Ժամանակն է մերժել կործանարար վայրի լիբերալիզմը
Վերջին տարիներին առավել հաճախ է խոսվում մեր երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ համակարգային փոփոխությունների մասին: Հայաստանյան ցանկացած քաղաքական ուժի ներկայացուցիչ հարցին ի պատասխան դասը սերտած աշակերտի պես կկրկնի միևնույն միտքը՝ տնտեսական, սոցիալական, հոգևոր աղետները կանխելու համար համակարգային փոփոխություն է անհրաժեշտ, բայց իրողությունն այն է, որ քաղաքական և ոչ մի ուժ ՙհամակարգային փոփոխություն՚ ասելով չի պատկերացնում ավելին, քան եղածի կոսմետիկ փոփոխություն:
Հայաստանի անկախացումից ի վեր, ՀՀՇ-ի ձեռքով մեզանում ներդրված ազատական մոդելի կամ վայրի լիբերալիզմի կործանարար քաղաքականության մասին բազմից է ասվել, փոխարենը, երբևէ չի դրվել դրանից ազատագրվելու խնդիր: Չնայած այսօր արդեն շատերին է հայտնի, որ աշխարհում տնտեսության ազատական մոդելի արմատավորմանը նպաստում է հենց գլոբալացում ասվածը, որը մերժում է ազգային, հոգևոր, ավանդական արժեքները, պետություններին պարտադրում արեւմտյան տնտեսական, քաղաքական, մշակութային, տեխնոլոգիական եւ տեղեկատվական մոդելը, ինչն այլ բան չէ, քան գաղութացման մի նոր ձեւ, ուր վերացող պետականությունների փոխարեն հաստատվում է, այսպես կոչված, ազատական-ժողովրդավարական աշխարհիկ համակարգը՝ հիմնված ՙմարդու իրավունքների՚ գաղափարախոսության, ՙբաց և քաղաքացիական՚ հասարակությունների գերակայության վրա: Սա այն գործընթացն է, որի ականատեսն ենք մենք այսօր:
23 տարի պահանջվեց, որ հայրենի քաղաքագիտական միտքը՝ որոշակի քաղաքագիտական շրջանակներ, ոչ միայն գիտակցեն, այլև համարձակորեն հայտարարեն, որ գլոբալացող աշխարհում տնտեսության ազատական մոդելի կիրառումն ուղղակի աղետ է մեզ համար, որ հայն այսօր կանգնած է իր ինքնության,իր տեսակը կորցնելու լրջագույն վտանգի առաջ:
Այն, որ խորհրդային համայնավարությունից հետո երկրի ղեկը ստանձնած անձինք, պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկիրը մղեցին լիբերտալիզմի ուղով, որը լիբերալիզմի ծայրահեղ դրսևորումն է, քաղաքագետ Լևոն Շիրինյանն ի սկզբանե աղետ է համարել, այն համոզմամբ, որ թուրքական գործոնի առկայությունը հայերիս պարտադրում է պահպանել պետության գերակա դերը, ունենալ ուժեղ պետություն և սոցիալապես ուղղորդված տնտեսական համակարգը:
Փոխարենը ի՞նչ ունենք այսօր. քաղաքագետը, ցավով է նկատում՝ գործող համակարգը տարիների ընթացքում մեզանում ստեղծել է մենաշնորհայնացված հասարակություն, որը չի նպաստում անգամ արդյունաբերական ազգային բուրժուազիայի կայացմանը: Այս մտահագությունները, դեռ 1996-ն, քաղաքագետին մղում են քաղաքագիտական որոնումների, ՙդրանք ինձ տարան Գերմանիա ու ես շշմեցուցիչ բան բացահայտեցի. գերմանացիները ամերիկյան ՙՄարշալի ծրագրով՚, որը առաջ քաշվեց Երկրորդ համաշխարհայինից հետո եվրոպական երկրների ավերված տնտեսությունները վերականգնելու համար, ոչ միայն կարողացան ամերիկյան փողերով վերականգնել իրենց երկիրը, այլև մերժել անգլո-ամերիկյան տնտեսագիտական դպրոցների կողմից առաջարկվող տնտեսական դեղատոմսերը՚: Այսինքն, այն, ինչ նորանկախ Հայաստանի ղեկավար այրերը գրկաբաց ընդունեցին, հետպատերազմական Գերմանիայում համարեցին լրջագույն վտանգ երկրի համար ու կիրառեց <կարգի տեսության>՚ հիման վրա մշակված <սոցիալական շուկայական տնտեսակարգը>: Քաղաքագետը նաև պարզել է, որ բացի Գերմանիայից հիշյալ հայեցակարգը կիրառել է նաև Հարավային Կորեան, և վերջինիս վերազարթոնքը հենց դրանով է պայմանավորված:
Եվ այսօր Լևոն Շիրինյանը հրավիրելով շահագրգիռ կողմերի ուշադրությունը, հայտարարում է՝ մերժել կործանարարը լիբերտալիզմն ու շրջադարձ կատարել դեպի ՙկարգի տեսության՚ վրա մշակված սոցիալական շուկայական տնտեսակարգին, որի հիմքում դարձյալ շուկայական տնտեսության հարաբերություններն են, բայց այն լիբերտալիզմ չէ, քանի որ նրանում պահպանված են պետության կարգավորիչ դերը, այստեղ պետությունը ազգի ծառան է ու հայրը:
Այս համակարգում, ի տարբերություն լիբերալիզմի, պետությունն է կարգավորում խաղի կանոնները, ՙայնպես, ինչպես ֆուտբոլային մրցավարը, որի խնդիրը ոչ թե խաղալն է, այլ խաղացողներին հստակ քայլեր, կանոններ հուշելը՚: Հետևաբար, պետությունը դառնում է այն ՙմրցավարը՚, որը պարտավոր է բոլորի համար սահմանել խաղի պարզ, միասնական և արդար կանոններ, որոնք թույլ չեն տա արտոնություններ ու խտրականություն: Պետության խնդիրն է նաև հետևել, որպեսզի այդ կանոնները պահպանվեն խաղի բոլոր մասնակիցների կողմից, բայց դրանով հանդերձ նա չպետք է միջամտի խաղին, քանի որ իր գործառույթը անկողմնակալ իրավարարի դերն է, որը սրբագրում է խաղացողների վարքագիծը դաշտում՝ համաձայն մշակված կանոնների:
Մեր երկիրն իր սահմանափակ միջոցներով և պաշարներով չի կարող հավակնել տարածաշրջանային գերտերության կարգավիճակի, նկատում է Շիրինյանը, փոխարենը, սակայն, համաշխարհային զարգացման փորձի և ազգային ինքնատիպության համադրմամբ կարող է ձգտել տարածաշրջանային օրենսդրի դերին: Իսկ դրան հասնելու ճանապարհը ռազմավարական նպատակների ճշգրիտ ընտրությունն է, ինչը ենթադրում է ոչ միայն զարգացման նպատակների հստակ պատկերացում, այլև թիրախների ճշգրիտ ընտրություն:
Նոր տնտեսակարգը Հայաստանում մեծ հեռանկար կունենա, այն Հայաստանի ապագան է՝ քաղաքագետը սրանում համոզված է, քանզի սոցիալական ուղղվածություն ունեցող համակարգը խարսխված է մեր ժողովրդին հոգեհարազատ քրիստոնեական արժեհամակարգի, քրիստոնեական բարեկրթության սկզբունքի վրա, ներծծված քրիստոնեության սոցիալական դավանանքի երկու՝ անձի և փոխարկելիության (субсидиарность) հիմնական սկզբունքներով: Բանաձևը հստակ է՝ դու պարտավոր ես քո ցեղակցի հանդեպ լինել բարեկիրթ, աղքատ հայ մարդը չպետք է իր օրվա հացի խնդիրը լուծի աղբանոցները քչփորելով, այլ հայ հասարակությունը պետք է հոգա նրա մասին:
Դեռ 96-ից այս համակարգի առավելություններն արձանագրած քաղաքագետը համոզված է, որ վերջինիս ներդրմամբ մեր ժողովրդի մտածողությունը կմաքրվի խորհրդային աղբից՝ բոլշևիզմից, չեկիստությունից ու աթեիզմից, կբարոյականացնի նրան, վերադարձնելով հազարամյակների ընթացքում իր որդեգրած քրիստոնեական արժեհամակարգին.ՙԿարգի տեսությունը մեր ժողովրդին նոր շունչ կտա, իսկ երկրում ամեն ինչ կդնի կարգ ու կանոնի մեջ, քանի որ այն պահանջում է իրավական պետության առկայություն, ուր օրենքը գերակա է, ինչպես սիրում էին Կիլիկիայի հայերն ու գերմանացիները՚:
Քաղաքագետը հակադրվելով ոմանց սերտած ՙտեսությանն՚ ու անընդունելի համարելով նրանց պնդումը, թե հայ ժողովուրդը օրենք չսիրող է, նկատում է՝ իրականում մեր ժողովրդի մտածողության մեջ կա հարգանք օրենքի հանդեպ, անգամ կենաց բարձրացնելիս հայն ասում է՝ ՙմեռնեմ օրենքին՚, հայն իրականում է օրինախախտ չէ, պարզապես, համակարգը պետք է հստակ գործի: ՙՀասնելու եմ նրան, որ ՙկարգի տեսությունը՚ շրջանառության մեջ դրվի՚, գործնականորեն տրամադրված Լևոն Շիրինյանը, սակայն միաժամանակ տեղեկացրեց, թե կան որոշ, այսպես կոչված, վայ տնտեսագետներ, որոնք չեն ցանկանում, գուցե և խոչընդոտում են, որպեսզի հայեցակարգը դրվի քննարկման: Ու չնայած այդ անհասկանալի անտարբերությանը, քաղաքագետը չի պատրաստվում հիասթափվել և նահանջել, համոզված է՝ կարձագանքեն ու կհամախմբվեն բոլոր նրանք, ում համար թանկ է Հայաստան երկրի ապագան:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












