«ՉԻՐԱԳՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
Երեկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատում տեղի ունեցավ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի լսումը։ Այս մասին հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը։
«Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ներկայանում են որպես Ադրբեջանի քրդեր, ովքեր ապրել են Լաչինում: Ըստ ներկայացվածի` Լաչինի բնակչության մեծ մասը եղել են քրդեր եւ ադրբեջանցիներ, ովքեր Ղարաբաղյան հակամարտության հետեւանքւվ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից 1992 թվականի մայիսի 17-ին։ Նրանք այլեւս հնարավորություն չեն ունեցել վերադառնալ, քանի որ տարածքը վերահսկում են հայկական ուժերը։
Դիմումատուները մասնավորապես բողոքում են Լաչինում իրենց սեփականության կորստի կապակցությամբ։
Հայաստանը, որպես պատասխանող, ներկայացնում էր կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը։ «Հայցվորները նշում են, որ Լոնդոնի փաստաբանները անտեղյակ են Հայաստանի արդարադատությանը, սակայն նշենք, որ Հայաստանում եւս կան փաստաբաններ, որոնք կարող էին օգնել նրանց։ Հայաստանում նրանք կարող են դիմել եւ ստանալ փոխհատուցում՝ բանակի պատճառած վնասների դիմաց։ ԼՂՀ-ում նրանք կարող են դիմել եւ վերականգնել իրենց սեփականության իրավունքը, հատկապես երբ կան դրա համար արդեն իսկ նախադեպեր, երբ մարդկանց տունը պատերազմի հետեւանքով քանդվել է, սակայն նրանք ԼՂՀ դատարանում կարողացել են հասնել իրենց իրավունքների վերականգնմանը եւ ստանալ իրենց սեփականությունը։
Հայաստանը եվրոպական երկիր է, որտեղ գործում են բազմաթիվ ավիաընկերություններ, եւ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ադրբեջանցիների մուտքի որեւէ արգելք չկա։ Ինչո՞ւ նրանք չեն գործել այդպես։
Սա վկայում է, որ նրանց սխալ խորհուրդ են տվել փաստաբանները։ Նրանք մեղքից չեն ազատվում, եթե չգիտեն Հայաստանի օրենքները, չեն սպառել տեղական արդարադատության բոլոր ատյանները»,- ասաց հայկական կողմի փաստաբան ՋԵՈՖՐԻ ՌՈԲԵՐՏՍՈՆԸ։
Լեռնային Ղարաբաղում փոխհատուցման հետ կապված նշվեց, որ նրանք կարող էին ԼՂՀ-ում ստանալ ոչ միայն փոխհատուցում, այլեւ վերականգնել իրենց հողատարածքը, ինչի նախադեպ կա ԼՂՀ-ում։
ՀՀ-ն չի ընդունում նաեւ հայցվորների այն բողոքը, թե Հայաստանը «արդյունավետ իրավազորություն» է իրականացնում ԼՂՀ-ի նկատմամբ։
«Հայցվորները գործում են «տեղեկությունների» հիման վրա, թե Հայաստանը «արդյունավետ իրավազորություն» եւ զգալի ռազմական ներկայություն ունի ԼՂՀ-ում։ Սա չի համապատասխանում իրականությանը։ Այդ «տեղեկությունները» հիմնականում ադրբեջանական լրատվության արդյունք են, սրանք վկայություններ չեն։ Դատարանը պետք է փաստացի ծանոթանա հայցվորի ներկայացրած «վկայություներին»։ ԼՂՀ-ում չկան հայկական զորամիավորումներ, փողոցներում չկան զինվորներ։
Ինչպես վկայում են ԼՂՀ իշխանությունները, ԼՂ-ն օկուպացված չէ, այն անկախ պետություն է, իր դեմոկրատական ընտրված իշխանությամբ։ Հայաստանն ու ԼՂՀ-ն ունեն տեղական դատարաններ, բանիմաց դատավորներ, ովքեր կարող են պաշտպանել մարդկանց իրավունքները»,- նշեց փաստաբանը։
Հայաստանի ներկայացուցչի ելույթից հետո հայցվորների պաշտպանությամբ հանդես եկան նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնք ընդգրկված են գործում որպես երրորդ կողմ։
Ելույթներից հետո դատավորների կողմից հարց ու պատասխանից հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ։
Լսումների ավարտից հետո Panorama.am-ի թղթակիցը խոսել է Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, գլխավոր դատախազ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ։
Գեւորգ Կոստանյանի խոսքով, «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանը լուրջ փաստարկներ ներկայացրեց, որոնք հայցվոր կողմի համար հանպատրաստից էին։
«Համենայն դեպս, նրանց վերաբերմունքը եւ այդ փաստարկներին առարկելու հնարավորությունն ու դրսեւորման եղանակը ակնհայտորեն մեզ հանգեցրեց այն համոզման, որ այդ փաստարկին նրանք չեն կարողացել հստակ պատրաստվել ու առարկել։
Մենք երկու հիմնական շեշտադրում արեցինք։ Առաջին՝ Ղարաբաղը, անկախ միջազգային ճանաչման փաստից, անկախ պետություն է, եւ իշխանության բոլոր ճյուղերի առկայությունը, արդյունավետ գործունեությունը ինքնին փաստում են անկախության մասին, ինչը հանգեցնում է այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունը չունի «արդյունավետ իրավազորություն» այդ պետության տարածքում, եւ հետեւաբար այդ հիմքով հայցը ենթակա է ճանաչվելու անընդունելի։
Երկրորդ փաստարկն այն էր, որ անգամ եթե հայցվոր կողմը եւ Ադրբեջանի կառավարությունը համարում են, որ Հայաստանն ունի իրավազորություն, եւ Հայաստանն ու ԼՂՀ-ն 1992 թվականին խախտել են փախստականների սեփականության, մասնավոր կյանքի իրավունքը, վերջիններս պետք է անպայման դիմեին ԼՂՀ դատական ատյաններին կամ Հայաստանի դատական ատյաններին, իրավապահ մարմիններին՝ իրենց իրավունքների վերականգնման համար»,- ասաց Գ.Կոստանյանը։
Այս երկու միջոցները չեն սպառվել, ինչն էլ հիմք է հանդիսացել երկրորդ փաստարկը ներկայացնելու համար. «Մենք ունենք պետական միջոցների չսպառման դրսեւորում, ինչը Եվրոպական կոնվենցիային համապատասխան ֆորմալ հիմք է հանդիսանում հայցը անընդունելի ճանաչելու համար»։
Այս լսումներից հետո կողմերն ունեն երկու շաբաթ ժամանակ վերջնական դիրքորոշում ներկայացնելու համար։












