Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒՆԻ Human Rights Watch-Ը

Հունվար 23, 2014թ. 16:59

47 Եհովայի վկա աղանդի ներկայացուցիչները ՙհայտնաբերելով՚, թե որպես այլընտրանքային ծառայողներ հայտնվել են իրենց կրոնախեղ պատկերացումներին հակասող զինվորական կարգուկանոնի մեջ, գրանտակեր իրավապաշտպանների աջակցությամբ գործի դրեցին Արևմուտքի մահակն ու իրենց քիմքին հարիր ՙբարեփոխեցին՚ հայտնի օրենքը ՙԱյլընտրանաքային ծառայության մասին՚: Օրենքն անցավ երկարատև քննարկումների, լսումների փուլ և ընդունվեց 2013-ին: Սա այն դեպքն է, երբ, կարելի է ասել, օրենսդիրները կատարեցին ՙոսկերչական աշխատանք՚, ամեն տառն ու բառը շտկելով, փոխելով ու համաձայնեցնելով Վենետիկի հանձնաժողովի հետ: Բայց արի ու տես, որ Եհովայի վկաները շարունակում են մնալ չբավարարված, իսկ նրանց շահերի պաշտպան Արևմուտքը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել:

Եվ այսպես, պարզվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գոհ չէ բարեփոխված օրենքից ու իր հերթական զեկույցում հանգել է այսպիսի հետևության՝ ՙայլընտրանքային ծառայության պլատֆորմը Հայաստանում դեռևս լավ մշակված չէ՚։ Իսկ որպես ՙվատ մշակվածի՚ ապացույց բերվում է հետևյալը. չնայած այլընտրանքայինների ծառայությունը 42 ամսից նվազեցվեց մինչև 36-ի, բայց դա շատ ավելի երկար է, քան սովորական զինվորական ծառայությունը։ Ստացվում է, որ Եվրոպան փորձում է հասնել նրան, որ այլընտարանքային ծառայություն նախընտրած աղանդավորը լինի կատարյալ արտոնյալ վիճակում հայրենիքի սահմանները զենքը ձեռքին ու արժանապատվորեն պաշտպանող հայ զինվորից՝ այժմ էլ ծառայության ժամկետներով:

ՙՏարօրինակ է նման գնահատականը՚. սա ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ արձագանքն էր: Անակնկալի եկած Նահապետյանը պարզաբանումներ տալ անգամ չկարողացավ: Նրան էլ կարելի է հասկանալ, տարիներ շարունակ ակտիվ համագործակցել է վենետիկցիների հետ, կետ-ստորակետով համաձայնեցրել ամեն մի պարբերությունը, բայց հետո գալիս ու ասում են՝ ՙնետ՚:
Տեղեկատվությունը վրդովվեցրեց օրենքի մշակմանը, հրավիրված լսումներին ակտիվ մասնակցած ԱԺ պատգամավոր ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ևս. ՙՄիջազգային կազմակերպությունները որքան քիչ մասնակցեն մեր երկրի ներքին խնդիրներին, այնքան մեզ համար շահեկան կլինի՚: Բաղդասարյանն այն պատգամավորներից է, ով իր ուրույն կարծիքն ունի սույն օրենքի մասին, և սթափ գնահատելով Հայաստանի իրավիճակը՝ պատերազմական վտանգ, թշնամի հարևանների առկայություն, արդարացիորեն դեմ է արտահայտվել դրա ընդունմանը: ՙՄշտապես ասել եմ՝ չի կարելի նման օրենք ընդունել, Հայաստանում ապրող յուրաքանչյուր երիտասարդ պարտավոր է ծառայել իր երկրին: Իսկ այս օրենքի ընդունմամբ մենք արտոնություններ տվեցինք աղանդավորներին, ոմանց էլ ՝ ծառայությունից խուսափելու միջոց՚:

Իրավապաշտպան կազմակերպության գնահատականից հանկարծակիի եկավ նաև Կրոնի վարչության պետ ՎԱՐԴԱՆ ԱՍՑԱՏՐՅԱՆԸ, այն համարելով թյուրիմացություն.ՙԿարծես օրենքից բացարձակապես անտեղյակ լինեն, որն իհարկե, անհավանական եմ համարում: Հայաստանի օրենքը մշակվել է եվրոպական չափանիշներին համահունչ, ժամկետի հարցը ևս համապատասխանում է միջազգային օենսդրությանը՚: Ասցատրյանն իր հերթին դեմ է պատերազմի մեջ գտնվող մեր երկրում նման օրենքի գոյությանը, համոզմունքն է՝ եթե չես ուզում լինել հայրենիքը պաշտպանող զինվորի դերում, ուրեմն, հեռացի՜ր այս երկրից, որովհետև անբարյականություն է նման կեցվածք ընդունելը՝ պատասխանատվություն չկրել ընդհանուր խաղաղության ապահովման համար, փոխարենը, ձգտել ամեն կերպ օգտվել արտոնություններից: Այնուհանդերձ, մասնակցելով օրենքի բարեփոխման փուլերին, Կրոնի վարչության պետն այն կարծիքին է, որ մշակման շրջանում բոլոր կարծիքները հաշվի առած օրենքը պահում է անհրաժեշտ հավասարակշիռությունը:

Եվ ուրեմն, ո՞րն է Human Rights Watch-ի կողմից բարեփոխված օրենքին բացասական գնահատական կպցնելու շարժառիթը: Լավ իմանալով աղանդավարական կառույցների ու դրսի հրահանգիչների սերտ կապերը, դժվար չէ կռահել, որ այն ինչ-ինչ նպատակներ է հետապնդում: Վահրամ Բաղդասարյանը սրանում ակնհայտորեն միտում է տեսնում. ՙԱռաջին, դրանով նպաստում են աղանդավորների թվի աճին, երկրորդ, բանակում քայքայիչ գործողությունների իրականացմանը՚: Իսկ Կրոնի վարչության պետը իրավապաշտպան կազմակերպության կողմից նման գնահատականի հնչեցումը որակեց պրովակացիա:
Կնշանակի եվրոպական հիշյալ կազմակերպությունն իր զեկույցով կոնկրետ հրահանգ է ուղղում ՙԵհովայի վկա՚ աղանդավորական կառույցին: Իսկ դրանց վտանգավոր հետևանքները մեկ անգամ չէ, որ զգացել ենք մեզ վրա:

Մի հիշեցում: Երբ Արևմուտքի պարտադրանքով ստեղծվեց այլընտրանքային ծառայության մասին օրենքը, շատերի համար անակնկալ, զինվորական ծառայությունից հրաժարված Եհովայի վկաները նույն օրը, նույն ժամին, նույն բովանդակությամբ դիմումներ ներկայացրին ու հրաժարվեցին նաև այլընտրանքային ծառայությունից, հայտարարելով, թե պատրաստ են դատապարտվելու: Ակնհայտ էր, որ այն կազմակերպված քայլ էր: Թե ինչո՞ւ հանկարծ նախընտրեցին բանտարկությունը այլընտրանքային ծառայությունից, տարիներ անց միայն պարզ դարձավ, երբ նրանց Արևմուտքին ուղղված բողոքների արդյունքում Եվրոդատարանը հոգուտ աղանդավորների որոշում կայացրեց ու տուգանեց Հայաստանի կառավարությանը՝ տասնյակ հազարավոր եվրոներ պետական բյուջեի գրպանից ուղղելով աղանդավորներին: Իզուր չէ, որ Եհովայի վկաների մեջքին արտասահմանյան փաստաբանների մի հզոր կազմ է կանգնած: Փաստորեն, եվրոպական կառույցները նաև այսպես են ՙքցում՚ պետություններին:

Լավ իմանալով հոգեխեղ աղանդավորների ձեռագիրը, Վարդան Ասցատրյանը հիշեցրեց նրանց միտումնավոր գործելակերպը, այն է՝ տվյալ երկիրը ներկայացնել այնպես, կարծես թե, իրենք գտնվում են հետապնդման մեջ՝ ՙանընդհատ բողոքելով իրավական միջավայրի ինչ-որ չափանիշների անհամապատասախանությունից, չէ՞ ու այդ կերպ նրանք մտնում են ՙնահատակի կերպարի՚ մեջ՚:
Փաստորեն, եթե նկատի ունենանք, որ աղանդավորական կառույցներն ուղղորդվում են Արևմուտքից, ուրեմն, կարելի է վստահավար ասել, որ սույն զեկույցով աղանդավորներին տրվել է ՙնահատակի կերպարով՚ հանդես գալու հերթական հրահանգը:
Հ.Գ.Ի դեպ, Human Rights Watch կազմակերպությունը հիմնվելով հայտնի գրանտակեր Սաքունց Արթուրի ինչ-ինչ տվյալների հիման վրա, մի ՙքար՚ էլ նետել է պաշտպանության նախարարության հասցեին: Ինչին կանդրադառնանք առաջիկա հրապարակմամբ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն