Ազգերի ինքնության դեղատոմսը՝ պահպանողականությունն է
Գլոբալացում կամ համաշխարհայնացում ասվածը ժամանակին նախաձեռնեցին ու իրականացնում են Ամերիկայի, Եվրոպայի ու Ճապոնիայի որոշակի շրջանակներ, նպատակը՝ սեփական տնտեսական եւ աշխարհաքաղաքական շահերի իրացումն է: Գլոբալացման գործընթացը հետևողականորեն իրականացնող Արևմուտքը, մասնավորաբար, ԱՄՆ-ը, այսօր իրենց նպատակներին հասնելու համար ոչ արեւմտյան ժողովուրդներին պարտադրում են ընդունել արեւմտյան ժողովրդավարության արժեքները, որոնք շատ հաճախ համահունչ չեն այդ ժողովուրդների շահերին: Իսկ պարտադրանքն իրականացվում է մեզ հայտնի ՙհանուն ազատության եւ ժողովրդավարության՚ կարգախոսերի ներքո: Քաղաքագետները վաղուց են նաև ՙգաղտնազերծել՚, որ գլոբալացման գործընթացը ծառայեցվում է ՙանհնազանդ՚ երկրների ազգային անվտանգությունը խարխլելուն, տնտեսական շրջափակումներ կազմակերպելուն, մարդկանց հոգեբանական ՙմշակումների՚ ենթարկելուն, և վերջապես, Արևմուտքի կողմից ուղղորդվող ՙհինգերորդ շարասյան՚՝ գլոբալիստ կատարածուների ստեծմանը:
Արևմուտքի կարգախոսն է՝ ո՜չ ազգային, կրոնական, մարդկային ու ավանդական արժեքներին, կարգախոս, որ կյանքի է կոչվում լիբերալ գաղափարախոսությունը զենք դարձրած: Ի՞նչ է սա, եթե ոչ աշխարհի ժողովուրդներին, նրանց ինքնությանն ու պետական ինքնիշխանությանն ուղղված լրջագույն մարտահրավեր: Եվ ուրեմն, ո՞րն է ուղին ազգային տեսակդ, հավատքդ ու ավանդույթներդ, սեփական դիմագիծդ պահելու համար, ո՞՜րն է այն գաղափարախոսությունը, որն ի զորու է դիմակայել գլոբալացում կոչվող աղետին ու աշխարհում արդեն իսկ ճգնաժամ ապրող լիբերալ-դեմոկրատական համակարգին: Այս հարցերը մտահոգում են աշխարհի տարբեր ժողովուրդների, այդ թվում և մեզ՝ հայերիս: Ազգային խնդիրներով մտահոգ շրջանակները կարծես գտել են ինքնապաշտպանության ՙդեղատոմսը՚՝ այն համարելով պահպանողական գաղափարախոսությունը: Իզուր չէ, որ այսօր պահպանողականությունը մի նոր վերելք է ապրում աշխարհում:
Վայրի ազատականության մի ագրեսիվ հարձակում կա մեզ վրա, որից ազատվելու ուղին պահպանողական գաղափարախոսությունն է, քանզի այն իր մեջ ներառելով քրիստոնեականը, ավանդականն ու ազգայինը, կարող է մեզ օգնել դիմակայելու լիբերալ գաղափարախոսությանը: Սա ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ համոզմունքն է: Ավելին, նա վստահ է, որ պահպանողական գաղափարախոսությունը հայերիս նախ հնարավորություն կտա հաղթահարել այն դժվարությունները, որոնց առջեւ կանգնած ենք այսօր, նաև թույլ կտա չմեկուսանալ աշխարհից ու ներգրավվել այն մեծ շարժման մեջ, որն ուղղված է համաշխարհայնացման դեմ:
Չնայած դրսից մեզ պարտադրվող ՙգլոբալիստական աղբի՚, մեր ժողովրդի մեծամասնությունը շարունակում է հավատարիմ մնալ իր ավանդույթներին: Սակայն կա մտահոգություն, որ Հայաստանում պահպանողական գաղափարախոսությունը երբևէ իր լիարժեք դրսևորումը չունենալով, այսօր կարող է ճիշտ չընկալվել հայ հանրության կողմից: Իրոք, մեզանում կան անտեղյակ մարդիկ, ովքեր պահպանողականություն ասելով հասկանում են հինը, ու անգամ հետադիմականը: Որքանո՞վ է մեր հասարակության համար ընկալելի պահպանողական գաղափարախոսության արժեհամակարգը։ Հայ քաղաքագիտական շրջանակները կարևորելով այն հանգամանքը, որ մեր ժողովուրդը ոչ միայն պետք է տեղեկացված լինի իր ինքնությանը սպառնացող մարտահրավերներին, այլև դրանց դիմակայման ձևերին, համոզված են, որ համապատասխան քարոզչության դեպքում պահպանողական գաղափարախոսությունը լիովին ընկալելի կդառնա մեր հասարակության տարբեր շերտերի կողմից:
Եվ ուրեմն, ի՞նչ ասել է պահպանողականություն: Քաղաքական գիտությունների դոկտոր ՄԱՐԻԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նախ ընդգծեց հետևյալ կարևոր հանգամանքը. պահպանողականությունը լինելով ավանդականության վերականգնման կողմնակից` այդ գործընթացի միջանկյալ ինստիտուտներ է համարում ընտանիքը« համայնքն ու եկեղեցին: Խոսելով ազատականների ու պահպանողականների գաղափարախոսական տարբերությունից, մասնավորաբար, առանձնացրեց պետության հանդեպ նրանց վերաբերմունքը: Ի տարբերություն լիբերալների պահպանողականների համար պետությունը օրենքի եւ բարոյականության պաշտպանն է, առանց ուժեղ պետության հասարակությունը կարող է հայտնվել անարխիայի գրկում:
Աշխարհում ընդունված գաղափարախոսական ուղղություններից այսօր հայերիս համար առավել ընդունելին ՀՀԿ նախագահի տեղակալ ՄՈՒՇԵՂ ԼԱԼԱՅԱՆԸ ևս համարում է դասական պահպանողականությունը: Մեզ հետ զրույցում նախ հակադարձեց ՙհետադիմություն՚ թյուրըմբռմանը.ՙՊահպանողականությունը ո՜չ թե առհասարակ հնի, այլ` հավերժի հաստատումն է, ո՜չ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն է, ա՜յն արժեքավորի, որ ստեղծվել է անցյալում և ստեղծվելու է ապագայում: Այս առումով, պահպանողականությունը ո՜չ միայն անցյալապաշտություն չէ, այլև` ապագայատենչ է, քանզի հավատում է պատմության անխզելիությանը, ժամանակների կապին, դրանով իսկ հավիտենական արժեքների անդադար արարմանը՚: Ըստ Լալայանի, ընդհանրապես, մեր հասարակությունը և՜ պահպանողական է, և՜ անընդհատ նորին ձգտող, հետամուտ է թե՜ իր բուն արժեքների պահպանմանը, թե՜ հետ չի մնում արդիականացումից և նորի յուրացումից:
Պահպանողական արժեհամակարգում Լալայանն առանձնացնում է հետևյալ հիմնական հասկացությունները: Ավանդական ընտանիքը. պահպանողականները բացասական վերաբերմունք ունեն պաշտոնապես չգրանցված զույգերի, միասեռական զույգերի, մանավանդ վերջիններիս պաշտոնապես գրանցելու և երեխաներ որդեգրելու իրավունքի նկատմամբ: Պահպանողականությունն ընդունում և արժևորում է միայն ՙդասական՚ ընտանիքը:
Մյուսը՝ կրոնական կյանքն է. պահպանողականներն ընդունում են տվյալ հասարակության մեջ ավանդավորված կրոնական կյանքի նորմերը և սովորույթները: Նրանք բացասական վերաբերմունք ունեն տարբեր տեսակի աղանդների նկատմամբ: Եվ վերջապես, պահպանողականը բարոյական նորմերի հաստատուն համակարգի կրողն է, ինչից շեղումը խախտում է աշխարհի ներդաշնակ կարգը:
Նախանձախնդիր լինելով ավանդական (ազգային, կրոնական) արժեքների հանդեպ, պահպանողականները հաճախ են մեղադրում ազատականներին ու սոցիալ-դեմոկրատներին արտաքին աշխարհի նկատմամբ չափից ավելի բաց լինելու, որոշ առումով` կոսմոպոլիտիզմի դիրքերից հանդես գալու մեջ, ինչը հանգեցնում է ավանդական արժեքների կորստին, նյութապաշտության ազդեցության աճին: Խոսելով մարդու իրավունքների մասին, Լալայանը նկատում է, թե ըստ պահպանողականների« մարդու իրավունքները իմաստավորված ու երաշխավորված են միայն կազմակերպված հասարակության շրջանակներում: ՙՍա եւս տարբերվում է լիբերալների մոտեցումներից, որոնք գրեթե բացարձակացնում են մարդու իրավունքներն ու ազատությունները, այն հաճախ հակադրելով հանրույթի շահերին՚:
Այս և այլ կարևոր առանձնահատկություններ հաշվի առնելով Մուշեղ Լալայանը վստահ է, որ ՙպահպանողականությունը գաղափարախոսական հուսալի զենք է ինչպես մեր հոգեւոր-մշակութային ինքնատիպությունը պահպանելու, այնպես էլ` համաշխարհային զարգացումներից հետ չմնալու առումով՚:
Այս ամենից հետևությունը մեկն է, քանի դեռ մեր քաղաքական դաշտը կշարունակի անգաղափար դեգերել ու մնալ մեր քրիստոնեական, ազգային ու ավանդական արժեհամակարգից դուրս, կամա թե ակամա կշարունակի դառնալ կցորդը օտար, մեզ համար ամենևին ոչ նպաստավոր համակարգերի ու գաղափարների: Այս մասին է պետք մտածել:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












