հայոց ցեղասպանության պարագայում այն դարձավ երկրորդական: Կարծում եմ, այո, սա քաղաքական որոշում էր, և պատասխանն էր Հայաստանի այն քայլի, որ 3,5 տարի ԵՄ-ի հետ բանակցելուց հետո մեր երկիրը որոշեց փոխել իր ինտեգրացիոն ուղղությունը: Եվրոպան ասում է, եթե դուք ինձ հետ եք, ուրեմն, եվրոպական դատարանից կստանաք եվրոպական չափանիշներին համարժեք որոշումներ, եթե ինձ հետ չեք, ուրեմն, ձեր դեմ կկիրառեմ ոչ եվրոպական չափանիշներ:
-Ստացվում է, որ եվրոպական կառույցները, տվյալ դեպքում ՄԻԵԴ-ը, և Արևմուտքից հնչող բարձրագոչ հայտարությունները մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին, ընդամենը լծակներ են եվրոպական ուղեծրից ՙշեղված՚ երկրներին ճնշելու, սեփական քաղաքականությունը պարտադրելու համար:
-Իհարկե, լծակ են: Պետք է նաև նկատի ունենանք՝ ոչ միայն Ռուսաստանն ունի ճնշման լծակներ, այլև Եվրոպան, ու վերջինս այս որոշմամբ դա կիրառեց: Ավելին, կարծում եմ, որ ՄԻԵԴ-ի որոշումը առաջին ՙծաղիկն՚ էր, ճնշումները մեր դեմ դեռ նոր են սկսվելու…
–ՄԻԵԴ-ի որոշումը կարծես փրկողակ է դառնում նաև ֆրանսիայի իշխանությունների համար. ֆրանսիայի նախագահը, որն օրերս խոստացավ բարձրացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցը, կարող է հանգիստ ձերբազատվել հայությանը տված խոստումից:
-Կարծում եմ ճիշտ դիտարկում է, այո, այս որոշումը շատ լավ առիթ է Ֆրանսիայի համար, և այդ երկրի իշխանությունը ճիշտ պահին այն կօգտագործի: Ֆրանսիան կմերժի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը ու իր քայլը կարդարացնի ՄԻԵԴ-ի որոշմամբ: Ի դեպ, այս որոշումը նաև հարմար առիթ կդառնավ թուրքերի համար՝ չեզոքացնելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սպասվող մեծ ալիքը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












