Արևմտամետ Սահակաշվիլու գլխավորած ռեժիմը ստալինաբերիական ռեժիմից չի տարբերվել
«Վրացական երազանք» նախագծի հեղինակ հանդիսացող միլիարդատերը գնահատականներ է տվել Վրաստանում մինչև իշխանափոխությունը տիրող իրավիճակին։
Ըստ Իվանիշվիլու՝ այսպես կոչված՝ արևմտամետ Սահակաշվիլու գլխավորած ռեժիմը, փաստացի, ստալինաբերիական ռեժիմից չի տարբերվել։ Դատախազությունը գործել է տխրահռչակ «տրոյկաների» տարբերակով, իսկ գլխավոր դատախազը կատարել է Վիշինսկու դերը։
Վրաստանում արտաքուստ պահպանվել է դեմոկրատիական շղարշը, միջին ու ստորին օղակներում վերացվել է կոռուպցիան, բիզնեսի համար թվացյալ ազատություններ են սահմանվել, սակայն իրականում մարդկանց տեռորի են ենթարկել, բանտային տանջանքներով անցկացրել և սեփականությունից զրկել։
Նախկին վարչապետը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է Սահակաշվիլին իր նեղ թիմով վերահսկողության տակ առել ամբողջ բիզնեսը՝ սկսած շուկայում կանգնող հատավաճառից մինչև խոշոր բիզնես։
Այն, ինչ ներկայացրել է Իվանիշվիլին, մեծ հաշվով, նորություն չէր։ Փորձագիտական մակարդակով վաղուց էր խոսվում այն մասին, որ Վրաստանում կոռուպցիան ստացել է «էլիտար» տեսք, որ ավելի քան 300 հազ. մարդ անցել է ոստիկանության ձեռքի տակով ու տարատեսակ բռնությունների ենթարկվել «արևմտամետ» Սահակաշվիլու բանտերում, որ բիզնեսը կենտրոնացվել է, և որ Վրաստանում «Ֆասադային դեմոկրատիա» է կառուցվում։
Երևույթներին մակերեսորեն նայող հայ զբոսաշրջիկների մեծ մասի և հորթային հրճվանքով Հայաստանում վրացական մոդել երազող հայ քաղքենու համար Վրաստանի թողած արտաքին էֆեկտը հաճելի էր (մաքսակետի արագ և որակյալ աշխատանք, ոստիկանների բարեհամբույր վերաբերմունք դրսից եկածի հանդեպ և այլն), սակայն իրականությունը լրիվ այլ էր Վրաստանի քաղաքացիների համար։ Ամեն հինգերորդ մարդն այնտեղ ինկվիզիցիայի է ենթարկվել ու որպես մարդ՝ նվաստացվել։
Սահակաշվիլին կենտրոնացնում էր տնտեսությունն ու փողերն իր ձեռքում, որպեսզի հավերժ իշխեր, սակայն մինչև վերջ չկարողացավ կոտրել վրացիներին։ Դիմադրության հարցում որոշիչ էր Իվանիշվիլու դերը։
7or.am












