ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ
Ոչ թե հավաքել ընդդիմադիր բեկորներից
Կովկասի ինստիտուտի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ անհասկանալի է համարում «աժիոտաժը», որ որոշ քաղաքական եւ լրատվական շրջանակներ բարձրացրել են Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճի շուրջ՝ ներկայացնելով այն որպես քաղաքական նոր «դարաշրջանի» մեկնարկը նախանշող բեկումնային հանգրվան
-Առաջին անգամ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս, եւ առաջին անգամ չէ, որ նախկինում առանցքային պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչներն ասում են՝ մեր ժամանակ ավելի լավ էր, քան այսօր։ Բոլոր երկրներում էլ ընդունված է, որ նախորդ նախագահը քննադատում է գործող իշխանություններին: Այդ առումով որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել։ Սա՝ մեկ։
Երկրորդ՝ հարցազրույցներով քաղաքական իրողությունները չեն փոխվում. այս կամ այն անձի հարցազրույցը, ով էլ որ նա լինի, բավարար չէ քաղաքական իրավիճակի փոփոխության համար։ Այս պատմության մեջ միակ հիշարժան դրվագը, իմ կարծիքով, ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովի արձագանքն է։ Փաստորեն Հանրապետականը պաշտպանեց իր վարչապետին։
Սա նշանակում է, որ իշխանության կուսակցությանը ոչինչ չի սպառնում: Քաղաքական գործիչները դիմում են լուրջ գործողությունների, երբ սպառնալիք են տեսնում։ Քանի դեռ այդ սպառնալիքները չկան՝ ոչ մի պատճառ չեմ տեսնում, որպեսզի այդ փոփոխությունները տեղի ունենան։
-Լրատվամիջոցներում շրջանառվող հիմնական վարկածն այն է, թե կառավարությանը եւ վարչապետին քննադատելով՝ երկրորդ նախագահն ազդարարում է ԲՀԿ-ի միջոցով ակտիվ քաղաքականություն վերադառնալու իր հավակնությունների մասին։
-Եթե Քոչարյանը որոշի վերադառնալ քաղաքականություն, բոլորը կիմանան այդ մասին։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ես չեմ դիտում «Բարգավաճ Հայաստանը» որպես Ռոբերտ Քոչարյանի կուսակցություն եւ չեմ վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին որպես մի մարդու, որը ուզում է գլխավորել ԲՀԿ-ն։
Այո, նա որոշակի դերակատարություն է ունեցել ԲՀԿ-ի ստեղծման գործում, բայց դրանից հետո շատ ջուր է հոսել։ 2008 թվականից հետո քաղաքական իրավիճակը էապես փոխվել է, եւ այսօր ԲՀԿ-ն մի բան է, Ռոբերտ Քոչարյանը՝ բոլորովին այլ բան։ Ռոբերտ Քոչարյանը ուղղակիորեն ներգրավված չէ քաղաքականության մեջ որպես անհատ, արտահայտել է իր կարծիքը, բայց քաղաքական ներուժ՝ կուսակցություն, խումբ, ձեւավորված կառույց չունի իր ձեռքի տակ։
Դատելով ամենից, ունի ֆինանսական հնարավորություններ, ի վերջո, ունի անուն՝ հասարակ մարդ չէ, նախկին նախագահ է, եւ երբ այդպիսի կենսագրության տեր մարդը կարծիք է հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ, նրա ասածը կարեւորվում է։
-Հաջորդ ընտրական փուլին ընդառաջ՝ ԲՀԿ-ի շուրջ կամ նրա հովանու ներքո ոչ իշխանական ուժերի միավորում ստեղծելու հնարավորությունը բացառո՞ւմ եք։
-Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է։ Մինչեւ հաջորդ ընտրություններ կձեւավորվի՞ նոր ընդդիմություն ԲՀԿ-ից, «Ժառանգությունից», քաղաքացիական շարժումներից կամ Հանրապետական կուսակցության տրոհման արդյունքում՝ որեւէ մեկը չի կարող ասել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2007-2008 թթ. փորձը ցույց է տալիս, որ ոչինչ չի կարելի բացառել. հնարավոր է, որ մարդը, երկար ժամանակ օտարված լինելով քաղաքականությունից, վերադառնա եւ դառնա քաղաքական գործընթացի ակտիվ մասնակից։
Չեմ կարող նման կանխատեսումներ անել, բայց այսօրվա դրությամբ, կրկնում եմ, քաղաքական իրավիճակի փոփոխության ոչ մի հնարավորություն չեմ տեսնում, անկախ նրանից՝ ով ում հետ կմիավորվի։ Քաղաքական իրավիճակը փոխելու համար ԲՀԿ-ն գոնե պետք է մասնակցեր նախագահական ընտրություններին, վերցներ ձայների 42-45 տոկոսը, կռիվ տար, հասներ նրան, որ լիներ ընտրությունների երկրորդ փուլ։ Այդ դեպքում մենք խորհրդարանում կունենայինք լուրջ ընդդիմություն։
ԲՀԿ-ն խիստ թուլացել է՝ չմասնակցելով նախագահական ընտրություններին, եւ չի կարող հավակնել իրական ընդդիմության դերին։ Անգամ եթե պատկերացնենք խիստ հիպոթետիկ մի իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած, Րաֆֆի Հովհաննիսյանով վերջացրած, բոլորը միավորվեն եւ ստեղծեն ժողովրդական ճակատ, միեւնույն է, ոչինչ չի փոխվի։
Խնդիրն այն է, որ Հայաստանում ընդդիմություն չկա՝ ընդդիմությունը պետք է ստեղծել, ոչ թե «հավաքել» դաշտում գործող ընդդիմադիր բեկորներից։
-Ձեր ասածից կարելի է եզրակացնել, թե Հայաստանում քաղաքական գործընթացը հայտնվել է փակուղային իրավիճակում՝ փոփոխությունների հեռանկարը մեզ չի «սպառնում»։
-Ես հակված եմ Հայաստանը համեմատել ոչ թե Հոլանդիայի կամ Շվեյցարիայի, այլ զարգացման մակարդակով մեզ ավելի մոտ կանգնած երկրների, օրինակ, ԱՊՀ երկրների հետ։ Հայաստանում փակուղային իրավիճակ չկա. փակուղային իրավիճակն այնտեղ է, որտեղ քաղաքական գործընթաց չկա, որպես այդպիսին։ Կարող եմ թվարկել այդ երկրները՝ Ադրբեջան, Ուզբեկստան, Ղազախստան, Տաջիկստան, Ռուսաստան, Բելառուս։
Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, կարելի է համեմատել Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում գոյություն ունեցող իրողությունների հետ։ Սրանք այն երկրներն են, որտեղ կա քաղաքական շահերի բախում, կան հակասություններ, որոնք արտահայտվում են ամենատարբեր ձեւերով. Ուկրաինայում՝ Եվրամայդանի, Վրաստանում՝ պերմանենտ հեղափոխությունների, Մոլդովայում՝ կոմունիստներին կամ կոմունիստներից իշխանությունը պարբերաբար փոխանցելու եղանակով։
Հայաստանում կա մրցակցություն, կա հնարավորություն հանդես գալու ասուլիսներում, թերթերում, կայքերում եւ ասելու այն ամենը, ինչ մտածում ես։ Մի բան չկա՝ կայացած քաղաքական կուսակցություններ։ Հայկական քաղաքական համակարգի թիվ մեկ խնդիրն է ձեւավորել քաղաքական կուսակցություններ, որովհետեւ այն, ինչ կա՝ քաղաքական կուսակցություններ չեն. ընդամենը՝ անուններ։
-Փաստորեն «թեժ փետրվարի» նախադրյալներ չեք տեսնում, հակառակ ընդդիմադիր ուժերի՝ միասնական ուժերով իշխանության ամրոցը գրոհելու եւ իրավիճակը փոխելու «սպառնալիքներին»։
-Կարծում եմ, առաջիկայում կլինեն քիչ թե շատ «սկանդալային» զարգացումներ, թեկուզ այն պատճառով, որ ռեալ քաղաքական ընդդիմություն չկա, եւ լուրջ քաղաքական զարգացումների փոխարեն ականատես կլինենք տարբեր կարգի սկանդալային դրսեւորումների, առանձին հարցերի, օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերի հետ կապված բողոքի ցույցերի եւ հայտարարությունների։
Այդ ամենը բնական է, այն առումով, որ ընդդիմադիր ուժերը չունեն իրական լծակներ՝ ազդելու քաղաքականության վրա, եւ միակ գործիքը, որով կարող են ինչ-որ կերպ մասնակցել քաղաքականությանը, նմանատիպ ակցիաներն են։
Ուրիշ բան, եթե ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարանում սկանդալներ սարքելու, պատեհ-անպատեհ աղմկելու, կոկորդ պատռելու փոխարեն ներկայանային իրենց ծրագրերով, հանդես գային այս կամ այն ոլորտին վերաբերող լուրջ առաջարկություններով, որոնք կարող էին ընդունվել հասարակության կողմից։
Որոշ հիմքեր ունեմ կարծելու, որ այդ բացը կարող է լրացվել քաղաքացիական դաշտում ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող նախաձեռնությունների հաշվին, բայց այդ հույսերը շատ թույլ են։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ












