Ինչ անել, որ տնտեսական <վախերը> հետին պլան մղվեն
Ի՞նչ կտա Հայաստանին ՄՄ անդամակցումը. վարչապետ Տիգրան Սարգսյանը նախընտրեց այս հարցին առավել հանգամանալից պատասխանել լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում: Երեք ու կես ժամ տևած ծավալուն ասուլիսում գործադիրի ղեկավարը հնչեցրեց կոնկրետ գնահատականներ, որոնք պարզվում է տոնական 11 օրերին մտորելու տեղիք են տվել հայ տնտեսագետներին, իսկ ոմանց ամանորյա հիմնական բարեմաղթանքը եղել է՝ ՙ2014-ը թող լինի մեր երկրի համար տնտեսական հաջողակ տարի՚:
ՙՀայոց Աշխարհ՚-ը զրուցեց այս մտորումներով տարին սկսած տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ
-Տարեվերջին վարչապետ Տիգրան Սարգսյանի`ՄՄ-ին Հայաստանի անդամակցման մասին հնչեցրած գնահատականները բավական անկեղծ էին, խոսեց թե՜ դրական, թե՜ բացասական գործոններից: Համակարծի՞ք եք նրա գնահատականների հետ:
– Երբ դեռ Հայաստանը երեք ու կես տարվա Եվրոասացացման դեգերումներում էր, ես մշտապես հայտարարել եմ, որ Մաքսային միության անդամակցման կողմնակից եմ: Իսկ իմ դիրքորոշումը ոչ թե պայմանավորված է ՄՄ անդամ երկրների հանդեպ ունեցածս ՙյուրահատուկ՚ վերաբերմունքով, այլ միմիայն սեփական երկրի՝ ազգային անվտանգության ու տնտեսական շահերով: Բազմիցս եմ ասել ու չեմ դադարի վերստին կրկնելուց, որ եվրոպական երկրների հետ մեր տնտեսական հարաբերությունները սկսվում ու ավարտվում են բացառապես նրանով, որ եվրոպացիները մեր հանքավայրերից խտանյութն են տանում: Իսկ թե երբվանի՞ց եվրոպական շուկաները հասանելի կդառնան հայկական ապրանքատեսակների համար, դժվար է տեսանելի ապագայում ակնկալել: Փոխարենը, ակնհայտ է, որ Մաքսային միություն մուտք գործելը հայաստանյան բիզնեսին առաջին հերթին հնարավորություն կտա մտնել մեծ շուկա, ուր մեր ապրանքները լիովին կիրացվեն, կլինեն մեծածավալ ներդրումներ, ինչն էլ մեր երկրի տնտեսության աճի համար նպաստավոր պայմաններ կստեղծի: Այս առումով, այո, լիովին համակարծիք եմ վարչապետի դիտարկումների հետ:
–Չշրջանցվեց նաև ՄՄ անդամակցման բացասական գործոնը: Վարչապետի տեղեկացմամբ, լիբերալ տնտեսություն վարող Հայաստանի մաքսային դրույքաչափերը երրորդ երկրներից ներկրվող ապրանքների համար կազմում են 2,5 տոկոս, իսկ ՄՄ անդամ երկրներում այն 7 տոկոս է: Սա նշանակում է` մեզանում տեղի կունենա որոշ ապրանքների մաքսային դրույքաչափերի բարձրացում, ինչն էլ կհանգեցնի գնաճի:
-Այս փաստարկը Հայաստանի համար չի կարող մտահոգիչ լինել, որովհետև երրորդ երկրների հետ մեծ չէ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալը, փոխարենը մեր ապրանքաշրջանառության գերակշիռ մասը կիրականացվի ՄՄ անդամ երկրների հետ: Այնպես որ, եթե անգամ երրորդ երկրներից ներկրվող որոշ ապրանքների մաքսատուրքերը բարձրանան, ապա դա լրջորեն չի անդրադառնա գնաճի վրա: Այս առումով, համակարծիք չեմ Տիգրան Սարգսյանի հետ: Իսկ այն փաստարկը, թե ՄՄ անդամ պետություններում մաքսատուրքը երրորդ երկրներից ներկրվող ապրանքների համար կազմում է 7 տոկոս, կարծում եմ, վերջնականապես ամրագրված որոշում չէ: ՄՄ-ն գտնվում է ձևավորման փուլում, և դա նշանակում է, որ բազմաթիվ հարցեր մշակվում են ու հստակեցվում: Համոզված եղեք, որ դեռ շատ պայմաններ փոփոխվելու են, այդ թվում և մաքսատուրքի չափը կարող է փոխվել: Բայց ինչո՞ւ չենք ուզում հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մաքսատուրքերի բարձրացմամբ մեր արտադրողները պաշտպանված կլինեն էժան ներմուծումներից: Ուրեմն, ոչ թե պետք է անվերջ վախենալ մաքսատուրքի բարձրացումից ու գնաճից, այլ մտածել մեր տնտեսության արտադրողականության բարձրացման, աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ, միայն այդ ժամանակ տնտեսական ՙվախերը՚ հետին պլան կմղվեն: Նաև համոզված եմ, որ փոքր Հայաստանի համար ՄՄ անդամ հզոր երկրները չեն ստեղծի տնտեսական անտանելի պայմաններ, ավելին, անգամ համոզված եմ, որ Հայաստանի հանդեպ նրբանկատ մոտեցում կդրսևորվի: Նման մոտեցում Ռուսաստանի կողմից արդեն իսկ ցուցաբերվեց ստրատեգիական կարևորություն ունեցող ռեսուրսի` գազի գնի սահմանման հարցում, այն սահմանին հասնում է ՌԴ ներքին գնով, և ամենին էլ Ռուսաստանը մեղավոր չէ, որ մենք չկարողացանք գազը 189 դոլարով նաև մեր սպառողին հասցնել:
-Ի՞նչ կասեք ՄՄ տարածքում միասնական արժույթային գոտու ստեղծման մասին: Ի դեպ, վարչապետը նկատեց, թե այդպիսի հարց օրակարգում այսօր չկա, այն չկա նաև ճանապարհային քարտեզում, ավելին, ակնարկեց, թե որպեսզի ՀՀ բանկերը գործարք իրականացնեն ռուբլով, պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծվեն, ինչը շատ բարդ գործընթաց է, մանավանդ, որ Հայաստանը հիմնականում դոլարիզացված երկիր է:
– Նախ դոլարիզացիայի բարձր մակարդակն արդեն իսկ խիստ բացասական երևույթ է Հայաստանի համար: Հանուն ինչի՞ ենք կառչած մնացել դրանից, և ի՞նչ է նշանակում մեր երկիրը դոլարիզացված է, դե, դուք էլ ամեն ինչ արեք, որ դոլարիզացված չլինի: Հարկավոր է դրանից արագ ձերբազատվել, քանի որ այն նպաստել է մեր տնտեսության ստվերայնության աճին: Մինչդեռ միասնական արժույթի գոտու պայմաններում ստվերը նկատելիորեն հետնահանջ կապրի: Այն, որ անցումը ռուբլու գոտուն լուրջ ու դժվար գործընթաց է, ոչ ոք չի հերքում, բայց դա չի նշանակում դժվարությունները չհաղթահարել: Ուզում են վայելքների դաշտում հայտնվել առանց դժվարությունների հաղթահարմա՞ն: Այդպես չի լինում: Ի վերջո, եթե մենք մտնում ենք ավելի դինամիկ, ավելի մեծ ապրանքաշրջանառություն ունեցող միության տիրույթ, ապա այնտեղ պետք է գործեն խաղի հստակ կանոններ, և Հայաստանը, բնականաբար, պետք է ընդունի այդ կանոնները: Պատկերացրեք, որ ԵՄ մի պետությունը հանկարծ ՙհուզված՚ հայտարարի` ես չեմ ուզում իմ տարածքում եվրո օգտագործել, չես ուզում՝ մի մտի այդ գոտի, իսկ եթե մտել ես, ուրեմն պետք է ընդունես խաղի կանոնները: Նույնն այս դեպքում է: Այնպես, որ ՄՄ տարածքում վաղ թե ուշ գործելու է միասնական արժութային համակարգ:
–Հայտնի չէ նաև, թե ի՞նչ սկզբունքով է տեղի ունենալու սահմանի վրա գանձվող մաքսատուրքերի բաշխումը, Վարչապետը միայն տեղեկացրեց` պարտադիր չէ, որ այդ գումարներն ուղղվեն կոնկրետ երկրի: Օրինակ, Մեղրիում ապրանքը մաքսազերծվում է ու այդ գումարը հայտնվում է նախ մաքսային ՙկաթսայում՚ և միայն հետագայում է որոշվելու, թե ո՞ր երկրի բյուջե է գնալու: Որպես փոքր երկիր կտուժե՞նք, թե՞ կշահենք:
-Մեխանիզմները դեռ հստակեցված չեն, բայց կրկին հավատացնում եմ, չի կարող լինել այնպես, որ ՄՄ անդամ երկրները` ՌԴ ղեկավարությամբ, գնան այնպիսի քայլերի, կայացնեն այնպիսի որոշումներ, որոնց արդյունքում իր թվաքանակով ու տարածքով փոքր երկիր Հայաստանը հայտնվի վատ վիճակում: Դա անտրամաբանական է: Ավելին, համոզված եմ հակառակում: Ի վերջո, պետք է հասկանանք, որ Հայաստանի անդամակցումը բխում է ՌԴ աշխարհաքաղաքական շահերից, և այդ հզոր երկիրը չի կարող իր ռազմավարական գործընկերոջ համար ստեղծել տնտեսական խնդիրներ, բարդություններ:
-Հայաստանի համար այսօր, իրոք, բացառիկ հնարավորություն է ստեղծված ՄՄ անդամակցմամբ նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, բայց այլ հարց է, թե ունա՞կ է արդյոք, մեր, այսպես ասած, տնտեսագիտական ՙկորպուսը՚ ճշգրիտ գործելու և ստեղծված իրավիճակն ի շահ մեզ օգտագործելու, ի վերջո այն տնտեսագիտական մեծ հմտություն է պահանջում:
-Շատ կարևոր հարց եք բարձրացնում, չեմ թաքցնի՝ մտահագություններ ունեմ: Բոլոր երկրների հետ հարաբերվելիս ՝ լինի թշնամի, թե ռազմավարական գործընկեր, մեր քայլերը պետք է բխեն միայն մեկ տրամաբանությունից` պետական, ազգային պատվախնդրությունից: Եթե լինենք զգոն ու խոհեմ, հաստատ կհաջողենք, հակառակ դեպքում, դրախտում էլ մեզ համար վատ է լինելու: Ես համոզված եմ, որ Հայաստանը դոմինանտ կարգավիճակ կունենա Մաքսային միությունում ու կկարողանա իր մոտեցումները հստակ ներկայացնել: Հիշեցնեմ, ԽՍՀՄ տարիներին Հայաստանը ամենատարբեր ոլորտներում առաջավոր դիրք էր գրավում և ես համոզված եմ՝ նույնպիսի դիրք մեր երկիրը կգրավի նաև այս տնտեսական միությունում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












