Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Հունվար 28, 2014թ. 10:54

banakԱյսօր հայոց բանակի տոնն է, ինչի առթիվ սրտանց շնորհավորում ենք մեր սպաներին ու զինվորներին:
Բանակը մեր պետության ամենակայացած ու, անկասկած, ամենակարեւոր կառույցն է: Այո, ամենակայացածն է, բարելավման ու լուծման կարիք ունեցող իր խնդիրներով հանդերձ: Բանակն է, որ գործնականում ապահովում է հայկական զույգ պետությունների անվտանգությունը: Բանակ, որ չնայած արդեն 20 տարվա «հրադադարի ռեժիմին», գտնվում է շարունակական պատերազմի պայմաններում, այդ պայմաններում կատարելագործվում, անընդհատ բարձրացնելով մարտունակությունն ու պատրաստվածության մակարդակը:
Եվ դրանում համոզվեցինք բառացիորեն օրերս՝ ադրբեջանցիների դիվերսիոն խմբի հետ կապված պատմության արդյունքում։
Անընդհատ հոխորտացող թշնամու նկատմամբ փաստացի գերազանցության այս վերջին վկայությունները եւս նկատի ունենալով, այս տարի հայոց բանակի տոնը յուրահատուկ շեշտադրում է ստացել: Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց ավելի ու ավելի շատ մարդիկ են գիտակցում, որ բանակը կոնկրետ մարդիկ են ամենից առաջ, որ բանակը մեր, առավելապես՝ 18-20 տարեկան տղաներն են, իմ ու քո եղբայրը, հարեւանի տղան, անծանոթ հայրենակցի եղբորորդին, հայրը, ամուսինը, քեռին:
Եվ ի՞նչն է հետաքրքիր: Եղան, ավելի ճիշտ՝ գտնվեցին մարդիկ, որ հենց այս օրերին, երեւի չկարողանալով ինչ-որ նոր բան հրահրել հայոց բանակի դեմ, վերհիշեցին երեք տարվա վաղեմության եւ բավական հայտնի դարձած, նաեւ քրեաիրավական հետեւանքներ հարուցած տեսանյութը, որտեղ պատկերված էր շարքային զինվորին նվաստացնող հրամանատարը, եւ սկսեցին այդ տեսանյութն ինտենսիվ «պտտեցնել» սոցիալական ցանցերում՝ «բանակի իրական դեմքը», «խայտառակություն», «շտապ տարածեք» ու նման այլեւայլ ախմախ, դավաճանական գրառումներով ու կոչերով:
Ըստ որում՝ տեսանյութը տարածողներից շատերը այն հրամցնում էին որպես «նորություն», այնինչ նշեցինք, որ դեպքը երեք տարի առաջ է եղել, դրա մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո քրեական գործ է հարուցվել, տվյալ հրամանատարի անձը պարզվել է, եւ նա դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել:
Ճիշտ հասկանանք խնդիրն ու միմյանց: Մեր բանակում, ինչպեսեւ ցանկացած այլ երկրի բանակում, բնականաբար կան խնդիրներ, թե՛ հրամանատար-ենթակա հարթության վրա, թե՛ ծառայակից զինվորների անձնական հարաբերությունների առումով:
Այո, մեր բանակում էլ լինում են ցավալի ու ողբերգական դեպքեր, ոչ մարտական կորուստներ: Ու ոչ ոք այդ փաստերին անդրադառնալուց չի խուսափում: Ու այնպես էլ չէ, թե այդ թերություններն ու արատավոր երեւույթները հաղթահարելու համար լուրջ ջանքեր չեն գործադրվում: Գործադրվում են: Բայց:
Տվյալ դեպքում կոնկրետ հարցն այն է, որ գտնվել են ինչ-որ անձինք, որոնք հրաշալի իմանալով թե՛ այդ տեսանյութի հետ կապված մանրամասները, թե՛ այն վերաշրջանառելու հետեւանքները, միտումնավոր, հենց այս օրերին ակտիվացրել են հայոց բանակի դեմ իրենց հակաքարոզչական, սադրիչ գործունեությունը: Դա այլ բան, քան թշնամություն եւ սրիկայություն, դժվար է բնորոշել: Ու նման վարքը, կարծում ենք, չպետք է անհետեւանք մնա:
Այս «դիվերսիան» էլ, իհարկե, անպատասխան չմնաց, սակայն այստեղ ամեն ինչ մի փոքր ավելի դժվար է, քան կոնկրետ մարտի ժամանակ: Մարտադաշտում գիտես. դիմացդ թշնամի է, պետք է նրան ոչնչացնել՝ գերազանցելով արագությամբ, դիպուկությամբ, հնարամտությամբ, մարտական ոգով ու վճռականությամբ:
Սակայն պատերազմում՝ ինչպես պատերազմում: Սա էլ պատերազմ է: Եվ այս՝ հաճախ աներեւույթ ճակատում էլ հնարավոր է ու անհրաժեշտ է դիմակայել երբեմն բարեկամական դիմակի տակ թաքնվող թշնամուն:
Առհասարակ, տեղեկատվական անվտանգության առումով, չնայած գործադրվող ջանքերին, այս առումով դեռ շատ անելիք կա:
Վերցնենք այլ, միանգամայն թարմ օրինակ, անցյալ շաբաթվա ընթացքում սահմանագոտում լարվածության ուժգնացման հետ կապված: Ինչպես հայտնի է, ձախողված դիվերսիոն գործողություններից հետո թշնամին սկսեց ավելի ու ավելի հաճախ խախտել հրադադարի ռեժիմը: Նամարդ հակառակորդը կրակահերթեր արձակեց նաեւ Տավուշի մարզի՝ սահմանին ամենամոտ մի քանի գյուղերի ուղղությամբ: Այգեպարում 16-ամյա աղջիկ վիրավորվեց:
Եվ ահա, այդ իրավիճակում, լրատվական կայքերից մեկը, գնդակոծվող, ավելի ճիշտ՝ գնդակոծվողին հարեւան գյուղի «մի բնակչի» հետ հեռախոսազրույցի հիման վրա, արագորեն տեղեկատվություն է տարածում, թե գյուղում իբր խուճապահար վիճակ է, մարդիկ պատրաստվում են փախչել եւ այլն:
Եթե անգամ նշված բնակավայրում նման իրավիճակ լիներ, ինչն իհարկե այդպես չէր ու հերքվեց, բայց, կրկնեմ, եթե անգամ այդպես լիներ, միեւնույն է, չէր կարելի ու չի՛ կարելի դա հրապարակել, առանց լրացուցիչ ճշտելու, այլ պաշտոնական աղբյուրներից պարզաբանում ստանալու: Ի վերջո, այդ գյուղում այդ «մի բնակիչը» չէր, կարելի էր նաեւ այլ «մի բնակիչների» զանգահարել, եթե միայն բնակիչների ասածների հիման վրա լուր գրելու նպատակ կար:
Զավեշտալի մի բան կատարվեց հենց տողերիս հեղինակի հետ:
Մի քանի օր առաջ լրահոսում սկսեցին արագորեն լուրեր շրջանառվել, թե ադրբեջանական կողմը ռազմական օդուժն է արդեն գործի դրել:
Եվ ահա, այդ նույն օրվա երեկոյան, նախ, ցանկանալով «ցրել» նշված լուրերի թողած տպավորությունը, փոքր-ինչ ծաղրական հնչերանգով, նաեւ ակնարկելով, թե ինչ կարող է լինել ադրբեջանական օդանավերի հետ, եթե խախտեն սահմանը, իմ ֆեյսբուքյան «պատին» գրառում արեցի, թե երբ հայ դիրքապահները փորձել են լուսանկարել ադրբեջանական օդանավը, այդ օդանավը (օդաչուն չէ, օդանավը) խուճապի է մատնվել, դիմել փախուստի եւ պայթել հետեւակային ականի վրա:
Համացանցից նաեւ «վերցրել» էի ջախջախված մի օդանավի լուսանկար ու դրա պոչին ադրբեջանական օդուժի տարբերանշանը «հարմարեցրել»: Հատուկ այնպես էի արել, որ հստակ երեւա՝ սա «ֆոտոշոփով» արված մոնտաժ է: Դե, տեքստի մասին էլ չխոսեմ՝ ականապատ դաշտում խուճապահար «վազող» օդանավ…
Եվ ի՞նչ: «Ֆեյսբուքյան» գրառումները լրահոսի վերածող կայքերից մեկը «տարել» էր իմ հորինած այդ «լուրը»: Ու… խրատաբանների, ամոթանք տվողների, նաեւ հայհոյախառը վրա տվողների մի ամբողջ վաշտ հանճարեղագույն «մեկնաբանություններ» էր արել, որոնց շարքում ամենից անմեղը «կատակելու ժամանակ եք գտել», «անհաջող կատակ է» արտահայտություններն էին:
Ինչ վերաբերում է ինձ, ապա ամենից շատ զարմացած էի ոչ այն բանից, որ այդ «լուրն» ու «լուսանկարը» դիտած շուրջ 20 հազար մարդկանց մեջ հումորի զգացում չունեցող մի քանի տասնյակ մարդիկ են եղել, որոնք պարտավորված են զգացել իրենց հեղինակավոր կարծիքը հայտնել: Պատահում է: Ամենից շատ զարմացած էի, որ ադրբեջանական օդանավը հետեւակային ականի վրա «պայթեցնելուց» վրդովվողներ էին գտնվել:
Ափսոս, երեւի պետք էր ավելի լուրջ «լուր» հորինել, ավելի հաջող ֆոտոմոնտաժ անել ու հետեւել, թե ադրբեջանական քարոզչությունն ու դրա հայկական ձայնակիցներն ինչպես են «վիզ դրած» փորձելու հերքել այն: Ի վերջո, պատերազմում՝ ինչպես պատերազմում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
<Հայոց Աշխարհ>


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն