Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելը չէ
Հարցազրույց արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ
-Թուրքական կոռուպցիոն սկանդալ, որի արդյունքում մեղադրանք ներկայացվեց 24 պաշտոնյաների, ձերբակալվել են նախարարների որդիներ, գործեր են հարուցվել նախարարների դեմ, իսկ կասկածյալները մեղադրվում են կաշառակերության, ոսկու մաքսանենգ վաճառքի, փողի լվացման մեջ: Սարքովի սկանդալնե՞ր, թե՞ իրականություն, ի՞նչ ազդեցություն այն կունենա Թուրքիայի ներքաղաքական գործընթացների վրա:
-Մի կարևոր ընդգծում անեմ, Թուրքիայի կոռուպցիոն սկանդալն ունի իրական հիմքեր, այն ամենևին էլ սարքովի գործ չէ, ինչպես ներկայացնում են որոշ վերլուծաբաններ: Իրողությունն այն է, որ ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցության կառավարման վերջին տարիներին բազմիցս են նման մեղադրանքներ հնչել կուսակցության ղեկավար գործիչների, կառավարության անդամների հասցեին: Թուրքիայում կոռուպցիան մեծ տարածում ստացավ ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցության կառավարման վերջին շրջանում: Այս փաստը շատ կարևոր հանգամանք է, քանի որ 2002-ին գալով իշխանության, կուսակցությունը հանդես եկավ ՙՄաքուր ձեռքեր՚ կարգախոսով, նկատի էր առնվում այն, որ մինչ այդ թուրքական քաղաքական վերնախավը կոռումպացված էր, իսկ ՙԱրդարություն և զարգացում՚-ում մարդիկ էին, որոնք մինչ այդ չէին եղել քաղաքականության մեջ և մուտք գործեցին որպես մարքուր անձինք: Եթե առաջին տարիներին դա քիչ, թե շատ համապատասխանեց ճշմարտությանը, ապա վերջին տարիներին առավել հաճախակի դարձան հայտարությունները, որ կոռուպցիան Թուրքիայում ոչ միայն չի վերացել, այլ ավելի է խորացել: Ու եթե մինչ այս, նման մեղադրանքները քննարկվում էին կուսակցության ներքին շրջանակներում, ապա վերջերս այն ստացավ հրապարակային բնույթ:
-Ինչո՞ւ այսօր ջրի երես հանվեց այդ սկանդալը, թիկունքում ինչ-ինչ նպատակնե՞ր կան:
-Դրան նպաստեցին մի քանի հանգամանքներ: Նախ նշեմ ԱՄՆ-ն դժգոհությունը թուրքական գործարար շրջանակնակներից, որոնք շրջանցելով Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ հաստատված պատժամիջողները, համագործակցում էին Իրանի հետ: Սկանդալին խառնված է նաև ադրբեջանցի հայտնի մի գործարար, որը եղել է Թուրքիայի ու Իրանի միջև հայտնի ֆինանսական գործարքներ իրականացնողը: Հնչեց ՙՀալք՚ բանկի անունը, այն, ըստ տեղեկությունների, կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է: Թուրքիայում ԱՄՆ դեսպանը այսպիսի մի միտքն արտահայտեց, թե ԱՄՆ-ը այդ մասին կանխավ զգուշացրել էր Թուրքիայի իշխանություններին, բայց նրանք աչք են փակել փաստի վրա: Կարծում եմ, որ կոռուպցիոն սկանդալի հետևում հենց ԱՄՆ-ն է կանգնած, սա նրա նախաձեռնած բացահայտումն է:
-Այդ մասին ակնարկ կար և Էրդողանի խոսքերում, նա կատարվածի համար մեղադրեց օտարերկրյա դեսպաններին ու սպառնաց արտաքսել երկրից:
-Չնայած դրսի ուժերին այս կամ այն հարցում մեղադրելը Էրդողանի գործելաոճն է, սակայն նա , այո, իր մի քանի հայտարարություններում ակնարկեց, որ կատարվածի հետևում ԱՄՆ-ն է: Կարևոր հանգամանք է և այն, որ իրավապահները ձերբակալություններ կատարեցին առանց իշխանությունների իմացության, այսինքն, գործեցին ինքնուրույն, բայց մեկ այլ տեղից ուղղորդվելով, և այդ ուղղորդողը ԱՄՆ-ն է: Այս սկանդալով ԱՄՆ-ը նախ հարված հասցրեց Իրանի հետ համագործակցող բանկին: Երկրորդ, պետք է հաշվի առնել Գյուլենական շարժման դերը: Գաղտնիք չէ, որ Գյուլենի շարժումը մեծապես նպաստել է Էրդողանի կուսակցության իշխանության գալուն, իսկ այս տարիներին շնորհիվ Գյուլենի Էրդողանը կարողացավ ուժեղացնել իր դիրքերը: Այդ շարժումն ունի հզոր բյուջե, գործում է գրեթե ամբողջ աշխարհում, ուր կան մուսուլմաններ: Ի դեպ, այն գործում էր նաև Ռուսաստանում, բայց այն պահից, երբ ճանաչվեց որպես տեռորիստական կառույց՝ նրա գործունեությունը արգելվեց:
Վերջին շրջանում որոշակի անհամաձայնություններ են առաջացել Գյուլենական շարժման ու կառավարության միջև: Հետևաբար, ենթադրելի է, որ սկանդալը նաև Գյուլենի հակահարվածն էր Էրդողանին, ամերիկացիներն իրենց հարվածը հասցրել են օգտագործելով Գյուլենին, քանի որ վերջինս համարվում է ամերիկացիների մարդը: Կա նաև երրորդ հանգամանքը, այս տարվա մայիս-հունիսին Թուրքիայում տեղի ունեցած Գեյզի շարժումը ցույց տվեց, որ թուրք հասարակության տարբեր խավերում կա լուրջ դժգոհություն Էրդողանի ու նրա կառավարության հանդեպ: Եվ վերջապես, կոռուպցիոն սկանդալով իրենց հերթին Էրդողանին հակահարված հասցրեց նաև բարձրագույն զինվորականությունը, որոնց դեմ Թուրքիայի վարչապետը ուժեղ պայքար էր մղում: Կարծում եմ, որ այս գործընթացները կարող են վերաճել քաղաքական իշխանության համար պայքարի, քանի որ նպատակը ոչ միայն Իրանի հետ համագործակցող բանկին պատժելն է, այլև սկանդալը քաղաքական պայքարի գործիք դարձնելը: Եթե այն չլիներ, թերևս կարող էինք վստահաբար ասել, որ Էրդողանին կհաջողվեր հասնել 2014-ի իր բոլոր նպատակներին՝ հաղթել տեղական ընտրություններում, հետո նաև նախագահականում:
-Չնայած հայ-թուրքական հարաբերություններ որպես այդպիսին գոյություն չունեն, այնուհանդերձ, 2014-ին ի՞նչ նոր գործընթացներ կարող են սպասվել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում:
-Հայ -թուրքական հարաբեություններն այլևս փակուղում են: Մենք պետք է հստակ գիտակցենք, Թուրքայի նպատակը ոչ թե հայ- թուրքական հարաբերությունները կարգավորելն է, այլ սեփական խնդիրները լուծելը. Նախ, Հայոց ցեղասպանության հարցում մոլորության մեջ գցել աշխարհին, հասնել նրան, որ Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, փոխհատուցման քաղաքականությունից, 2-րդ, ԼՂ հիմնահարցում գնա զիջումների, և 3-րդ, ճանաչի Կարսի պայմանագիրը: Իրականությունն այն է, որ Թուրքիան օգտագործում է հայ-թուրքական հարաբերություններն իր դիրքերը տարածաշրջանում ուժեղացնելու համար: Այսինքն, թուրքերի իրենց խաղն են խաղում, բայց այդ խաղի նպատակը, կրկնում եմ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չէ: Համոզված եմ, Թուրքիայի ներկայիս իշխանությունները շարունակում են Հայաստանի նկատմամբ իրականացնել դեռ 1991-ին հիմք դրված քաղաքականությունը: Այն ժամանակ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց անմիջապես էլ հրաժարվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, ու այս իրավիճակը դեռ կշարունակվի:
Իսկ ընդհանարպես, ՙհայ- թուրքական հարաբերություններ՚ ասելով երկու հարթություն պետք է հաշվի առնենք. Նախ, միջպետական, իմ կարծիքով պետական հարթության վրա նման հարաբերություններ այսօր չկա: Երկրորդ, հայ և թուրք ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորում, սա շատ ավելի բարդ է ու բազմաշերտ: Եթե պետությունները դեռ կարող են, գոնե տեսականորեն, բանակցել, ապա երկու ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորման մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան կընդունի իր մեղքը, դատապարտի իր իսկ իրականացրած հանցագործությունն ու պատրաստակամություն հայտնի հետևանքների հաղթահարման:
-Լո՞ւրջ են այն կարծիքները, թե Թուրքիան նպատակ ունի Ռուսաստանին մերձենալու ճանապարհով ճնշումներ գործադրել Հայաստանի վրա:
-Ոչ: Բացատրեմ, թե ինչու: Որքան էլ որ երկու երկրների միջև աճում է ապրանքաշրջանառությունը, սակայն աշխարհաքաղաքական առումով Ռուսաստանն ու Թուրքիան մնում են հակառակորդներ, որոնց մեջ պայքար է ընթանում Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը հաստատելու համար: Այսօր իրավիճակի տերը Ռուսաստանն է, բայց Թուրքիան իր ծրագրերից երբեք չի հրաժարվի: Պատմություն էլ է ցույց տվել, որ Թուրքան անընդհատ ձգտել է Հարվային Կովկասը վերցնել իր իշխանության տակ: Այսօր, եթե Թուրքիան նպատակ չունի տարածքներ զավթել, ապա նպատակը իր տնտեսական, քաղաքական ազդեցությունը տարածելն է, ինչը չի կարող դուր գալ Ռուսաստանին:
-Ի՞նչ կասեք Թուրքիայի ԱԳ նախարարի Երևան կատարած այցի մասին. ուշագրավ էր այն, որ թուրքական լրատվամիջոցների հետ միասին այցին առանձնակի կարևորություն տվեց ԱՄՆ պետդեպարտամենտը:
-ԱՄՆ-ի նման արձագանքն ինձ չի զարմացնում, որովհետև 1991-ից սկսած ԱՄՆ-ը փորձում է հասնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման, դա ԱՄՆ ստրատեգիական նպատակն է և ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի դերի թուլացմանը: Դավութողլուի այցը չպետք է գերագնահատել, այն իրոք, համաձայնեցված էր ամերիկացիների հետ: Տպավորություն ստեղծվեց, թե կան հայ- թուրքական շփումներ: Այլ բան չկա, ընդամենը քարոզչական հնարք էր: Իրականում Թուրքիան զբաղված է մանր-մունր խաբեբայություններով, ֆինանսական մեծ միջոցներ է ծախսում, կաշառում է ու խաբում աշխարհին, բայց սա լուրջ քաղաքականություն չէ: Հայաստանի նկատմամբ լուրջ քաղաքականություն իրականացնելը Թուրքիայի կողմից կլներ այն, եթե ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, փորձեր բանակցել, քննարկել փոխհատուցման հարցերը: Սա կլիներ լուրջ քայլ ու կհասկացվեր, որ այդ երկիրը, իրոք, ուզում է հարց լուծել: Իսկ այն, ինչ այսօր կատարում է, լուրջ չէ, փողոցային դիվանագիտության մակարդակի մի բան է:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












