ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Հարցազրույց ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ
-Վերջին տարիներին գնալով կորցնում ենք մեր ավանդական արժեքները, ո՞ւր կարող է տանել մեզ այս ճանապարհը:
-Մենք, գաղտնիք չէ, ապրում ենք մի դարաշրջանում, երբ ենթարկվում ենք բազմաթիվ ճնշումների: Այդ ճնշումները կարող ենք հավաքական կերպով անվանել համաշխարհայնացման (գլոբալացման) հետ կապված ճնշումներ, որոնք բացարձակապես չեն ճանաչում ո՛չ ազգային արժեքներ, ո՛չ կրոնական արժեքներ, ո՛չ մարդկային արժեքներ, ո՛չ ավանդական արժեքներ: Այդ ճնշումը, անկախ մեզանից, գործադրվում է մեզ վրա ե՛ւ համացանցով, ե՛ւ զանգվածային լրատվամիջոցներով, ե՛ւ այլ կերպ:
Որքանո՞վ կկարողանանք, որպես հայ քրիստոնյա, պահպանել մեր ինքնությունը, պահպանել մեր տեսակն այս համամարդկային աղետի առջեւ: Չգիտեմ, ուղղակի ուզում եմ լավատես լինել:
Ի դեպ, նշածս աղետի վտանգը սպառնում է ոչ միայն մեզ, այլեւ աշխարհի շատ ժողովուրդների: Մեզ` հայերիս համար, այս աղետն ունի կյանքի եւ մահու խնդրի նշանակություն, որովհետեւ եթե չպահպանենք մեր ավանդական արժեքները, չպահպանենք մեր կրոնը, մեր հայությունը, կարող ենք կորցնել ոչ միայն, ինչպես ընդունված է ասել, շատ բան, այլեւ դադարել լինել հայ:
-Ի՞նչ է անհրաժեշտ այդ վտանգին դիմագրավելու համար:
-Մեր հասարակությունը կարիք ունի լսելու մտավորականության խոսքն այն գործընթացների մասին է, որոնք տեղի են ունենում աշխարհով մեկ, եւ որոնք վտանգ են սպառնում մեր տեսակին, մեր էությանը, մեր հավատքին: Մենք որպես հասարակություն, որպես ազգ, որպես հայ, պետք է պայքարենք այն բացասական երեւույթների դեմ, որոնք գալիս են մեզ վրա դրսից, Արեւմուտքից, վերեւից, ներքեւից, կողքից, չեմ իմանում, բայց գալիս են:
Միաժամանակ, սակայն, պետք է ունենանք ոչ միայն մեր հզոր հավատքը, մեր նախնիների հավատքը, այլեւ ունենանք մեր գաղափարները, մեր քաղաքական գաղափարախոսությունը, որպեսզի կարողանանք դիմակայել այդ վտանգներին:
-Իսկ ո՞ր գաղափարախոսությամբ պետք է առաջնորդվել:
-Այդ գաղափարախոսությունը, որը կարող է մեզ օգնել քրիստոնեական մեր արժեհամակարգը պահպանելու, պահպանողական գաղափարախոսությունն է: Այն գաղափարախոսությունն է, որը դարեր շարունակ գոյություն ունի, որը հաջողությամբ դիմակայել է մինչեւ հիմա ազատական (լիբերալ) գաղափարախոսությանը, համայնավարական գաղափարախոսությանը:
Պահպանողական գաղափարախոսությունն ընդգրկում է ե՛ւ քրիստոնեական արժեհամակարգը, ե՛ւ ավանդական համակարգը, ե՛ւ ազգային համակարգը: Այս գաղափարախոսությունը Հայաստանում, ցավոք, մինչեւ հիմա լիարժեք չի արտահայտվել, չնայած որ մեր ժողովրդի մեծամասնությունը հավատարիմ է ավանդույթներին:
-Շատերը պահպանողական գաղափարախոսությունն ընկալում են իբրեւ ավանդապաշտություն: Այդպե՞ս է արդյոք:
-Կարծում եմ, դա շատ նեղ ընկալում է: Պահպանողականությունն այնպիսի գաղափարախոսություն է, որը հիմնված է անհատի գաղափարի վրա` ի տարբերություն համայնավարական տարբեր ուսմունքների: Սակայն այնպիսի անհատի վրա, որն իր գործունեությունը համաչափում է ինչպես ավանդույթի հետ, իր ժողովրդի ազգային շահերի, ազգային գաղափարների հետ, այնպես էլ Աստծո հետ, եւ դա անում է այն արժեհամակարգում, որն ավանդվել է մեր նախնիների կողմից: Իսկ այդ արժեհամակարգը քրիստոնեական արժեհամակարգն է:
Այո, կարծում եմ, մեր քաղաքական դաշտը կարիք ունի մի հզոր գաղափարախոսության, որը մի կողմից կներառի ե՛ւ մեր անցյալը, ե՛ւ մեր ապագա ուղին կնախանշի` հենվելով ոչ միայն ազգային ավանդույթների, այլեւ քրիստոնեական արժեհամակարգի վրա:
Մենք այն ժողովուրդը, ազգն ենք, որը դարեր շարունակ, հազարամյակներ պահպանել է իր քրիստոնեական արժեհամակարգը շատ մեծ դժվարությունների, պայքարի միջոցով: Որպես պատմաբան մեր ժողովրդի պատմության այս փուլը դիտում եմ որպես հերթական մի փուլ, որից մենք, չնայած դժվար է, բայց պետք է հաղթանակով դուրս գանք:
-Շատ մարդիկ գուցե տարակուսեն` ժամանակակից աշխարհում, մեր օրերում լինել պահպանողակա՞ն… Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
-Սա շատ կարեւոր հարց է: Եթե ուզում ենք չկորցնել մեր այն հոգեւոր արժեքները, որոնք դարձնում են մեզ որպես անհատ, պետք է պահպանողական լինել, որովհետեւ վայրի ազատականության մի ագրեսիվ հարձակում է մեր հոգիների վրա, մեր մտքի վրա…
Լավագույն մտածողներից շատերը եղել են այդ գաղափարախոսության կողմնակիցները: Ժամանակակից աշխարհում, նույնիսկ Եվրոպայում, որն այնպիսի ճանապարհ է ընտրել, որը մեզ համար խորթ է եւ իր հոգեւոր հիմքերով փաստորեն տարբերվում է այն ամենից, ինչը Եվրոպան ժամանակին դարձրել է Եվրոպա, գործում են պահպանողական կուսակցություններ, քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություններ, իսկ քրիստոնեական դեմոկրատիան պահպանողականության մի ուղղությունն է:
Նույնիսկ այսօրվա պայմաններում պահպանողականությունը կարողանում է պահպանել այն արժեքները, որոնք ազգերի, ժողովուրդների համար ունեն կարեւորագույն նշանակություն: Այնպես որ պահպանողական գաղափարախոսությունը, կարծում եմ, մեզ հնարավորություն կտա դիմակայելու այն դժվարություններին, այն վտանգին, որի առջեւ կանգնած ենք:
Այն միաժամանակ հնարավորություն կտա, որ աշխարհում մեզ մեկուսի չզգանք ու մտնենք այն մեծ շարժման մեջ, որը հիմա գոյություն ունի աշխարհում, եւ որը հասկանում է այն վտանգները, որը բերում է համաշխարհայնացումը: Ցավոք, մեր քաղաքական դաշտը ձեւավորվում է ոչ թե գաղափարական հիմքերի վրա, ոչ թե իր մեջ կրելով հոգեւոր արժեքներ, քաղաքական արժեքներ, այլ ուրիշ համակարգերի, այլ մոտեցումների վրա:
Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ
<Հայոց Աշխարհ>












