«ՎԷՄ»-ը դարձել է մի յուրահատուկ օազիս հայկական եթերում. տեր Մեսրոպ քահանա Արամյան
Այս տարի լրանում է Հայաստանի կարևոր ձայներից մեկի` «Վէմ» ռադիոկայանի 10-ամյակը: Տասը տարիների ընթացքում ռադիոն հեռարձակել է սեփական արտադրության ավելի քան 17 հազար մշակութային, հոգևոր հաղորդումներ` իր ունկնդրին մատուցելով բարձրակարգ՝ հայ և համաշխարհային դասական երաժշտություն: Ռադիոկայանը եթերում է շաբաթը յոթ օր, 24 ժամ շարունակ և հասանելի է Հայաստանի բնակչության շուրջ 70%-ին: Տասնամյակի առիթով Tert.am-ը հարցազրույց ունեցավ «Վէմ» հրատարակչության ղեկավար տեր Մեսրոպ Քահանա Արամյանի հետ:
«Ի՞նչ փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ է առաջնորդվում «Վէմ» ռադիոկայանի ստեղծագործական խումբը» հարցին ի պատասխան՝ տեր Մեսրոպ քահանա Արամյանն ասաց, թե ռադիոկայանի փիլիսոփայությունը միտված է մարդու հոգևոր, ներքին վերափոխմանը և խարսխված է ազգային ինքնագիտակցության նորոգմանը միտված գաղափարի վրա, ինչն էլ տասը տարի շարունակ իրականացրել է ռադիոկայանը:
«Վէմ»-ը մեր ունկնդիրներին տվել է խորքային հաղորդաշարեր՝ նվիրված մեր ազգային ակունքներին, ազգային մշակույթին ու մեր ինքնության բացահայտումներին: Սա եղել է մեր գործունեության նպատակը»:
Ռադիոունկնդիրների դրական արձագանքները վկայում են, որ ռադիոկայանը, իրոք, հաջողել է իր ազգաշահ քաղաքականության իրականացման մեջ: Ի պատասխան մեր դիտարկմանը՝ տեր Մեսրոպ քահանա Արամյանը նկատեց, թե իրենց աշխատանքների գնահատականը թողնում է սեփական ունկնդրին, սակայն ակնհայտ է մի բան, որ այս տարիներին «Վէմ»-ը դարձել է մի յուրահատուկ օազիս հայկական եթերում.
««Վէմ» ռադիոկայանի վրայից չես կարող հենց այնպես անցնել՝ ալիքներ փոխելով, որովհետև, երբ մտնում ես այդտեղ, հասկանում ես, որ դա մի այլ տարածք է, ուր կա ներքին խաղաղություն, ներքին հարստություն, այն ներքին գանձարան է, որը մարդուն հնարավորություն է տալիս հասկանալու խնդիրների խորքն ու բացահայտել կարևոր իրողությունները»:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է հաջողվում իրենց՝ այս համատարած շոուից, գովազդային աղմուկից զերծ պահել ռադիոկայանի գործունեությունը և այն բացարձակապես ծառայեցնել իրական, ազգային արժեքների տարածմանը, տեր Մեսրոպ քահանա Արամյանն ասաց. «Դա գալիս է մեր գործունեության հիմքից: Այս համընդհանուր աղմուկի մեջ «Վէմ»-ը յուրահատուկ ձևով առանձնանում է իր դիմագծով: Մենք չենք տրվել գաղթակղություններին, այսինքն՝ մենք աշխատել ենք չտարվել կեղծ շուկայական պատրվակներով և մեր ունկնդիրների վրա աղբ չթափել»:
Ի դեպ, «Վէմ»-ը ոչ միայն ռադիոկայան է, այլև իրենից ներկայացնում է հրատարակչական, տեսաարտադրական մի հզոր մեդիա, որի լավագույն օրինակը «Արարատից Սիոն» ֆիլմն է՝ ստեղծված «Վէմ մեդիա արվեստներ» կենտրոնում:
«Մինչ ֆիլմի թողարկումը, երբ նախապես զրուցում էի այլ հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, նրանք ինձ ասում էին՝ սերիալներին սովոր մեր հասարակությունը չի հասկանա այս ֆիլմը, և որ ֆիլմի կյանքի տևողությունն ընդամենը մեկ օր կլինի: Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը. ֆիլմը ռեկորդային թվով դիտորդ հավաքեց, այն ցուցադրվում էր ամեն օր «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում, որը մեկ ամիս շարունակ լեփ-լեցուն էր: Այդպիսի բան չի եղել հայկական վավերագրական կինոյի պատմության մեջ, որ այսչափ մեծ թվով հանդիսատես հավաքի»:
Հետևությունը մեկն է՝ մեր ժողովուրդը գիտի բարձր արվեստի գինը:
Տեր Մեսրոպի համոզմամբ, սա վկայում է այն մասին, որ. «Մեր քաղաքում իսկական մշակույթը գնահատող կարգին մարդիկ շատ կան: Ու մենք երբեք չպետք է մեզ թերագնահատենք: Մինչդեռ սովորել ենք անվերջ մեր մասին վատ բաներ ասել, թե այդ սերիալների ազդեցության տակ մենք ոչնչացել են: Ոչ, այդպես չէ, մարդիկ պարտադրված են դիտում այդ ամենը: Եթե մարդուն որակ տաս, նա լավը կվերցնի»:
Մինչդեռ շատ հաճախ հայաստանյան հեռուստաընկերությունների ղեկավարները անորակ հաղորդումներ եթեր հեռարձակելը փորձում են արդարացնել՝ մեղքը հասարակության վրա բարդելով, թե դա հասարակության պահանջն է: Ինչպե՞ս է տեր Մեսրոպը վերաբերվում նման «արդարացումներին». «Դա սուտ է. խնդիրն այն է, որ լավ բան ստեղծելն ավելի ծախսատար է և լուրջ աշխատանք է պահանջում: Մինչդեռ հակառակը՝ էժանագին բաներով ժողովրդին խաբելն առավել հեշտ է»:
Բանակը, եկեղեցին, լեզուն. սրանք հայոց ինքնության հենասյուներն են, մինչդեռ այսօր անխնա ցեխ է շպրտվում հայ հոգևորականների հասցեին, վարկաբեկվում է մեր անկախության շրջանի մեծագույն ձեռքբերումը՝ հայոց բանակը, աղավաղվում մեր մայրենին. ի՞նչ երևույթի հետ գործ ունենք, հայ տեսակի դե՞մ է այս կռիվը:
Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ասաց. «Ես կարծում եմ, որ շատ ուժեր կուզենային թե՛ դրսից, թե՛ ներսից քայքայել մեր ազգային ինքնությունը, որովհետև եթե կարողանան հասնել դրան, ուրեմն շատ հեշտությամբ կկարողանան մեզ հետ հաշվեհարդար տեսնել: Կան ուժեր, որ հաստատ դա ուզում են»:
Բայց սրանով հանդերձ տեր Մեսրոպը նաև այն կարծիքին է, որ շատ հաճախ մենք ինքներս ենք տրվում այդ խարդավանքներին. «Փնթփնթալը, դժգոհելը, ինքներս մեզ վատաբանելը դարձել են սովորություն: Ասում են՝ «երկիրը երկիր չէ», բայց եթե այդպես է, կնշանակի՝ մենք էլ մարդ չենք: Չի կարելի, որ մարդն իր իսկ ինքնության նկատմամբ նման ոտնձգություն անի, մեր փնթփնթոցն ու նվնվոցը, մեր հոռետեսությունը տարածվում են նաև մեր երեխաների, ապա և մեր սերունդների վրա: Բայց ի՞նչ ենք ուզում ժառանգել նրանց: Ամենաթանկը, որ կարող ենք տալ մեր ապագա սերնդին, մեր հոգևոր հաղթանակներ են, մենք նրանց պետք է առաքինի, արժանապատիվ կեցվածք փոխանցենք: Սա ամենամեծ գանձն է: Մի խոսքով, չէի ցանկանա, որ մեր կյանքն անընդհատ լցնեինք նվնվոցներով: Դժվարություններ շատ կան: Մեր ռադիոկայանն անընդհատ խոսում է սոցիալական դժվարությունների, անարդարությունների մասին, բայց դա չի նշանակում, որ մենք մեր երկիրը պետք է դատարկենք ու հանձնենք ոււրիշներին: Իսկ երբ 1-2-ն սկսում են նվնվալ, դա տարածվում է և մյուսների վրա: Պետք է զգույշ լինել»:
Այսօր հայկական եթերը՝ թե՛ ռադիո, թե՛ հեռուստատեսային, լցված է ցածրաճաշակ, օտարամոլ երաժշտությամբ, մինչդեռ «Վէմ»-ի եթերից լսելի է միմիայն դասական, հոգևոր երաժշտություն, ինչը ողջունելի է, ու թերևս ստեղծագործական խմբի որդեգրած ազգաշահ, հայանպաստ քաղաքականության շարունակությունն է:
«Իհարկե, հոգևոր , դասական երաշտությունը, առհասարակ, բարձր մշակույթը ազնվացնում, վեհացնում, մաքրում է մարդու հոգին: Այն շատ հզոր գործի է»,- մեր հարցադրմանն ի պատասխան նկատեց տեր Մեսրոպ: Նա այն համոզմանն է, որ դեռ փոքր տարիքից մենք պարտավոր ենք բարձրաճաշակ մշակույթը ներարկել մեր երեխաների մեջ, սովորեցնել նրանց սիրել իսկական արվեստը:
«Երբ փոքրուց սովորեցնում ես լսել որակյալը, հետո նրանք կմերժեն անորակը: Եթե երեխային դաստիարակես դիտել լավ ֆիլմեր, հետո աղբ տեսնելիս նրա աչքը կցավի, իսկ լսելիս էլ ականջը կցավի: Ու եթե այս կերպ կրթենք մեր երեխաներին, ռաբիզն ու անորակ երաժշտությունն այլևս անընդունելի կլինիեն նրանց համար»:
Տեր Մեսրոպը տեղեկացրեց, որ այս նպատակով է, որ դասական երաժշտության լավագույն կատարումների ոսկե ֆոնդը բերել են Հայաստան ու մատուցում ենք հայ ունկնդրին:
Անդրադառնալով «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի գործունեությանը՝ տեր Մեսրոպ քահանա Արամյանն ասաց, որ այն մեր երկրի հայտնի հաստատություններից մեկն է, որն ավելի քան 20 տարի գործում է ու բազմաթիվ՝ շուրջ հարյուրի հասնող տպագրություններ ունի:
««Գանձասար»-ը կամուրջ էր դեպի մեր ինքնության ակունքները, դեպի մեր հայրերի հոգևոր ստեղծագործությունները: Մենք հայ մարդուն հնարավորություն տվեցինք ճանաչելու հոգևոր ոլորտը և քայլելու իր հայրերի ճանապարհով: Հայոց ցեղասպանությունից հետո, ապա նաև խորհրդային տարիներին, հոգևորի հետ մեր կապը խզվել էր: Նույնիսկ մենք էինք օգտվում ռուսերեն գրականությունից, քանի որ չկար հայալեզու հոգևոր գրականություն, և մենք սկսեցինք հայերեն թարգմանել համաշխարհային հոգևոր գանձերը, դրանք մեր հայրերը դեռ չէին հասցրել թարգմանել: Մեր գրականությամբ մի ամբողջ սերունդ է դաստիարակվել»,- ասում է տեր Մեսրոպն ու հավելում.
«Եթե 10-15 տարի առաջ մեր եկեղեցիներում կտեսնեիք հաղորդության եկեղ, ընդամենը, 4-5 մարդու, ապա այսօր հարյուրավորներն են գալիս եկեղեցի, և նրանք այն երիտասարդներն են, ովքեր կրթվել են մեր հրապարակած գրականությամբ ու լսել «Վէմ»-ի ռադիոհաղորդումները»:
«Վէմ»-ի ունկնդիրը, բացի հայաստանցիներից, նաև սփյուռքում բնակվող մեր հայրենակիցն է. ի՞նչ կապեր կան սփյուռքի ռադիոլսարանի հետ: «Այո, սփյուռքում մենք ունենք բազմաթիվ ունկնդիրներ, նաև vem.am կայքով են մեզ հետևում: Անցած տարի, երբ Կանադայում էի, պատարագից հետո մարդիկ մոտենում էին ինձ ու ասում, որ սիրով լսում են մեր հաղորդումներ, նույնը եղավ և հեռավոր Ավստրալիայում: Սա մեծ հաջողություն է: Ինտերնետում շրջում են մեր հաղորդումների ձայնագրությունները: Սա փաստում է այն մասին, որ մենք ունենք պատկառելի ներկայություն ինտերենտ ցանցում»:
Սակայն այս ամենով հանդերձ, ռադիոկայանի ստեղծագործական խումբը եղածով չի բավարարվում և մշտապես զբաղված է հաղորդումների քաղաքականությունը վերաթարմացնելով` ունկնդիրների պահանջներին համահունչ:
Խոսելով նոր անելիքների մասին՝ տեր Մեսրոպն ասաց.«Բնակաբար այդպիսիք շատ են, մենք շարունակում ենք մեր աշխատանքները՝ անընդհատ թարմացնելով մեր ծրագրերը: Այս տարի աշխատելու ենք կրթական ծրագրերի վրա: Նկարահանվելու են նոր ֆիլմեր: Այս ամենին զուգահեռ , բնականաբար, շարունակելու ենք մեր հրատարակչական գործունեությունը»,-եզրափակեց իր զրույցը տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
tert.am-ի համար պատրաստեց Արմինե Սիմոնյանը












