Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն, Քաղաքականություն

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանը վարչապետ Սարգսյանին

Դեկտեմբեր 30, 2013թ. 11:02

Հարցազրույց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

Պարոն նախագահ, չնայած մոտենում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները, հանրությունը և մամուլը շարունակում են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս անցկացրած մամուլի ասուլիսը: Հետաքրքիր է իմանալ՝ հնչե՞լ են արդյոք այդ ասուլիսի ընթացքում այնպիսի պատասխաններ կամ մեկնաբանություններ, որոնք գրավել են Ձեր ուշադրությունը:

Այսօր կկենտրոնանամ մի դրվագի վրա: Իմ ուշադրությունը գրավեց վարչապետի տված պատասխանը լրագրողի հարցին՝ հանրապետությունում արդեն հինգ տարի շարունակվող շինարարական ծավալների անկման պատճառների մասին: Քանի որ վարչապետի բացատրությունը ոչ մի ընդհանուր բան չուներ իրականության հետ (ինչպես և այդ մամլո ասուլիսում հնչած շատ այլ բացատրություններ), ես կփորձեմ ինքս պատասխանել այդ հարցին:

Այսպիսով, ինչու՞ են շինարարության ծավալները հինգ տարի անընդմեջ անշեղորեն անկում ապրում:

1. Բնակչության մասսայական ելքը Հայաստանից (թվերը չեմ նշում, որպեսզի չփչացնեմ բոլորի տոնական տրամադրությունը): Հեռանում են նոր բնակարանների պոտենցիալ գնորդները՝ կրճատելով պահանջարկը անշարժ գույքի շուկայում: Դրա հետ մեկտեղ, հեռացող ընտանիքների բնակարանների մի մասը անխուսափելիորեն հայտնվում է երկրորդական շուկայում՝ ձևավորելով առաջարկի ավելցուկ: Անշարժ գույքի պահանջարկի և գնի անկումը լրջորեն խաթարել են շինարարության ոլորտի ներդրումային գրավչությունը: Թվարկված պատճառներով էլ չի գործում հետաձգված բնակարանային պահանջարկի էֆեկտը 2009 թվականի ճգնաժամի սուր փուլից հետո:

2. Հիփոթեքային վարկավորման պայմանների նշանակալի վատթարացումը, եթե դեռ կարելի է այն հիփոթեք կոչել: Պարզապես համեմատեք 2004-2007 թվականների և այսօրվա պայմանները, և կհասկանաք, որ խելքը գլխին ու սթափ մտքով մարդկանցից քչերը կհամարձակվեն օգտվել այդպիսի “հիփոթեքից”: Եվ սրանում բանկերը մեղք չունեն: Նրանք այդպես են արձագանքում տնտեսության ընդհանուր իրավիճակին և գրավադրված անշարժ գույքի խնդրահարույց լիկվիդայնությանը: Հավելեք այս ամենին նաև աղքատ բնակչության էական աճը, մարդկանց, ովքեր երազել անգամ չեն կարող բնակարան ձեռք բերելու, էլ չասենք՝ հիփոթեքից օգտվելու շանսերի մասին:

3. Մեր քաղաքացիների տրամադրությունը: Ապատիան, անելանելիության զգացումը, երկրի հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունը այն աստիճանի են հասել, որ դառնում են մարդկանց վարքագծի և մոտիվացիայի վրա ազդող կայուն գործոն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մնացած բնակչության ուղիղ 40 տոկոսը մտադիր է ընդմիշտ տեղափոխվել այլ երկիր առաջին իսկ հնարավորության դեպքում: Հեռանալուն հակված մարդը երբեք անշարժ գույք ձեռք չի բերում այն երկրում կամ քաղաքում, որն ուզում է լքել: Նույնը վերաբերում է նաև նոր բիզնես ձեռնարկելուն:

Ահա սրանք են շինարարության ծավալների կայուն անկման հիմնական պատճառները: Ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի (բայց ոչ՝ մի քանի հատուկ “շնորհալիների” համար): Եվ սրա մեղավորը նախորդ կառավարությունը չէ, և ոչ էլ հաստատ՝ ինչ-որ այլմոլորակայիններ: Ճգնաժամն էլ արդեն վաղուց կապ չունի: Այնպես որ պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել: Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար:

Հ.Գ. Հավանաբար շուտով կսկսեն վնգստալ հաստիքային և արտահաստիքային մոսկաները: Հետաքրքիր է, դա տեղի կունենա մինչև՞ Նոր Տարին, թե՝ հետո:

Վարչապետը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր հասցեին արված քննադատությանը: Վարչապետն այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է հետեւյալը.

«Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: «Այս տոները մեր քրիստոնյա ժողովրդի համար ամենասիրելին են, ամենասպասելին եւ պարունակում են մեծ խորհուրդ: Այն է, որ նոր տարի մենք պետք է մուտք գործենք վերանորոգված, ներելով եւ ներողամտություն հայցելով, հղելով միմյանց բարի մաղթանքներ եւ սեր: Օգտվելով առիթից ցանկանում եմ մաղթել պարոն Քոչարյանին անսահման բարություն, կամեցողություն, հանդուրժողականություն եւ սեր:

Որպես վարչապետ պաշտոնավարման ժամանակահատվածում ես երկու անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալու պարոն Քոչարյանի հարցադրումներին:

Առաջին անգամ, երբ իմ հարցազրույցներից մեկում նշեցի, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս է եւ նրա անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ:

Երկրորդ անգամ համաձայնվել եմ նրա քննադատության հետ եւ նշել, որ այսօրվա իշխանությունն է եղել Ռ. Քոչարյանի քաղաքական թիմը եւ հենարանը: Կարող եմ նաեւ ավելացնել, որ Սերժ Սարգսյանի ջանքերով բյուրեղացած մեր թիմը պատասխանատվություն է զգում նաեւ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին արածի եւ չարածի համար:

Չափազանց ուրախ եմ, որ իմ համեստ անձի տարեվերջյան՝ շուրջ չորս ժամ տեւած մամուլի ասուլիսը արժանացել է պարոն Քոչարյանի ուշադրությանը: Առավել եւս, որ իմ խորին համոզմամբ շատ ավելի կարեւոր իրադարձություններ կարող էին արժանանալ նրա ուշադրությանն ու գնահատականներին, օրինակ՝ նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը (որի հիմքերն ի դեպ դրվել են հենց պարոն Քոչարյանի նախագահության երկրորդ շրջանում) եւ այլն:

Համաձայն եմ պարոն Քոչարյանի այն դիտարկման հետ, որ հաստիքային եւ արտահաստիքային մոսկաները (7or.am եւ zham.am), որոնց համար առանձնապես առիթ պետք չէ մեզ քննադատելու համար, այս օրերին կակտիվանան, քանի որ խոսքի ազատությունը մեր երկրում վերջին 5 տարիների ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է գրանցում: Ինչ վերաբերում է մասնագիտական գնահատականներին՝ այդ թվում հիփոթեքի ծավալներին եւ շինարարության ոլորտին, ապա դրանց եւս մեկ անգամ կանդրադառնամ առանձին վերլուծությամբ:

Հ.Գ. Մի իմաստուն խոսք կա, որն այսօր չափազանց անհրաժեշտ է մեր հասարակությանը եւ յուրաքանչյուրիս եւ մենք կարող ենք օգտագործել այն՝ որպես բարոյականության չափման գործիք` «Մի դատիր մարդու մասին նրանով, թե ինչ են խոսում նրա մասին, այլ դատիր մարդու մասին նրանով, թե ինչ է նա խոսում այլոց մասին»


Դիտել Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն