Տիգրան Սարգսյան. 20%-ի զիջումը որևէ վտանգ մեզ համար չի ներկայացնում
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 27-ին կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում Իրանի հետ բանակցությունների, ՀՀ-ՌԴ «գազային» համաձայնագրերի և գազի պարտքի մասին հնչած հարցի առնչությամբ նախ ասաց, որ համաձայնագրերը հաջողված պայմանագրեր են, որովհետև ՀՀ-ն ստացել է արտոնյալ պայմաններով գազ ստանալու հնարավորություն, հետո ավելացրեց. «Այն թանկացումները, որոնց հետ առնչվում էր Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը, մենք երաշխավորված ենք, որ դա ՀՀ-ում չի լինելու»:
Ներկայացնելով համաձայնագրերի քաղաքական բովանդակությունը՝ նա նկատեց, որ էական նշանակություն ունի բովանդակությունը. «Առաջին և կարևոր համաձայնությունը եղել է այն, որ Ռուսաստանը գազ է տրամադրելու Հայաստանին այնպես, ինչպես իր ներքին սպառողի համար է: Երկրորդը՝ ինչո՞ւ այս երեք տարիների ընթացքում մենք չէինք կարողանում հայտարարել, թե այդ սակագինն ինչպիսին էր: Այն պարզ պատճառով, որ մեզ առաջարկված սակագինը մեզ համար անընդունելի էր և մենք ի վիճակի չէինք լինելու այդ բեռի տակից դուրս գալ: Մեր տնտեսության համար դա կլիներ կործանարար: Ամեն տարի գազի գինը պետք է բարձրանար, որը մեզ համար անընդունելի էր: Եվ այդ բանակցությունները հնարավոր եղան ավարտել միայն այս տարի, և մենք բոլոր հարցերի շուրջ եկանք համաձայնության: ՀՀ կառավարությունը դիմեց Ռոբերտ Նազարյանին՝ խնդրելով, որ այդ սակագները կիրառվեն 30% զեղչով: Եվ այն պարտքերը, որոնք կուտակվել էին, դարձան խնդիր, իսկ մեր և Ռուսաստանի միջև քաղաքական համաձայնությունն այն էր, որ հիսուն տոկոսն իր վրա վերցրեց Ռուսաստանը, հիսունը՝ մենք»:
Վարչապետն ընդգծեց, որ բոլոր մեթոդները, որոնք իրենք կիրառել են, ցույց են տվել, որ իրենք կարող են «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը զիջել: «Գները կարգավորվում են պետության կողմից, այդ առումով այդ քսան տոկոսի զիջումը որևէ վտանգ մեզ համար չի ներկայացվում, բոլոր որոշումները մեր կողմից վերահսկելի են, առանց մեզ որոշում չեն կարող կայացնել: Այդ երեք տարիների բանակցությունների արդյունքում կուտակված վնասի հարցը մենք լուծեցինք, և ապագայում որևէ վտանգ չի լինելու»,-ասաց նա:
Իսկ թե ինչո՞ւ 30 տարով պետք է պայմանագիր կնքվի, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Նրա համար, որ սա կարգավորվող ոլորտ է, այդ ընկերությունների շահութահարկը պայմանավորված է լինելու ՀՀ կառավարության որոշումներով: Եվ այդ մարդիկ ասում են, որ եթե ուզում եք, որ մենք ձեր երկրում մեզ լավ զգանք, մեզ համար ստեղծեք դաշտ: Առնվազն երեսուն տարով մարդիկ ուզում են պատկերացնել իրենց երաշխավորված եկամուտն ունենալու են, թե չէ»:
Իրանի հետ բանակցությունների մասին վարչապետն ասաց, որ այլ ազդակ Իրանի կողմից իրենք չեն ստացել. «Սա ավելի շուտ պետք է դիտարկել որպես դիվանագիտական վրիպակ, և դա չպետք է պատճառ դառնա, որ մենք ստվեր գցենք մեր հարաբերությունների վրա:












