Նորածին Մանուկն ամեն վայրկյան ու ժամ մեզ հետ է
Մայր Աթոռի միաբան ՏԵՐ ԶԱՔԱՐԻԱ վարդապետ ԲԱՂՈՒՄՅԱՆԸ նշում է.
«Բեթղեհեմյան Մսուրին շատ մոտ ապրողներ այդպես էլ չիմացան Մանկան Ծննդյան մասին, մինչ հեռու երկրներից մոգեր եկան ու երկրպագեցին Նրան: Այսօր էլ շատերը, մոտ լինելով Մանկանը, դարձյալ հեռու են Նրանից, ինչպես 2000 տարի առաջ էր, որովհետեւ չեն ցանկանում փոխել իրենց կյանքի ընթացքը` հույսը կապելով միայն ժամանակավոր այս երկրային կյանքի հետ: Հիշեցում. եթե ապրենք Տիրոջ պատվիրանների համաձայն, ապա մեր կյանքում էլ կհայտնվի Բեթղեհեմի աստղը, որը մեզ կառաջնորդի դեպի հավիտենականություն եւ լույս, որտեղ տեղ չունեն չար ուժերը»: Ապա ավելացնում. «Այնքան խորհրդավոր եւ զարմանահրաշ է Հիսուսի հրաշափառ Ս. ԾՆՆԴՅԱՆ խորհուրդը, որի մասին մտածելիս ակամայից սիրտդ ու հոգիդ լցվում են հույսով, սիրով եւ հավատով: Եվ այդ խորհուրդն ապրելիս միշտ հիշում ես, որ նորածին Մանուկն ամեն վայրկյան ու ժամ մեզ հետ է, ով աշխարհ եկավ մեր փրկության համար: Մի ծնունդ, որ փոխեց ամեն ինչ. ժամանակն այլեւս սկսեց այլ կերպ ընթանալ, մարդն իր կյանքը սկսեց արժեւորել այլ չափանիշներով, եւ ամենակարեւորը՝ Հիսուսի ծննդյամբ փարատվեց այն անորոշությունը, որ ապրում ենք ամենքս ինչ-որ ժամանակ՝ ինչո՞ւ ենք ծնվում, երբ մեկ օր պիտի մեռնենք հարցադրմամբ: Քրիստոսի ծննդյամբ եւ հրաշափառ հարությամբ այս խնդիրը լուծված է մեզ համար: Այսօր ուզում եմ փոքրիկ անդրադարձ կատարել Հիսուսի ծննդյան մի դրվագի վրա: Տեսեք, Տիրոջ ծննդյան ավետիսն առաջինը լսեցին պարզ հովիվները եւ ոչ թե ժամանակի մեծահարուստները կամ անվանի մարդիկ: Ընդհանրապես հովիվները մաքուր սրտով, արթուն մտքովեւ անկեղծ մարդիկ էին, ովքեր անխոնջ եւ նվիրվածությամբ իրենց հոտն էին պահպանում: Եվ ահա Աստված հենց նրանց ընտրեց՝ ցույց տալով, որ նմանատիպ մարդիկ տեղ ունեն Աստծո ծրագրի եւ արքայության մեջ: Եթե մենք էլ այդ հովիվների նման լինենք, ապա Աստված անպայման կայցելի մեզ եւ կդարձնի Իր կարեւոր առաքելության իրականացողներից մեկը: Ուստի, եկե՛ք բացենք մեր սրտերը Տիրոջ առաջ եւ փորձե՛նք նմանվել այն հովիվներին, ի՞նչ գիտենք՝ գուցե Աստված մեկ այլ ծրագիր էլ մեզ հետ ունի…»:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ Ձեզ եւ մեզ մեծ ավետիս.












