Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ, Վերլուծական

ԻՆՔՆԵՐՍ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՈՒՂԱՄ ԵՆՔ ԵՐԳՈՒՄ, ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆՔ ՕՏԱՐԻՑ

Հունվար 15, 2014թ. 00:56

Վերջին շրջանում շատ է խոսվում «Սարի աղջիկ» երգի հայկական ծագման մասին: Երգը թուրք-ադրբեջանական սեփականաշնորհումից փրկելու նպատակով ստեղծվեց «Սարի աղջիկը» հայկական երգ է» նախաձեռնություն, որի հեղինակները քայլեր ձեռնարկեցին երգի թուրքական եւ ադրբեջանական արմատների մասին ապատեղեկատվությունը հերքելու համար:

Նախաձեռնությանը միացավ նաեւ երգիչ Անդրեն: Հանրության շրջանում երգն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով վերջերս «Սարի աղջիկ» երգի հիման վրա Անդրեի կատարմամբ նկարահանվեց տեսահոլովակ:

Նախագծի համահեղինակ Անի Մարգարյանի խոսքով` հետագայում ծրագրվում է երգի եւս մի քանի կատարում ձայնագրել` տարբեր երգիչների կատարմամբ:
«Երգը մեծ տարածում ունի Թուրքիայում ու Ադրբեջանում, որտեղ այն սեփականացնելու փորձեր են արվել դեռեւս խորհրդային տարիներին։ Իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, չեն երգում: Մենք հասկացանք, որ առաջին մեղավորները մենք ենք։ կապ չունի` Ադրբեջանում, Թուրքիայում ով ինչքան կկատարի այս երգը, առաջին հերթին մեր կատարումն է կարեւոր:
Եթե Հայաստանում այս երգի ձայնագրությունը լիներ` Ադրբեջանի դեմ պայքարելու կարիք չէր լինի: Մենք առաջին հերթին այդ բացն ենք փորձում լրացնել, ներքին լսարանի հետ ենք փորձում աշխատել»,- մեզ հետ զրույցում նշեց ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

Ըստ նրա, ծրագիրը նոր թափ է առել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի աջակցության ու նրա ուսանող-կամավորների աջակցությամբ: Անի Մարգարյանի խոսքով` իրենք հավաքում են ազգագրագետների, մշակութաբանների, երաժշտագետների վկայությունները երգի մասին, տեսագրում, գրանցում:
«Ադրբեջանցիների արձագանքը շատ ագրեսիվ է: Չգիտեմ, թե ինչու են նրանք հենց այս երգը դարձրել պաշտամունքի առարկա: Ադրբեջանական քարոզչամեքենան հասել է նրան, որ Ադրբեջանի քաղաքացիները երկրի ներսում ու դրսում երգն ընկալում են որպես սեփական արժեք»,- նշեց Ա.Մարգարյանը:

Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում նախաձեռնության անդամների աշխատանքը եւ ընդհանրապես ինչպես է մեկնաբանում ադրբեջանցիների` հայկական երգերը յուրացնելու, սեփականաշնորհելու ավանդույթը:
«Ադրբեջանցիները Կոմիտասի երգերը ներկայացնում են որպես սեփական: Այդ երգերը թողած` ինչո՞ւ են այս երգի հարցը բարձրացնում: Իմ կարծիքով, «Սարի աղջիկ» երգն արժեք չունի: Անհետաքրքիր, դատարկ, սրտից չբխող երգ է: Ինձ համար այդ երգը ո’չ ադրբեջանական է, ո’չ հայկական, ընդհանուր արեւելյան անհաջող երգ է, չեմ հասկանում` ինչու են հենց այդ երգի հայկականության հարցը փորձում բարձրացնել»,- ասաց կոմիտասագետը:
Ըստ նրա` «Սարի աղջիկ» երգի հայկական արմատները ապացուցելու համար ստեղծված նախաձեռնության անդամները ավելի լավ կլինի քննարկեն առավոտից երեկո երեխաներին թուրքական ու արաբական երգեր մատուցելու խնդիրը: Կամ այն, թե ինչու հեռուստատեսությամբ չեն հնչում Կոմիտասի երգերը:
«Ժողովրդական խոսք կա` ջուրը ջաղացն է տարել, ընկել են ջաղացի քարի համար լաց են լինում: Մեր երգիչներն առավոտից երեկո հեռուստատեսությամբ երգում են թուրքական, արաբական երգեր: Լրատվամիջոցներն էլ այդ ելեւէջները մեր մատաղ սերնդի հոգին են լցնում:
Եթե մի մարդ իր տան մեջ իրենը չի պահպանում, իրավունք չունի բողոքելու մեկ ուրիշից, որն իրենը յուրացնում է: Եթե մեկն իր տան մեջ արհամարհում է իրենը, երգում է թուրքականը, օտարը, այդ մարդն ինչ իրավունք ունի պահանջելու ուրիշից, թե ինչու է իրենը յուրացնում»,- նշեց Արթուր Շահնազարյանը:
Ըստ նրա, այսօր Հայաստանում ամենաշատ գումարը ծախսվում է թուրքական մշակույթի համար: Թուրքական երգերը ֆինանսավորվում են հարուստների կողմից. «Ռաբիս երգիչներին թուրքական երգ կատարելու համար կլորիկ գումարներ են վճարում: Մինչդեռ Կոմիտասի ձեռագրերը ձեռք բերելու համար ոչ ոք գումար չհատկացրեց: Քաղաքապետարանն էլ խոստացավ, խաբեց, չգնեց: 7000 դոլար չտվեցին Կոմիտասի ձեռագրերի համար, բայց ռաբիս երգիչներին հազարավոր դոլարներ են տալիս թուրքական մուղամներ հնչեցնելու համար»:
Նրա խոսքով, Հայաստանում հին հայկական երգերը հատուկենտ մարդիկ են պահպանում, սակայն այդ մարդկանց մասին ոչ ոք ոչ մի անգամ չի հիշատակում:
«Հայաստանում 24 ժամ թուրքական ու արաբական երգ է հնչում հայկականի անվան տակ: Եթե դու քո տան մեջ չերգես, աշխարհը չի ասի՝ քոնն է, ոչ էլ ուշադրություն կդարձնի: Կասի` եթե քոնն է` պահիր:

Մեր անելիքը մի բան պետք է լինի. մենք պետք է ուշադրություն չդարձնենք, թե աշխարհն ինչ է անում, մենք պետք է զբաղվենք մեր երեխաներով, մեր երեխաներին մեր երաժշտությունը մատուցելով: Ինձ համար որեւէ շրջանի փոքր երեխան հազար անգամ մեծ արժեք ու կարեւորություն ունի, քան այն, թե դրսում ով ինչ է անում:
Դու երգիր, հետո նայիր` աշխարհը ընդունում է այդ երգը որպես քոնը, թե ոչ: Երբ Կոմիտասը գնաց, աշխարհին ապացուցեց, որ ինքնուրույն երաժշտություն ունենք, աշխարհն ասա՞ց՝ մի’ կոտորեք հայերին, հայերը լավ երաժշտություն ունեն: Ո՛չ, աշխարհը շատ սիրուն ձեւով մասնակցեց այդ կոտորածին»,- նշեց Ա.Շահնազարյանը:
Մշակույթ պահպանելը օտարի հետ կապ չունի: Հարկավոր է երկրի ներսում, դպրոցներում, մանկապարտեզներում հնչեցնել հին երգերը: «Տեսեք շրջաններում ինչ է կատարվում: Այսօր մեր շրջանների ժողովուրդն ի՞նչ կապ ունի հայ մշակույթի հետ: Բարձիթողի վիճակ է, անտերության մատնված: Ճապոնացին իր մշակույթով ապրում է, եթե մերոնք վերցնեն ճապոնական երգը երգեն, ճապոնացին չի անհանգստանա, քանի որ ուժեղ է: Նրանք այդ խնդիրը չունեն, իրենք իրենց երգը իրենց տան մեջ երգում են, նրանց չի հետաքրքրում՝ մյուսն ինչ է անում»,- խոսքը եզրափակեց Ա.Շահնազարյանը:
Ի պատասխան կոմիտասագետի` Անի Մարգարյանը նշեց, որ իրենք չեն սահմանափակվելու միայն «Սարի աղջիկ» երգով. «Կազմել ենք հին հայկական այն երգերի ցուցակը, որոնք պահպանման կարիք ունեն, որոնց նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից յուրացման քայլեր են արվում: Դրանց թվում են նաեւ Կոմիտասի, Սայաթ-Նովայի երգերը»:

ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն