Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

ԱՂԱՆԴՆԵՐԸ ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒ ԱՆՊԱՏԻԺ ՄՆՈՒՄ

Հունվար 14, 2014թ. 01:45

Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տեր Կարապետ քահանա Կարապետյանը, անդրադառնալով Հայաստանում աղանդների ծավալած անօրինական գործունեությանը, նշել է, որ այդ ամենի դեմ պայքարելու եւ հավատքի շահարկմամբ կատարած հանցագործությունները կանխելու համար լավ կլինի Հայաստանում կրոնական ոստիկանություն ստեղծել:
Մինչդեռ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը այլ կարծիքի է Հայաստանում կրոնական ոստիկանություն ստեղծելու գաղափարի վերաբերյալ: Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա այն տեսակետն է հայտնել, որ կրոնական ոստիկանություն ձեւավորելու միտքն «այսօրվա պայմաններում, այսօրվա լույսի ներքո անընկալելի է եւ տեղին չէ»:

Իսկ աղանդների դեմ պայքարելու համար, ըստ տեղեկատվական համակարգի ղեկավարի, կան տարբեր կառույցներ, որոնց գործառույթների մեջ մտնում է ոչ թե պայքարը, այլ տարբեր կրոնական կազմակերպությունների կամ կրոնական դաշտի կարգավորումը: Այդ իմաստով տեր Վահրամ քահանա Մելիքյանը կարծում է, որ օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարվեն, որպեսզի օրենքի ուժով կարգավորվեն կրոնական դաշտում գոյություն ունեցող խնդիրները:
Բայց արդյոք գոյություն ունեցող կառույցները կարողանո՞ւմ են արդյունավետորեն պայքարել աղանդավորականների` կրոնի, հավատքի անվան տակ իրականացվող հանցագործությունների դեմ կամ կանխել դրանք: Ինչպես տեղեկացնում է Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` աղանդները մարդկանց հիպնոսացնելով` ստիպում են, որ նրանք հոժարակամ իրենց ունեցվածքը հանձնեն աղանդի տնօրինությանը կամ նվիրատվություն կատարեն աղանդին: Իսկ իրավապահ մարմինները նման դեպքերը որպես հանցանք չեն դիտում, քանի որ դա տեղի չի ունեցել ստիպողաբար, եւ հանցագործները մնում են անպատիժ, ինչից ոգեւորվելով ավելի են ընդլայնում իրենց անօրինականությունների շրջանակը, իսկ տուժածները ոչ մի կերպ չեն կարողանում վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները:

Վերջերս նման մի դեպք էր եղել, երբ «Կյանքի խոսք» աղանդի ղեկավարությունը, խաբելով իր անդամներից մեկին, որը քաղցկեղով հիվանդ է, ստիպել էր, որ նա վաճառի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող իր տունը եւ նվիրաբերի աղանդի` «բարեգործական» նպատակներով կազմակերպվող ծրագրերի իրականացմանը: Փոխարենը նրան խոստացել էին բուժել «Աստծո կամքով ու միջամտությամբ»: Դե, ինչպես պատահում է նման դեպքերում, հիվանդը ոչ միայն չէր բուժվել, այլեւ զրկվել էր տանիքից: Իսկ հնարամիտները ջրից չոր էին դուրս եկել:
Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ հիշեցնում է, որ նման խաբեություններից բացի` աղանդները նաեւ մարդկանց մղում են թրաֆիքինգի, զբաղվում են թմրանյութերի առքուվաճառքով, փողերի լվացմամբ, անգամ անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքեր են եղել: Իսկ քանի՜ ինքնասպանության դեպքեր են եղել աղանդների հրահրմամբ:
Ըստ ՄԵԼ-ի տվյալների` փաստեր կան, որ «Եհովայի վկաներ» կոչվող աղանդը մեր երկրում կրթության դեմ հակաքարոզչություն է տանում, ինչն ըստ էության պետական հանցագործություն կարող է համարվել: Իրենց դիտարաններում նրանք կրթությունը սատանայություն են անվանում` կոչ անելով իրական` աստվածային կրթություն ստանալ իրենց աղանդի պատերի ներսում:
Այս ամենը պետք է հիմքեր տա ոստիկանությանը` հետաքննություն սկսելու եւ հանցագործներին ջրի երես հանելու համար: Բայց մինչ օրս կրոնական շարժառիթներով կատարված հանցագործություների շատ քիչ դեպքեր են բացահայտվել:

Դրան նպաստում է նախ այն, որ ոստիկանությունում համապատասխան մասնագետներ չկան, որ կարողանան խորամուխ լինել նման հանցանքների մեջ եւ ապացույցներ հայթայթել: Բացի դրանից, օրենքը խիստ սահմանափակում է աղանդների գործունեությունը վերահսկող մարմինների գործունեությունը: Կառավարության կրոնի եւ ազգային փոքրամասնության վարչությունը միայն իրավասություն ունի գրանցել ՀՀ-ում գործող աղանդները, ծայրահեղ դեպքում փորձագիտական եզրակացություններ տալ:
Բացի դրանից, պարոն Ամարյանը մեջբերեց ՄԵԼ-ի այն տեղեկությունը, որի համաձայն` Հայաստանում գործող աղանդավորական կառույցների անդամների մեջ կան նաեւ ոստիկանության ոլորտում բազմաթիվ աշխատողներ, ովքեր չարաշահում են իրենց լիազորությունները եւ աղանդի մեջ մարդկանց են ընդգրկում:
Հնարավոր է, որ հենց նրանց գործուն ջանքերով է, որ աղանդները կարողանում են մարսել իրենց կատարած մի շարք անօրինականությունները: Ահա ինչու Ա.Ամարյանը հրատապ է համարում կրոնական ոստիկանության ստեղծումը:
«Քանի դեռ այդ կառույցը չկա` աղանդավորականներն իրենց անպատիժ են զգում եւ կատարում են տարբեր տեսակի հանցագործություններ: Միանշանակ, կրոնական ոստիկանության հարցը պետք է բարձրացվի: Դա պետության իրավասությունն է, որը պետք է ստեղծի առանձին կառույց կամ ներքին գործերի նախարարությանը կից բաժին: Եվրոպական շատ երկրներում վաղուց այդպիսի կառույցներ գործում են` հիմնականում ոստիկանությանը կից, եւ ապացուցել են իրենց արդյունավետությունը»,- ասում է զրուցակիցս:
Միացյալ երիտասարդական լիգան դեռ երկու տարի առաջ ստորագրահավաք կազմակերպելով` կրոնական ոստիկանություն ստեղծելու կողմնակիցների 15 հազար ստորագրություն է հավաքել եւ այդ առաջարկով ու ստորագրություններով նամակ ուղարկել կառավարություն եւ արդարադատության նախարարություն: Սակայն մինչ օրս որեւէ պատասխան չկա:
Կրոնական վերահսկող կառույցի ստեղծմանը դեմ չէ նաեւ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ, միայն թե, ըստ նրա, այդ կառույցը ոչ թե պետք է պայքարի աղանդների, այլ նրանց գործած հանցանքների դեմ. «Աղանդների դեմ պայքարելու սկզբունքից ելնելով` կարծում եմ, որ վերահսկող մարմնի կարիքն ու անհրաժեշտությունը չկա, բայց դաշտը կանոնակարգելու նպատակով այդպիսի կառույցի անհրաժեշտությունը կա: Դա կարող է լինել կրոնական ոստիկանություն կամ որեւէ այլ կառույց: Թեեւ, կարծում եմ, կրոնական ոստիկանություն եզրույթը կարող է շատերին թյուրիմացության մեջ գցել: Միգուցե մարդիկ մտածեն, թե դա մի կառույց է, որը եկեղեցու ներքին կյանքում ոստիկանական դեր կատարելու առաքելություն ունի: Իսկ դա հարիր չէ մեր եկեղեցուն»:

Իր հերթին ՄԵԼ-ի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը զգուշացնում է, որ օրեցօր Հայաստանում նոր աղանդներ են բացահայտվում: Նրանք 5 նոր աղանդների մուտք են արձանագրել մեր երկիր` Ջերմուկում գործող «Կյանքի ջուր» եկեղեցին, Բջնիում գործող «Աստծո թագավորական քահանայություն» եկեղեցին, Սեւանի «Ավետաբեր» եկեղեցին, Չարենցավանի «Երգ երգոց» աղանդը եւ Լիբանանից Հայաստան ներթափանցած «Կյանքի աղբյուր» աղանդը, որը «Կյանքի խոսքի» մի ճյուղ է:
Ի դեպ, տղաները նաեւ ուղիղ կապ են հայտնաբերել մեր երկրում գործող որոշ բարեգործական ընկերությունների եւ աղանդների միջեւ: Պարզվում է, որ այն եկեղեցիները, որոնց կենտրոնները գտնվում են արտասահմանում եւ ըստ այդմ իրավունք չունեն այնտեղից ֆինանսական օգնություն ստանալու, բարեգործական տարբեր կառույցների միջոցով են ստանում այդ գումարները: Մասնավորապես ՄԵԼ-ի անդամները մերկացրել են «Վորդ Վիժըն» կազմակերպությունը, որը սկսել է ավետարանչական հավատքի ֆինանսավորմամբ զբաղվել: Իսկ «Ցորենի հատիկ», «Բարի լուր» բարեգործական հիմնադրամները մանկական ճամբարներ են կազմակերպում, որտեղ հնարավորություն են տալիս երեխաներին աղոթելու եւ համապատասխան աղանդավորական գրականություն ընթերցելու:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն