Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

365 ԱՆԸՆԴՀԱՏ ՕՐ, 365 ԱՆԸՆԴՀԱՏ ԳԻՇԵՐ

Հունվար 1, 2014թ. 20:50

նսր տարիՄի չգրված օրենքով տարեմուտին ակամա դառնում ես ներամփոփ: Հեռացող տարին էլ հետ է նայում ու ափսոսում, որ քեզ թողեց:
Նայում-հիշում ես, թե ինչ տարավ եւ ինչ բերեց անցնող տարին:
Այս անգամ 2013-երորդը:

Նայում-հիշում ես լավի անպայման հավատով, որ չգրված մի ուրիշ օրենքով ոչ մի կերպ չի մեռնում: Անընդհատ քեզ հետ է` որպես թաքցրած ժառանգություն, ու երբ այլեւս ուժ չունես ապրելու, քեզ թեւանցուկ արած ապրեցնում է: Ժամանակը միշտ գիտե քո տեղը, քայլքիդ արագությունը, ու թաքնվելու հնար չկա, որովհետեւ ինքը ժամանակ է, իսկ դու` ակնթարթ: Այսպես է, ու այսպես, երեւի, ճիշտ է:

365 անընդհատ օր, 365 անընդհատ գիշեր, որ լուռ եւ տարածական ընթացքով, մակերեւույթին ունենալով հայրենիքիդ մակույկը, հոսում են անիմանալի ուղղությամբ: Ու պիտի նավարկես մշտական ջանքով, հավաքական բնազդով պիտի ճգնես` Ոգու ուռուցիկ առագաստով ցանկալի ափը մոտեցնելու համար:
Քաղաքագետ-վիճակագիրները դեռ իրենց հաշվետվություններում տարվա տարածն ու բերածը կհաշվեն, սառը դատողությունների շերեփի դատարկությունը մեր առաջ կպարպեն, բայց մենք, որպես անցյալ տարվա ընծա, պիտի գրանցենք մեր արժանապատիվ ապրելու կամքը եւ չպիտի մոռանանք:
Գլխավորը մեր գիտակցության մեջ անանջատ հայրենիքի մշտական գրանցումն է, որ պիտի կարողանանք պահել, պահել ու չկոտրվել, չծռվել, մանավանդ հիմա, երբ հանկարծահաս, բայց տեւական աղետները մշտապես մեզ հետ են:

Մեր իրականությունն այնպիսին է, որ տարվա հրաժեշտը ինչ-որ տեղ դառնում է ցանկալի, քանզի հաջորդ հանգրվանը հույսն է:
Ներքաղաքական կյանքում ցնցումներ անելու փորձեր կատարվեցին, բայց քաղաքականությունը այդպես էլ չցնցվեց. մնաց կիսատկլոր ու իրենից գոհ: Կիսատկլոր, բայց իրենից դժգոհ մնաց հասարակության գերակշիռ մասը, որն այդպես էլ չհասկացավ, թե ինչու աշխատանքն ու ապրելու հնարավորությունը երբեւէ չեն համատեղվում:

Անցնող տարին դժվար էր, ծամոնի պես առաձգական, թոշակառուի նման խեղճ ու նրանց վրա հոխորտացող հաստակաշիների նման ցինիկ: Նա մեզ էր նայում տոնավաճառներից, անալի դուրս էր տալիս հեռուստացույցից, աչքով էր անում արագաչափերից ու գոռում-ապացուցում էր տարբեր բարձրության ամբիոններից: Հետո գնում էր զուգարան: Գլուխը դատարկ, աչքերը անգույն:

2013-ը տարի էր. ոչ ազգուտոհմ, այլ ազգուտակ ունեցողների վայելքի եւ բարգավաճման տարի: Օլիգարխիկ միլիոնանոց հարսանիքներից մինչեւ սառույցի վրա ոտքը կոտրած անօգնականից պոկած փող: Ժամանակը, ինչպես ասում են, ամեն ինչ դնում է իր տեղը, հետո այդ տեղերով զբաղվում են պատմաբանները եւ բացատրում, որ ժամանակը ամեն ինչ դնում է իր տեղը: Բայց բոլոր ժամանակներում հարցերի հարցը եղել է մեր տեղը գտնելը: Ուր գնում ենք, ասում են` «վիզա», չենք գնում, ասում են` սպասեք, ծրագիր ենք մշակում: Այսինքն` նաեւ ծրագրերի տարի էր. բազմատեսակ, բազմագույն, խոստումնալից, գույնզգույն ծրագրերի տարի: Նրանք մեզ փող են խոստանում եւ հեռանկարային, ոգեշնչող պարտքեր:
Բայց այդ ծրագրերը ուտել չի կարելի, դրանք միայն մշակովի են: Բերք էլ չեն տալիս, տալիս են պաշտոն եւ ինչ-որ բան ասելու հնարավորություն: Իսկ մյուսներին, որ այդպես էլ չսովորեցին ծրագիր ուտելու արվեստը, տարան օդանավակայան:

Անցնող տարին նաեւ խիստ գրագետ էր, «գրքի գիժ», բայց ավտոբուս նստողներից բացի ոչ մեկը գլխի չընկավ, որ Երեւանը ոչ միայն… այլեւ համաշխարհային, այն էլ մայրաքաղաք: Գիրք գրողներն էլ, փաստորեն, պատասխանատվությամբ չըմբռնեցին, որ գրում են արդեն համաշխարհային գրքեր եւ շարունակեցին տեղական զգայարանների ընկալումների շարադրանքը:
Այսպիսին էր 2013-երորդը` այսքան ծայրահեղ եւ այսքան անպաշտպան: Բայց մշտական «հարայի» մեջ, որ կոչվում էր հերթական նիստ, հերթական քննարկում, հերթական քվեարկություն, բյուջեի հաստատում, էթիկայի բռնաբարում:
Լացակումած ծիծաղի նման:

Միաժամանակ անկախ էր, ինքնավստահ եւ անհաղորդ:
Եվ այս էլ որերորդ անգամ պիտի ուժ տանք մեր ծնկներին, իրար սատարելով կանգնենք, հաղթահարենք ներսի ծակոցն ու դրսի քրքիջը, որ մաքառումը լինի իրական, հաղթանակը` իսկական:
Ժամանակի մեջ մենք պահ ենք, բայց պահերն են դառնում ժամանակ, որի արժանապատիվ կերպը մենք պիտի կերտենք` մեր հին ու նոր խոհակիցներով:
Հավաքական ջանքով բերել ենք մեր լույսը, տանում ենք անօրինակ տքնանքով եւ ցոլացնելու ենք Ամանորի գիշերը:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն