ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱԽԱՂԱՂԱՍԵՐ ԵՐԿԻՐ. «ԽԱՂԱՂԱՍԵՐ ԵՐԿՐՆԵՐ» 2011-2013ԹԹ. ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ
Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ
Վերջերս լույս տեսավ հեղինակավոր Տնտեսության և խաղաղության ինստիտուտի «Խաղաղասեր երկրներ» հերթական՝ 2013թ. վարկանիշային հետազոտությունը։ Նշենք, որ կազմակերպության շրջանակներում «Խաղաղասեր երկրներ» վարկանիշային ուսումնասիրության (Global Peace Index) նախաձեռնության մեկնարկը տրվել է 2007թ.։ Սույն հոդվածում կանդրադառնանք 2011-2013թթ. վարկանիշային զեկույցներում ներառված ու մեզ հետաքրքրող երկրների վարկանիշային ցուցանիշների համեմատական վերլուծությանը։
Մեթոդաբանական հարցեր
«Խաղաղասեր երկրներ» վարկանիշային հետազոտության համար կազմակերպության կողմից մշակվել է 23 չափորոշիչ, որոնց հիման վրա ձևավորվում են ցուցակում ընդգրկված երկրների վարկանիշային տարեկան արդյունքները։ Ի դեպ, այդ չափորոշիչները դասակարգվում են երկու գլխավոր խմբերում՝ արտաքին ու ներքին խաղաղության աստիճանակարգման։ Ստորև ներկայացնում ենք այսպես կոչված «խաղաղության» 23 չափորոշիչների ամբողջական ցանկը.
տեղ գտած արտաքին և ներքին հակամարտություններ
կազմակերպված հակամարտության արդյունքում մահացությունների մոտավոր հաշվարկը (արտաքին խաղաղություն)
կազմակերպված հակամարտության արդյունքում մահացությունների քանակը (ներքին խաղաղություն)
կազմակերպված հակամարտության մակարդակը (ներքին)
հարաբերությունները հարևան երկրների հետ
հասարակությունում հանցագործության մակարդակը
տեղահանվածների քանակը՝ ըստ բնակչության տոկոսի
քաղաքական անկայունությունը
մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը
ահաբեկչությունների պոտենցիալը
սպանությունների դեպքերը՝ 100.000 բնակչի հաշվով
բռնություններով ուղեկցված հանցագործությունների մակարդակը
բռնություններով ուղեկցված զանգվածային ակցիաների հնարավորությունը
դատապարտվածների քանակը՝ 100.000 բնակչի հաշվով
ներքին անվտանգության սպայակազմի ու ոստիկանության քանակը՝ 100.000 բնակչի հաշվով
ռազմական ծախսերը՝ ըստ ՀՆԱ տոկոսադրույքի
ԶՈւ անձնակազմի քանակը՝ ըստ 100.000 բնակչի
հիմնական սպառազինությունների արտահանումը՝ ըստ 100.000 բնակչի
հիմնական սպառազինությունների ներմուծումը՝ ըստ 100.000 բնակչի
ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորումը
խոշոր զինատեսակների ընդհանուր քանակը՝ ըստ 100.000 բնակչի
փոքր և թեթև զինատեսակների հասանելիությունը
ռազմական կարողությունները։
Նկատենք, որ վերը թվարկված վարկանիշային չափորոշիչները գնահատվում են 1-5 սահմանում ընկած միավորներով, որտեղ ցածրագույն միավորները նշանակում են տվյալ երկրի խաղաղասիրության բարձրագույն ցուցանիշը՝ ըստ այս կամ այն չափորոշչի, իսկ բարձրագույն միավորները՝ խաղաղասիրության ցածրագույն արդյունքները։ Ի դեպ, զեկույցում ներառված երկրների ամփոփ վարկանիշային միավորները նույնպես դասակարգվում են 1-5 միավորների սահմանում։
Հայաստանը՝ ամենախաղաղասեր երկիրը Հարավային Կովկասում, 2011թ. զեկույցը
Կազմակերպության վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2011թ. «Խաղաղասեր երկրներ»-ի վարկանիշավորման աղյուսակում, որտեղ ներառված է 153 պետություն, Հայաստանն զբաղեցնում է 109-րդ դիրքը։ Ըստ ներկայացված ցուցանիշների համեմատական վերլուծության, Հայաստանն իր վարկանիշով համարվում է Հարավային Կովկասի ամենախաղաղասեր երկիրը։ Վերջինս 2,26 միավորով գերազանցում է նաև իր մյուս հարևաններին՝ Իրանին ու Թուրքիային, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 119 և 127-րդ հորիզոնականները։ Ինչպես պատկերված է աղյուսակում, Ադրբեջանը զբաղեցնում է 122-րդ դիրքը՝ 2,38 միավորով, իսկ Վրաստանը՝ մեր տարածաշրջանի երկրների վարկանիշների համեմատականում ցածրագույն սանդղակը՝ 134-րդ դիրքով։
2012-2013թթ. զեկույցների համեմատականները, Հարավային Կովկաս
Ինչպես ցույց են տալիս «Խաղաղասեր երկրներ» 2012-2013թթ. վարկանիշային զեկույցների արդյունքները, Հայաստանը նշյալ ժամանակահատվածում շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը Հարավային Կովկասում՝ ճանաչվելով որպես մեր տարածաշրջանի ամենախաղաղասեր պետություն։ Այսպես, 2012թ. վիճակագրության համաձայն, Հայաստանը գլխավորում է մեր առանձնացրած երկրների աղյուսակը՝ 115-րդ հորիզոնական, 2.23 միավոր։ Հայաստանի ցուցանիշին զգալի տարբերությամբ հաջորդում է Իրանը, որը գտնվում է 128-րդ դիրքում՝ 2.32 միավորով։ Իրանին իրենց ցուցանիշներով հետևում են Թուրքիան և Ադրբեջանը, որոնք արձանագրել են համապատասխանաբար 130 և 132-րդ հորիզոնականները (2.34 և 2.36 միավորներով)։ Տարածաշրջանի ցածրագույն ցուցանիշը կրկին պատկանում է Վրաստանին՝ 141-րդ դիրք, 2.54 վարկանիշային միավոր։
Եթե փորձենք համեմատել 2011-2012թթ. վարկանիշային զեկույցներում մեր առանձնացրած երկրների արդյունքները, կտեսնենք, որ, որպես կանոն, այդ երկրներն ունեցել են դիրքային միավորների բացասական տեղաշարժեր։ Սակայն, միևնույն ժամանակ, այդ համեմատականներում նկատելի է առանձնացված երկրների վարկանիշային միավորների համատարած դրական դինամիկա։ Այս հանգամանքը, թերևս, մասամբ պետք է պայմանավորել զեկույցներում ներառված ընդհանուր երկրների թվաքանակի աճմամբ (2011թ.՝ 153 երկիր, 2012թ.՝ 158)։
2013թ. վարկանիշային զեկույցում ներառված 162 երկրների շարքում Հայաստանն զբաղեցնում է բավական բարձր դիրք՝ 98-րդ հորիզոնական։ Ընդ որում, մեր երկիրն զգալիորեն բարելավել է իր դիրքային արդյունքը նախորդ տարվա համեմատ՝ 115-րդից անցնելով 98-րդ հորիզոնական։ Դրական տեղաշարժ է նկատվել նաև Հայաստանի վարկանիշային միավորի առումով` 2.12 միավոր նախորդ 2.23 միավորի փոխարեն։
Ինչպես և նախորդ զեկույցում, 2013թ. Հայաստանը շարունակում է համարվել Հարավային Կովկասի ամենախաղաղասեր պետությունը։ Հայաստանին զգալի դիրքային տարբերությամբ հաջորդում է Ադրբեջանը, որ 2012թ. համեմատ որոշակիորեն բարելավել է իր դիրքային ցուցանիշը՝ 132-րդից 126-րդ հորիզոնական։ Թուրքիայի ու Իրանի վարկանիշները համապատասխանաբար գտնվում են 134 և 137-րդ հորիզոնականներում։ Տարածաշրջանի ցածրագույն արդյունքը կրկին արձանագրվել է Վրաստանի դեպքում՝ 139-րդ հորիզոնական, 2.51 վարկանիշային միավոր։
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11, 2013












