ՄՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՄԵԽԱՆԻԿՈՐԵՆ ՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ
Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-2013-ի ավարտին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում Հայաստանը ստորագրեց ՄՄ ճանապարհային քարտեզը, սակայն նիստը հարթ ընթացք չունեցավ: Ղազախստանը, պայմանավորված ԼՂ հիմնախնդրով, վերապահումով ստորագրեց փաստաթուղթը.ՙԿստորագրենք քարտեզը, հետո դրան կկցենք ԼՂ հետ կապված հատուկ կարծիք՚, ադրբեջանամետ տեսակետը հնչեցրեց Նազարբաևը ու պահանջեց հստակեցնել` Հայաստանում որտեղի՞ց է անցնելու ՄՄ սահմանը: Ինչի՞ կարող է հանգեցնել այս իրավիճակը:
– Ղազախստանի նման դիրքորոշումանը խիստ բացասաբար եմ վերաբերվում, սակայն պետք է հասկանալ, թե ի՞նչ խնդիր է փորձում լուծել Նազարբաևը հարցի հերթական հնչեցմամբ, որովհետև մի բան է խոսելը, մեկ այլ բան` գործելը: Նազարբաևը կարող էր դիմել գործնական քայլի և օգտագործելով իր վետոյի իրավունքը` տորպեդահարել ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը, բայց չգնաց դրան: Նշանակում է, որ նման հայտարարության հնչեցումն ընդամենը ադրբեջանահաճ քայլ էր, ուզում էր ցույց տալիս, թե ինքը Արցախի հարցում հաշվի է նստում Ադրբեջանի դիրքորոշման հետ, և ուրիշ ոչինչ: Հասկանալի է, այդ երկու երկրների միջև կան ամուր տնտեսական կապեր: Ուշադրություն դարձրեք նաև նրա խոսքի մյուս հատվածի վրա, այն է` հատուկ կարծիք ենք ներկայացնելու, փորձագետները թող աշխատեն ու լուծում գտնեն: Մինչդեռ նույն ընթացքում հանդես եկավ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն ու հակադարձեց` որ այդպիսի գրավոր ձևակերպված հատուկ կարծիք չկա: Այնպես որ, Նազարբաևի հայտարությունների հետևում ես ոչ մի վտանգ չեմ տեսնում և այն ոչնչի չի կարող հանգեցնել: Ի վերջո, որքան էլ ադրբեջանահաճո հայտարություններ հնչեն, կա շատ ավելի կարևոր ու առաջնային հանգամանք, Ղազախստանի ու Բելոռուսի շահերից է բխում Մաքսային միության կայացումը, քանի որ որքանով ուժեղ լինի այդ կառույցը, այդքանով ուժեղ կլինեն և նրան անդամակցած երկրները:
Նույն նիստում իր հերթին Հայաստանի նախագահն էլ հայտարարել է` Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետեր չեն լինելու: Սրանով ևս, կարծում եմ, ամեն ինչ ասված է: Վերջապես, Հայաստանը մտնում է ՄՄ լուծելու իր տնտեսության զարգացման,անվտանգության ամրապնդման հարցերը, և հասնելու ԼՂ հիմնախնդրի արդարացի, հայանպաստ լուծման:
-Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում անդամ պետությունների կողմից արձանագրվեց այն փաստը, թե փաստաթղթային առումով Հայաստանն ավելի պատրաստված ներկայացավ, քան Ղըրղզստանը:
-Այո, մեր երկիրը կարողացավ կարճ ժամանակահատվածում առավել արագ ու արդյունավետ աշխատանք կատարել, քան Ղըրղզստանը, որը մեզանից ավելի շուտ էր հայտարարել ՄՄ անդամակցման մասին:
–Ի դեպ, այդ արագությունը ոմանք այլ կերպ են փորձում մեկնաբանել, թե իբր ինչ փաստաթղթեր ներկայացնում է ռուսական կողմը, Հայաստանի կառավարությունը մեխանիկորեն, երբեմն էլ առանց կարդալու, շտապում է դրանք ստորագրել, անգամ հաշվի չառնելով երկրի շահը: Նաև մտահոգություն է արտահայտվում, թե մեր տնտեսագիտական ՙկորպուսը՚ ճկուն չի գործում ու կարող է տանուլ տալ այս բարդ խաղում:
– Նախ մի ճշտում: Ոչ թե Ռուսաստանն է մեզ ներկայացնում փաստաթղթեր, այլ Մաքսային միությունը: Պետք է հասկանանք, որ այս գործընթացների հիմքում ոչ թե զուտ Հայաստան-Ռուսաստան, այլ ՄՄ- Հայաստան հարաբերություններն են, իսկ ՄՄ-ում կան երեք անդամ երկրներ, որոնք 3 տարիների ընթացքում կազմել են այս կառույցի փաստաթղթային փաթեթը:
Ցանկացած միությանն անդամակցող երկիր պետք է ընդունի կամ չընդունի արդեն իսկ ընդունված պայմանագրերը: Նույնը կատարվեց, երբ մենք անդամակցում էինք Եվրախորհրդին, նրանք մեզ ներկայացնում էին փաստաթղթեր, մենք ընդունում էինք: Հետևաբար, Հայաստանն այսօր ուսումնասիրում է արդեն իսկ ձևավորված ՄՄ փաթեթն ու տալիս իր համաձայնությունը, այսինքն, նոր փաթեթ չի ստեղծվում, որ ժամանակային խնդիր առաջանա: Ասել, թե այն, ինչ դրվում է սեղանին հայկական կողմը մեխանիկորեն ստորագրում է, ճիշտ չէ, իսկ եթե ստրագրվում են, ապա միայն այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են միության ընդհանուր քաղաքականությանը:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ հատվածին, ապա, եթե պայմանագրերում կլինեն շեշտադրումներ, որոնք չեն բխի մեր երկրի շահերից, ապա Հայաստանը ՄՄ անդամ երեք պետությունների հետ համաձայնության գալով կարող է ժամանակավորապես հետաձգել դրանց կատարումը կամ մեղմել դրանք: Օրինակ, մաքսային դրույքաչափերի հարցը: Երրորդ երկրներից ներկրվող ապրանքների համար ՀՀ օրենքով սահմանված է 2,5 տոկոս մաքսատուրք, իսկ ՄՄ անդամ երկրներում ցուցիչը 7 տոկոս է: Հայկական կողմը կարող է որոշ ժամանակով նվազեցնել մաքսային դրույքաչափը, որպեսզի այն չնպաստի գնաճին: Այսօր գործընթացներն այն փուլում են, երբ մեր տնտեսագետները, Հայաստանի կառավարությունը շատ մեծ անելիք ունեն, նրանք պետք է լուրջ բանակցություններ վարեն, ճիշտ ներկայացնեն մեր մոտեցումները, անեն առաջարկներ, որոնք կբխեն մեր երկրի շահերից ու չեն հակադրվի նաև անդամ երեք պետությունների շահերին: Խնդիրը սա է: Եթե դա մեզ հաջողվի, ուրեմն, պրեֆեսիոնալ թիմ ունենք, եթե ոչ, ապա միայն մեզ պետք է մեղադրենք:
-Վերջին շրջանում հայաստանյան արևմտամետները մի նոր տակտիկա են որդեգրել, հայտարարում են, թե հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում, ՌԴ վարչակազմը չի վստահում Հայաստանի իշխանություններին, չկա փոխադարձ շահերի հարգում, կան միայն վասալային հարաբերություններ: Լինելով ռուսական շրջանակների հետ համագործակցող քաղաքական գործիչ, ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Ասվածը իրականության հետ ոչ մի կապ չունի: Վստահաբար կարող եմ ասել, որ իրականությունը գլխիվայր ներկայացնելով ոմանք ընդամենը անձնական շահագրգռություններ են հետապնդում: Իսկ հայ-ռուսական հարաբերությունները հարկավոր է գնահատել ոչ թե խոսքերով, այլ գործերով: Հայաստանը դեռ ՄՄ-ին չանդամակցած, Ռուսաստանն արդեն իսկ գնաց քայլերի, օրինակ, իջեցրեց գազի սակագինը, ընդառաջ քայլեր արվեցին նաև աշխատանքային ներգաղթյալների հարցում: Տեղեկացնեմ, որ այսօր ներքին կարգով հրահանգված է ՀՀ քաղաքացիներին վերաբերվել որպես ՄՄ անդամ երկրի քաղաքացիների, նվազեցվել են այն պահանջները, որ սահմանված են երրորդ երկրների քաղաքացիների հանդեպ: Այսինքն, մեզանում արդեն իսկ գործում են ՄՄ անդամ երկրների համար նախատեսված շահեկան օրենքները: Նման օրինակները շատ են, որոնք փաստում են հայ-ռուսական հարաբերություններում առկա վստահության մասին:
Ինչ վերաբերում է վասալային հարաբերություններին, դա կեղծ քարոզչություն է: Չնայած եղել են փուլեր, երբ հայ-ռուսական հարաբերություններում սառեցում է նկատվել, բայց անգամ այդ դեպքում Հայաստանի երեք նախագահների և ՌԴ նախագահների միջև մշտապես եղել է գործընկերային ու ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Ասվածս հաստատում են 23 տարիներին ստորագրված հայ-ռուսական երկկողմ բազմաթիվ փաստաթղթերը:
Վերջապես, Ռուսաստանը որպես գերտերություն որքան էլ տարբեր հարցերում աջակցել է մեզ, սակայն երբեք մեր առջև չի դրել պահանջներ, երբեք չի պարտադրել օրինակ օրենսդրական փոփոխություններ, տրամադրելով վարկեր`պահանջներ չի դրել` ինչպես դրանք օգտագործել, գերտերություններից ամենանվազագույն միջամտությունն է ունեցել մեր երկիր ներքին կյանքին: Սրանք անժխտելի փաստեր են: Մինչդեռ իրողությունն այլ է Արեւմուտքի պարագայում. փոքր գումարի դիմաց մեր առջեւ մշտապես պահանջներ են դրել` օրենսդրական, ներքաղաքական հարթությունից մինչև ԼՂ հիմնախնդիր: Գուցե հարկ է հիշեցնել, որ հայաստանյան օրենքների նախագծերը ոչ թե Ռուսաստան, այլ Վենետիկի հանձնաժողով են ուղարկվում: Թող ընթերցողն ինքը համարժեք հետևություն անի` Ռուսաստանի հետ հարաբերություններն են վասալայի՞ն, թե՞ Եվրոպայի, Ռուսաստանն է կայսերապաշտական քաղաքականություն վարո՞ւմ, թե՞ Եվրոպան:
–Ընդդիմադիրների պնդմամբ, Հայաստանը նախընտրելով ՄՄ-ն, ձախողեց Հայաստան-Իրան երկկողմ քաղաքական ու տնտեսական արդյունավետ համագործակցությունը: Շեշտադրվում է, թե Արևմուտք-Իրան կարգավորվող հարաբերություննեում Հայաստանը եվրոպական ինտերագրացիոն ուղղությունը նախընտրելու դեպքում կշահեր, մինչդեռ Ռուսաստանն այսօր փակում է Իրան-Հայաստան ակտիվ համագործակցության ճանապարհը:
-Անտրամաբանական պնդում է: Իհարկե, լավ է, որ Արևմուտքն իր հարաբերությունները փորձում է կարգավորել Իրանի հետ, դա ևս բխում է մեր շահերից, բայց երբ կկոտրվի այդ սառույցը, հայտնի չէ: Մինչդեռ նման պնդում անողներին ընդամենը հիշեցնեմ, որ Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը վաղեմի դաշնակիցներ են:
Այդ հայտարարությունը ևս արևմտյան քարոզչության տիրույթից է, նպատակը բացասական տրամադրություններ տարածելն է նոր ձևավորվող աշխարհաքաղաքական բևեռի դեմ:
Նման պնդում անողները ժամանակին էլ ասում էին, թե ԼՂ հիմնախնդիրը Արևմուտքն է լուծելու, մինչդեռ ժամանակը ապացուցե, որ նրանց կանխատեսումները չիրականացան:
Այսօր մեր երկիրը գնում է ինտեգրացիոն ճշգրիտ ուղով ու ժամանակը դրա ճշմարտացիությունը ևս կապացուցի:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












